կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-01 09:51
Հասարակություն

Պետք է գնալ գիտելիքի հետևից. վարչապետը Սևանի 3-րդ դպրոցում էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, ժամանել էր Սևան քաղաքի թիվ 3 դպրոց։ 

«Այսօր նոր Հայաստանի սեպտեմբերի 1-ն է, և այս փոքրիկները նոր Հայաստանի առաջին առաջին դասարանցիներն են»,- իր ելույթում նշեց վարչապետը: 

Փաշինյանը նշեց, որ ի այս նոր իրավիճակում ամենակարևոր արձանագրումն այն է, որ նոր Հայաստանում կարևորը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը: «Այսինքն ամեն աշակերտ ու ամեն ծնող պետք է ոչ թե գնահատականի հետևից գնա, այլ գիտելիքի: Նոր Հայաստանում կարևոր է լինելու ոչ թե այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունը, ընդունակությունների զարգացումը»,- նշեց վարչապետը:

Նա նաև կատակեց. «Այսօր այս դպրոց է այցելում 111 առաջին դասարանցի: Այսինքն 5 հատ 1 եղավ, երեխեք, գոլդ համար եք բռնել»:

Նրա խոսքով` նոր Հայաստանում դպրոցն ու ուսուցիչը ոչ թե իրենց առջև պետք է խնդիր դնեն, որ երեխային ինչ-որ տվյալներ փոխանցեն, նոր Հայաստանում դպրոցը երեխային պետք է պատրաստի թռիչքի:  «Որովհետև մենք բոլորս, մեր երկիրը, մեր ժողովրդին պետք է պատրասստենք թռիչքի: Այո, մենք բոլորս պետք է կարողանանք թռչել, հասնել շատ բարձր նպատակների, շատ բարձր արդյունքների: Նոր Հայաստանում ուսումնական պրոցեսը ոչ թե տառապանք պետք է լինի, այլ հաճույք: Դրա համար պետք է համախմբենք մեր ուժերը, ոչ միայն դպրոցը, ուսուցիչները, ծնողները, քաղաքական ուժերը, այլև ողջ հանրությունը, ժողովուրդը, պետությունն ու կառավարությունը:

Նոր Հայաստանում սեպտեմբերի 1-ը խորհրդանշում է նոր էջ և այդ նոր էջում մենք պետք է ապրենք հաճույքով, ազատ ու երջանիկ:

Ուզում եմ հաջողություն մաղթել բոլորիս, երեխաներին հաջողություն մաղթել թռիչքի պատրաստվելու առաջին օրվա առիթով: Ուզում եմ մեզ բոլորիս հաջողություն մաղթել թռիչքի նախապատրաստվելու մեր նոր ժամանակաշրջանում: Սա իսկապես նոր Հայաստան է, նոր իրավիճակ է եւ ես բոլորիդ աչքերի մեջ տեսնում եմ այդ նորության, ապագայի նկատմամբ վստահության զգացողությունը: Այդ վստահությունը ոչ միայն չի պակասելու, այլ ավելի ու ավելի հզորանալու է: Որովհետեւ դուք մի ժողովուրդ եք, որ հաղթել է եւ սրանից հետո չի պարտվելու»,- եզրափակեց նա:


Մանրամասները` տեսանյութում: