Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց, պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից:
Ըստ այդ ուղեցույցի՝
Դպրոցներն ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների առնվազն մեկ շաբաթվա պահուստով։
Օրվա ընթացքում անձնակազմը և սովորողներն ապահովվում են անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռահար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։ Դպրոցներն ապահովվում են նաև անհատական օգտագործման ջերմաչափերով՝ ըստ անհրաժեշտության գործածման համար։
Դպրոցներում արգելվում է զանգվածային միջոցառումների իրականացումը։ Ժամանակավորապես դադարեցվում են երկարօրյա ծառայությունները, դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների գործունեությունը։
Բացառվում է դպրոցի անձնակազմի մուտքը հաստատություն առանց դիմակի։ Բացի այդ՝ դպրոցում գտնվելու ողջ ժամանակահատվածում անձակամզի անդամները պարտադիր դիմակ են կրում։ Դպրոցի մուտքի մոտ կատարվում է անձնակազմի պարտադիր ջերմաչափում, որի արդյունքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում։
Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է: Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից՝ հետևյալ սկզբունքներով.
ա. 20-ից ավել սովորող ունեցող դասարանը բաժանվում է 2 խմբի:
բ. Մինչև 20 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 54 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում:
գ. Մինչև 10 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 42 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում:
դ. Ոչ պետական կրթական հաստատությունները կարող են կիրառել դասարանների կոմպլեկտավորման և կահավորման այլ սցենարներ՝ պահպանելով հակահամաճարակային ընդհանուր կանոնները:
Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ՝ դպրոցում գտնվելու ժամանակահատվածը հնարավորինս սահմանափակելու նպատակով: Դպրոցում սովորողները պարտադիր կրում են դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության:
Դպրոցում դասարանի ուսումնական ողջ գործընթացը կազմակերպվում է նույն դասասենյակում՝ բացառելով կաբինետային ուսուցումը:
Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքում դասասենյակը։ Դասասենյակից դուրս գալու դեպքերը կանոնակարգվում են ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։
Դպրոցում դասերի ժամանակ սովորողների նստեցումը սեղանների շուրջ հնարավորինս իրականացվում է մեկական՝ խաչաձև, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սեղանի հակադիր ծայրերին։
Սովորողները դասին մասնակցում են տեղից: Սովորողներին գրատախտակի մոտ կանչելն արգելվում է: Դասը կազմակերպվում է ֆրոնտալ եղանակով: Արգելվում է խմբային աշխատանքների կազմակերպումն այն բոլոր դեպքերում, երբ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն:
Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետրեր օգտագործելը: Դրանք կազմակերպվում են թերթիկների վրա: Գրավոր աշխատանքի ավարտից հետո դրանք ուսուցչի կողմից հավաքվում են դրա համար նախատեսված արկղի մեջ: Գրավոր աշխատանքների ստուգումն իրականացվում է 1 օր հետո: Ստուգված գրավոր աշխատանքներն արգելվում է վերադարձնել սովորողներին: Անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել գրավոր աշխատանքների լուսապատճենները:
Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են դասասենյակում ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների կամ բացօթյա տարածքներում և սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա և բացառելով շփումներ ու մեծ ակտիվություն ենթադրող մարզանքներն ու խմբային խաղերը:
Յուրաքանչյուր առարկայից կիսամյակի ընթացքում կազմակերպվում է 2 թեմատիկ գրավոր աշխատանք: Կիսամյակի վերջում կատարվում է սովորողների գիտելիքների ստուգում կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքի միջոցով:
Սովորողների գնահատումը կատարվում է էլեկտրոնային մատյանում: Գնահատականները սովորողները և ծնողները կարող են տեսնել էլեկտրոնային օրագրում:
Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքն արգելվում է: Դպրոցում սննդի կազմակերպման անհրաժեշտության դեպքում դրանք կազմակերպվում են դասասենյակում չոր սննդի տարբերակով։