կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-06 17:05
Հասարակություն

Գումարներն ի՞նչ ձևով են բաշխվում մարզերի և մայրաքաղաքի գրադարանների միջև. Արմենուհի Կյուրեղյան

Գումարներն ի՞նչ ձևով են բաշխվում մարզերի և մայրաքաղաքի գրադարանների միջև. Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, դիմելով մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ասաց, որ, նախորդ տարվա համեմատ, շուրջ 130 մլն դրամով նվազել են գրադարաններին տրվող հատկացումները:

«Հատկացումները նախատեսված են եղել 15 գրադարանի համար, որոնցից 10-ը մարզերինն են: Գրադարանների խնդիր կա ոչ միայն մարզկենտրոններում, այլև հեռավոր փոքր քաղաքներւմ և գավառներում, որտեղ ուսանողները մեծ խնդրի առաջ են կանգնում: Կխնդրեի ձեր ուշադրությունը հրավիրեիք այս հարցին, ինչո՞վ է պայմանավորված այս կրճատումը»,- հարցրեց պատգամավորը:

Նախարարը պատասխանեց, որ իրենց ոլորտում, ընդհանուր առմամբ, 5,86%-ի կրճատում է եղել: «Ցավով եմ արձանագրում, բայց դա է փաստը»,- ասաց նա, ապա համաձայնեց պատգամավորի հետ, որ համայնքային գրադարանները կարևոր են:

Ըստ Ամիրյանի` իրենց ենթակայության տակ են միայն մարզային գրադարանները: «Համայնքային գրադարանների հետ մշակույթի նախարարը կապ չունի` կառավարման առումով, բայց գրականություն տրամադրելու հետ մենք անմիջական կապ ունենք»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ գործարկել «գրաբուսների» ծրագիրը: «Այս տարի առաջին գրաբուսը Երևանում և մարզերում սկսեց շրջել: Այն մատուցելու է և' գրավաճառի, և' գրադարանի ծառայություն: Գրավաճառ լինելու դեպքում մենք 30% ֆինանսավորելու ենք, որպեսզի մարզերում և համայնքներում 30 տոկոս պակաս վճարվի»,- հայտնեց նա` հավելելով, որ նախատեսում են տասը մարզերում էլ ունենալ գրաբուսներ:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ հետաքրքրվեց` ի՞նչ է արվում, որպեսզի հետաքրքրություն առաջանա գրադարանների նկատմամբ: Բացի այդ` պատգամավորը հարցրեց` գրադարաններին տրամադրվող գումարներն ի՞նչ ձևով են բաշխվում մարզերի և մայրաքաղաքի գրադարանների միջև:

Նախարարի խոսքով` նախարարության բյուջեով նախատեսված գումարները վերաբերում են մարզային գրադարաններին և Երևանի մի քանի գրադարանների, սակայն այս պահին հստակ թվեր չկան: Ամիրյանն ասաց, որ փորձում են մարզային գրադարանների օրինակով համայնքային գրադարաններում էլ մտավոր ժամանցի կենտրոններ ստեղծել, որ գրքի հետ հաղորդակցվելն առավել հետաքրքիր լինի:

«Կարծում եմ, որ այս մոդելը հետաքրքիր կդառնա նաև համայնքային ղեկավարների համար, և, կիրառելով այս մոդելը, համայնքային գրադարանների հարցը կարելի է համարել լուծված»,- եզրափակեց նախարարը: