Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից, ըստ իրականացնողների՝ թավշյա հեղափոխությունից 100 օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց կառավարության 100-օրյա գործունեությունը, եթե դա, առհասարակ, կարելի է ամփոփում համարել. վարչապետը կառավարության գործունեությունն ամփոփեց ոչ թե լրագրողների հետ հանդիպման միջոցով, այլ նախընտրեց հանրահավաք անել, իսկ հարթակում ոչ թե ամբողջ կառավարությունն էր, այլ միայն ՔՊ-ականները: Թե ինչո՞ւ Փաշինյանն ընտրեց հենց հանրահավաքի տարբերակը և ինչ-որ տեղ խուսափեց լրագրողների հարցերից, կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով, որոնցից թերևս ամենատրամաբանականը, ստուգողական թեստն էր, բացի այդ` 100 օր Փաշինյանի վարկանիշի նվազման միտումն էր, թեև փոքր, բայց` ակնհայտ փաստ:
Այսպես` Փաշինյանը հանրահավաք-ամփոփումով հետ բերեց կորցրածը: Հրապարակում հավաքված ժողովուրդը ծափահարություններով ու ցնծությամբ ընդունեց վարչապետի հնչեցրած ցանկացած միտք, ու այս տրամադրվածությունը, կարող ենք ասել, առնվազն 100 օր կպահպանվի: Մյուս կարևոր խնդիրը, որ լուծեց վարչապետը, իրեն քննադատողներին կամ, ինչպես սիրում են ասել վարչապետն ու նրա կողմնակիցները, «հակահեղափոխականներին» զգուշացնելն էր ու սպառնալը: Զգուշացնելն ու սպառնալը, որ ներում չի լինելու, և այն մտքերի համար, որոնք կհնչեցվեն ու դուր չեն գա վարչապետին, այդպիսի մարդկանցով կզբաղվի ԱԱԾ-ն: «Ես խորհուրդ եմ տալիս բոլորին` խոսելուց առաջ մտածել, հետո էլ ասում են` մեր խոսքի ազատությունը սահմանափակում եք: Դուք դեռ պետք է խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք»,- ասել էր վարչապետը:
Ինչպես հայտնի է՝ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո տարված է Մարտի 1-ի գործի բացահայտմանը նոր ընթացք տալով: Այս համատեքստում թերևս տարօրինակ էր Փաշինյանի հայտարարությունը, թե Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Հանրությունը տեղյակ չէ, թե ինչ ծավալով է գործը բացահայտված. արդյո՞ք 10 զոհերի սպանության պատճառները, սպանողներն ու սպանության հրահանգ տվողները և զինողները պարզված ու բացահայտված են, հայտնի չէ: Հավանաբար, վարչապետը դիմեց սովորական մանիպուլացիայի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նկատի ուներ: Ի դեպ, նա պարզ հայտարարեց, որ Քոչարյանն անպայման նստելու է: Եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը նստի, ինչպես վարչապետը հայտարարեց, արդյո՞ք դա բավական կլինի, որ Մարտի 1-ի գործը բացահայտված համարենք:
Ինչևէ, հրապարակում հավաքվածներն անվերապահորեն հավատում և վստահում են վարչապետ Փաշինյանին, եթե նա ասում է` բացահայտված է, ուրեմն բացահայտված է: Բայց ո՞ւր կտանի մեզ կիսաաստված առաջնորդի կույր երկրպագությունը: Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ կուռք է, գրեթե աստված, ու բնավ պատահական չէ, որ հայտարարում է՝ իշխանափոխություն անողն էլ եք դուք, երկիրը, տնտեսությունը զարգացնողն էլ եք դուք՝ ժողովուրդը, ամեն ինչ չէ, որ երկրի ղեկավարից, ընդդիմության առաջնորդից է կախված: Իհարկե, ընկնող վարկանիշդ կարող ես բարձրացնել` ամեն 100 օրը մեկ հանրահավաք անելով, բայց դա երկար ժամանակ ձեռքիդ հաղթաթուղթ չի կարող լինել: Մարդիկ իրենց կիսաաստված առաջնորդից հրաշքներ են սպասում, եթե չլինեն հրաշքներ, ձախողումը մոտ է:
Վարչապետի հնչեցրած ամենավտանգավոր և մտահոգության առիթ հանդիսացող հայտարարությունը նախորդ բոլոր իշխանություններին հրապարակավ նսեմացնելն էր: Իրականում դրանով վարչապետը նախկին իշխանություններին չէ, որ նսեմացրեց, այլ մեր երկրի 29 տարվա պատմությունը: «Ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե` եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ, բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա հիմա գիտեմ փատաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին, թե ով ինչ է խոսել: Այ երկիր թալանածներ, այ բանակ թալանածներ, այ զինվորին թալանածներ, այ սերմացու գողացող մկներ…»,- հայտարարեց Փաշինյանը:
Նկատենք մի շատ պարզ հանգամանք. այո, Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները զիջումների միջոցով հարցի վերջնական կարգավորմանը հասնելն է: Իսկ ի՞նչ է, սա նորությո՞ւն է, որ վարչապետը հայտարարում է` գիտեմ, թե ինչ եք խոսել, երկիր թալանածնե'ր…
Բանակցային գործընթացների մասին քաջատեղյակ ենք: Ծանոթ ենք թե' մեր, թե' հակառակորդ կողմի հայտարարություններին, ինչպես նաև քաջածանոթ ենք նախկին նախագահների՝ տարբեր միջազգային ատյաններում Արցախի վերաբերյալ արված հայտարարություններին: Առնվազն ազնիվ չէ նսեմացնել երկրիդ նախկին ղեկավարների արած աշխատանքը, առավել ևս, երբ ինքդ ես հայտարարում, թե դու Արցախի հարցով դեռևս մի բառ չես բանակցել: Երկու կողմին էլ անհրաժեշտ է սթափվել և զերծ մնալ Արցախի հիմնախնդրի հետ կապված` միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց: Դա վտանգավոր է: Ի դեպ, նախորդ նախագահներից միայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է խոսել հողեր հանձնելուց:
Հայաստանը նախկինում ընդունված էր համարել կիսաբռնատիրական երկիր: Գործող վարչապետը բազմաթիվ քննադատություններ է հնչեցրել նախկին իշխանությունների հասցեին, ընդհուպ` «իրենց հագով Սահմանադրություն» կարելու մեջ է մեղադրել: Վարչապետ Փաշինյանի` 100 օրն ամփոփելուց հետո շատերի մոտ է մտավախություն, որ այս տեմպերով շարունակելու դեպքում հիմնահատակ կթաղվեն Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու հույսերը: Ինչո՞ւ: ՀՀ Սահմանադրությունն ասում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար հարկավոր է, որ վարչապետը հրաժարական տա, և խորհրդարանը 2 անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ: Սակայն Փաշինյանը մտադիր չէ հրաժարական տալ, քանի որ մտավախություն ունի, որ խորհրդարանն իր հրաժարականից հետո այլ վարչապետ կընտրի: Իսկ հրաժարական չտալու համար Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի:
«Ես հանրապետականներին և նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել «սատանի մայլում քյանդրբազություններ չանել» և էլի նույն խորհուրդն եմ տալիս: Մենք կանենք հետևյալը` մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Եվ ուրեմն` այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով` երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձևակերպեք ձեր կողմից որպես հստակ պահանջ»,- հայտարարեց նա:
Հավաքված ժողովուրդը, բնական է, չմերժեց իր կիսաաստված առաջնորդին: Ցանկացած նրա քայլը, նույնիսկ ակնհայտ սխալն արդարացնելը շատ վտանգավոր է, և վախճանը կբերի վարչապետ Փաշինյանի հայտնի խոսքին. «Դուք իրավիճակին չեք տիրապետում»:
Ամալյա Առաքելյան