կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-18 08:53
Առանց Կատեգորիա

Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու դեպքում՝ տուգանք կամ ազատազրկում․ «Փաստ»

Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու դեպքում՝ տուգանք կամ ազատազրկում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել ՀՀ քրեական օրենսգրքում: Նախագիծը մշակել է գլխավոր դատախազությունը: Նշվում է, որ ներկայումս Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

Սակայն, ինչպես նշվում է նախագծում, գործնականում լինում են դեպքեր, երբ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրվել կամ բռնություն գործադրելու սպառնալիք է եղել, մինչդեռ հնարավոր չի եղել արարքը որակել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով, քանի որ նշված կարգադրիչ լիազորությունը բացակայել է: Հենց սա է պատճառը, որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել օրենսգրքում, այդ դեպքում որպես տուժող հանդես կգան ոչ միայն իշխանության ներկայացուցիչը կամ նրա մերձավոր ազգականը, այլև «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք:

Գործող կարգավորումներով «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, քրեական պատասխանատվություն նախատեսված չէ (որոշակի բացառություն է կազմում օրենսգրքի 347-րդ հոդվածը): Նախագծի ընդունման հիմնավորման մեջ ասվում է՝ հանրային կյանքում մարդկային հարաբերությունների որակի նվազումն իր ազդեցությունն է թողել նաև հանրային իշխանության նկատմամբ հարգանքի վրա, ինչի վկայությունն այն է, որ հաճախակիացել են դեպքերը (հաճախ նաև համացանցի, զանգվածային լրատվության միջոցներով), երբ հանրային ծառայության մեջ գտնվող, այդ թվում՝ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձին, վիրավորում կամ զրպարտում են:

Ընդ որում, նրան վիրավորում կամ զրպարտում են որպես հանրային ծառայության մեջ գտնվող անձի, որը կատարում է իր ծառայողական պարտականությունները: Նման պարագայում, ըստ գլխավոր դատախազության, համարժեք իրավական արձագանք է անհրաժեշտ: Ի դեպ, նախագծում զրպարտությունը դիտարկվել է որպես առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք: Սրա հետ մեկտեղ նշվում է, որ հանրային ծառայության մեջ գտնվող, առավել ևս՝ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձը վիրավորանքի կամ զրպարտության երևույթների նպատմամբ առավել հանդուրժող պետք է լինի, քաղաքացիական հասարակությունը կարող է քննադատաբար արտահայտվել նրանց նկատմամբ, առավել ևս, երբ խոսքը գնահատողական դատողության մասին է:

Այսպիսով՝ ի՞նչ է առաջարկվում նախագծով. 1. Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասը փոխել և շարադրել նոր խմբագրությամբ՝ նախատեսելով, որ քրեական օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով, իսկ 316-րդ հոդվածում իշխանության ներկայացուցիչ է համարվում նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը: 2. Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 317 հոդվածով, որի 1-ին մասով նախատեսվում է սահմանել, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Միաժամանակ, նախագծի նշյալ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է սահմանել, որ այդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ԶԼՄ-ով կամ հրապարակային այլ եղանակով, կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում