Փոխարժեքներ
18 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Երեկ՝ հունիսի 16-ին, Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի (UCLA) «Խոստում» (Promise) հայկական ուսումնասիրությունների կենտրոնի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ծրագրի շրջանակներում տեղի ունեցած աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է մի նոր նախագիծ, որը նախաձեռնել են Հայոց ցեղասպանության մասին իրենց բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններով հայտնի թուրք գիտնականներ Թաներ Աքչամը և Սաիթ Չեթինօղլուն։
www.akunq.net – ի փոխանցմամբ, այդ նոր ծրագրի միջոցով «Խոստում» հայկական ուսումնասիրությունների կենտրոնը ներկայացնում է նոր հետազոտություն, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության ընթացքում և հետագա տասնամյակներին հայոց լքյալ գույքերի կողոպտման մեխանիզմներին, որ կիրառել են Թուրքիայի Հանրապետության պետական գործիչները։
Նախագիծը ներառում է 1920-ական և 1930-ական թվականներին Թուրքիայի պետության կողմից աճուրդի հանված 34 քաղաքների հայկական գույքերի մասին հայտարարությունները, որոնք հրապարակվել էին ժամանակաշրջանի թուրքական թերթերում։ Այդ պարբերականները տարիներ շարունակ ուսումնասիրել է անկախ ուսումնասիրող Սաիթ Չեթինօղլուն, ով հայտնաբերել է այդ բոլոր հայտարարությունները։
www.akunq.net – ը ստորև թուրքերենից թարգմանաբար ներկայացնում է երեկվա աշխատաժողովում ելույթ ունեցած Թաներ Աքչամի և Սաիթ Չեթինօղլուի խոսքերը․
Թաներ Աքչամի ելույթը
«Սույն ուսումնասիրության նպատակը հետևելն է Թուրքիայի Հանրապետության մամուլում պահպանված այն հետքերին, որոնք վերաբերում են Օսմանյան պետության կողմից աքսորված և սպանված հայերի բռնազավթված և կողոպտված ունեցվածքին, որը կոչվում է «Լքյալ գույք»։ 1920-ական և 1930-ական թվականներին բազմաթիվ քաղաքներում և ավաններում (քաղաքացիական բնակչության կողմից յուրացված չլինելու դեպքում) պետության հսկողության տակ անցած լքյալ գույքերը բաց աճուրդի միջոցով վաճառքի են հանվել տարբեր պետական հաստատությունների կողմից, և վաճառքի մասին հայտարարությունները հրապարակվել են այդ ժամանակաշրջանի պարբերականներում։ Մեր այս աշխատության միջոցով այդ հայտարարությունների մի հարուստ կոլեկցիա ենք ներկայացնում ուսումնասիրողներին։
Ամեն մի ցեղասպանություն ենթադրում է ոչ միայն զանգվածային բնաջնջում, այլ նաև՝ զանգվածային կողոպուտ։ 1915 թ․ Հայոց ցեղասպանության ամենաէական չափորոշիչը հայկական մշակութային և նյութական հարստության թալանն է։ Այդ հսկայական կողոպուտը պետության կողմից կազմակերպվել է աքսորին և բնաջնջմանը զուգահեռ, իսկ բնակչության մի լայն զանգված կամավոր կերպով մասնակցել է այդ թալանին։
Թեև հայերին տեղահանելու պաշտոնական հրամանը կայացվել է 1915 թ․ մայիսի 27-ին, սակայն որոշ շրջաններում այն սկսել է ավելի վաղ կիրառվել։ Հայերի մշակութային և նյութական ունեցվածքի կողոպուտն էլ անմիջապես հետևել է այդ հրամանին։ Նախ և առաջ 1915 թ․ մայիսի 31-ին մի որոշում է կայացվել Նախարարների խորհրդի կողմից, իսկ հետագայում՝ 1915 թ․ հունիսի 10-ին, հրապարակվել է 34 հոդվածից բաղկացած մի վճիռ։ Այդ որոշմամբ ու վճռով օրենքների միջոցով կարգավորվել է, թե ինչպես պետք է բռնագրավել հայերի ունեցվածքը։ Ամբողջ ամռան ընթացքում զանազան նահանգներ հատուկ շրջաբերականներ ուղարկվելուց հետո, ի վերջո 1915 թ․ հուլիսի 26-ին սույն հարցի վերաբերյալ մի հատուկ օրենք է հրապարակվել, իսկ 1915 թ․ նոյեմբերի 8-ին վճիռ է կայացվել, թե ինչպես պետք է այդ օրենքը կիրառվի։
Այդ բոլոր օրենքների և վճիռների համաձայն՝ հայերին պատկանող բոլոր անշարժ ու շարժական գույքերն արձանագրվելու էին նորաստեղծ հատուկ հանձնաժողովների միջոցով, և ունեցվածքի արժեքին համապատասխան չափով գումար էր հատկացվելու հայերին՝ նրանց նոր բնակավայրերում։
Բնականաբար, տեղահանության նպատակը հայերին նոր բնակավայրերում հաստատելը և նրանց ունեցվածքը փոխհատուցելը չէր։ Հայերի մեծ մասը չկարողացավ անգամ հասնել իր աքսորավայրին (Սիրիա)։ Նրանք սպանվեցին ճանապարհներին, իսկ ողջ մնացածներն ու Սիրիա հասածներն էլ նոր կոտորածների զոհը դարձան։ Ի վերջո, ողջ մնալ հաջողած անձանց, իհարկե, որևէ կերպ չվճարեցին նրանց թողած գույքի դիմաց։ 1918 թ․ փետրվարին Արդարադատության, Ֆինանսների և Ներքին գործերի նախարարությունների կողմից հիմնված համատեղ հանձնողովը մի զեկույց է պատրաստել այդ հարցի վերաբերյալ։ Ըստ զեկույցի՝ մեկ հայի իսկ որևէ վճարում չի արվել՝ որպես իր ունեցվածքի փոխհատուցում։ Այսինքն՝ Օսմանյան պետությունն ամենամեծ կողոպտիչն էր, որը բռնազավթել էր հայերի գույքերը։ Պետությունը այդ ունեցվածքը և/կամ դրանց վաճառքից գոյացած եկամուտը օգտագործել է տարբեր նպատակներով, որոնցից մեկն էլ այդ գույքերը զանազան պետական հաստատությունների հատկացնելն էր։
Օսմանյան պետության 1922 թ․ անկումից հետո նրա փոխարեն հիմնված Թուրքիայի Հանրապետության պետությունը դարձավ հայկական ունեցվածքի ամենամեծ մասի տերը, բայց նոր պետությունը մի շարք նյութական խնդիրներ ուներ։ Եւ 1923 թ․ զանազան պետական հաստատություններ սկսեցին իրենց տրամադրության տակ գտնվող հայկական գույքերը վաճառել աճուրդի միջոցով։ Պաշտոնական վաճառքի մասին հայտարարությունները կանոնավոր կերպով հրապարակվում էին ժամանակաշրջանի տեղական թերթերում։
Մեր նախագծի նպատակը այդ հայտարարությունները ժողովելն է։ Սակայն դա բավականին դժվարին գործ էր, որովհետև բարդ էր ձեռք բերել Թուրքիայի հիմնադրման տարիներին հրապարակված այդ տեղական պարբերականները։ Դրանք չէին ենթարկվել համակարգված արխիվացման։ Եւ ո՛չ տեղական, ո՛չ էլ կենտրոնական մակարդակով այդ պարբերականների կոլեկցիաները ներկայացնող գրադարաններ չկան։ Մենք այս աշխատանքով մեկտեղել ենք այն հայտարարությունները, որ կարողացել ենք գտնել թերթերում։
Մի ընդհանուր նախաբան ենք գրել, որպեսզի ընթերցողների համար պարզ դառնա, թե ինչ վերին աստիճանի սոփեստական իրավական համակարգով են դրանք կողոպտվել։ Ունեցվածքի վաճառքին վերաբերող աճուրդի մասին հայտարարությունները հավաքել են՝ ըստ քաղաքների։ Մեր կարգավորած արխիվում կարող եք տեղեկություններ գտնել ընդհանուր 34 քաղաքի մասին։ Յուրաքանչյուր քաղաքին վերաբերող բոլոր հայտարարությունները ի մի ենք բերել առանձին Word փաստաթղթերում։ Այդկերպ դյուրացրել ենք ուսումնասիրողների գործը։ Բոլոր տեքստերն առկա են թուրքերեն և անգլերեն լեզուներով։
Գիտակցում ենք, որ ուսումնասիրության մեջ բազմաթիվ բացեր կան, որոնք պայմանավորված են հետևյալ հանգամանքներով․ պարբերականների մեծ մասն այլևս չի հրատարակվում, համակարգված արխիվներ չկան, և/կամ օրաթերթերի բոլոր համարներն անհնար է գտնել մեկ գրադարանում կամ արխիվում։ Եթե այս արխիվից օգտվողները հանդիպել են այնպիսի հայտարարությունների, որոնք մենք չենք հրապարակել, ուրախ կլինենք, եթե դրանք մեզ էլ տրամադրեն։
Նախագծի մասնակիցները
Թերթերում հրապարակված հայտարարությունները հավաքել և էլեկտրոնային հարթակ է մտցրել Սաիթ Չեթինօղլուն։ Թուրքերեն տեքստերը անգլերեն են թարգմանել Աթիլլա Թույգանն ու Նանոր Հարթունյանը։ Նախագծի ընդհանուր առաջաբանի հեղինակներն են Սաիթ Չեթինօղլուն և Թաներ Աքչամը։ Չեթինօղլուն նաև հեղինակել է ամեն մի քաղաքի նվիրված ներածական խոսքերը»։
Սաիթ Չեթինօղլուի ելույթը
«Բարի օր,
Թանկագին մասնակիցներ, բարի գալուստ մեր հարթակ, որտեղ քննարկելու ենք մեր տարածաշրջանի ամենամեծ բարոյական, սոցիալական, տնտեսական և իրավական փոխակերպման հետքերը։
Սույն ուսումնասիրությունը նախնական բնույթ ունի, որը խորհրդանշական կերպով ներկայացնում է հայերի բռնազավթված ունեցվածքի մի փոքրիկ մասը միայն։ Սա թեմայի վերաբերյալ փոքր, սակայն կարևոր և լավ սկիզբ է։ Սահմանափակ միջավայրում և դժվարություններով ենք կատարել այս աշխատանքը, որի բնույթը աճուրդի հանված գույքի մասին հայտարարություններ հավաքելն էր։ Դժվարությամբ ենք թույլտվություն ստացել զանազան արխիվներում աշխատելու հնարավորության համար։ Երբեմն պատահել է, որ մեր ուսումնասիրության ընթացքում արխիվում աշխատելու թույլտվությունը չեղյալ անեն, մեր աշխատանքն արգելեն, և մեր պահանջած որոշ փաստաթղթեր էլ արխիվից հեռացնեն։ Մեր ընդհանուր առաջաբանում կհանդիպեք նման փաստաթղթի։
Բայց և այնպես, կարծում ենք, որ սույն աշխատանքը, չնայած բոլոր թերություններին, առավել համակողմանի է ներկայացնում հայերին։ Եթե հասցեները, թաղամասերի և փողոցների անվանումները, դռան համարները չփոխվեին, սույն աշխատանքի հետ ծանոթացած անձը զարմանքով կբացահայտեր, որ կա՛մ իր բնակած տունը, կա՛մ հարևանի տունը, կա՛մ էլ իր վարած արտն ու այն այգին, որտեղ հաճախ սիրում է զբոսնել, բռնազավթված է մի հայից․ կողոպտված գույք է։
Մենք այս ուսումնասիրության մեջ ներկայացրել ենք այդ կողոպուտի մեխանիզմի մի փոքր հատվածը միայն և ցանկագրել հայերից բռնազավթված ունեցվածքը։ Գրանցամատյաններում արձանագրված է, թե ովքեր են բռնազավթել դրանք, կամ ում են դրանք նվիրաբերվել, սակայն այդ գրանցումները հայտարարվել են ազգային անվտանգության խնդիր, և արգելվել է դրանց հետ ծանոթանալը։ Եթե կարողանայինք այդ գրանցումները փաստաթղթավորել, ապա ավելի բացահայտ ձևով կտեսնեինք այդ փոխակերպումը։
Սույն աշխատանքը չի ընդգրկում այնպիսի հարստություններ, ինչպիսիք են շարժական գույք կոչվող բաժնետոմսերը և խնայողական հաշիվները։ Դրանց մեծ մասը գաղտնի է պահվում Օսմանյան բանկի արխիվներում։ Ցավով պետք է արձանագրել, որ այդ բանկի արխիվները, գրանցամատյանների նման, փակ են ուսումնասիրողների առաջ, չնայած թվայնացված լինելուն։
Ես նույնպես ցանկանում եմ այս ուսումնասիրության մեջ ներդրում ունեցած բոլոր անձանց շնորհակալություն հայտնել։ Հուսով եմ, որ դուք արդյունավետ քննարկում կունենաք։ Սա համարենք գեղեցիկ սկիզբ՝ մութ անցյալը լուսավորելու առումով»։
Արխիվը հասանելի է հետևյալ հասցեով՝ https://www.international.ucla.edu/armenia/stolenarmenianproperties
Մելինե Անումյան