կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-16 10:05
Քաղաքական

«Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը». Փա­շի­նյա­նը կա­րո­ղա­ցա՞վ հաղ­թա­հա­րել իր իսկ նշած փոր­ձու­թյու­նը. «Փաստ»

«Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը». Փա­շի­նյա­նը կա­րո­ղա­ցա՞վ հաղ­թա­հա­րել իր իսկ նշած փոր­ձու­թյու­նը. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Մարդկության պատմության ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հեղափոխություններ, որոնք միմյանցից տարբերվում են իրագործման մեթոդներով, տևողությամբ և առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում և սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։

Հեղափոխություններին յուրահատուկ է այն հանգամանքը, որ այն անձինք, որոնք պայքարում էին հին կարգերի դեմ, դրանց տապալումից հետո արդեն իրենք են ամեն կերպ ձգտում իշխանության և շատ հաճախ դառնում այնպիսի իշխանություն, որի դեմ իրենք պայքարում էին:

Նշվածի լավագույն օրինակը 1789 թվականին սկսված Ֆրանսիական մեծ հեղափոխությունն է, որի նպատակը միապետական կարգերի տապալումն ու հանրապետական կարգերի հաստատումն էր, սակայն տեղի ունեցավ հակառակը՝ միապետական կարգերը ոչ միայն չվերացան, այլև փոփոխությունները հանգեցրին բացարձակ միապետության՝ ի դեմս Նապոլեոն Բոնապարտի իշխանության հաստատման։

Հենց նշված խնդրին է անդրադարձել Նիկոլ Փաշինյանն իր «Երկրի հակառակ կողմը» գրքում, որը հատվածաբար տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում, երբ Փաշինյանն ընդհատակում էր:

Ուշադրության է արժանի, որ Փաշինյանը նշել է, թե «մինչ այժմ եղած շատ հեղափոխությունների մեջ ինչ-որ բան այն չի եղել, որովհետև շատ հաճախ խախտվում է հեղափոխականի հիմնական սկզբունքը: 

Հեղափոխականի, հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը»:

Ըստ նրա՝ «իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ և չպետք է ունենա իշխանություն, քանի որ իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը»: 

Որպես հեղափոխականների օրինակներ, որոնք չեն կարողացել լուծել նշված խնդիրը, Փաշինյանը ներկայացնում է Ֆիդել Կաստրոյի, Օլիվեր Կրոմվելի, Վլադիմիր Լենինի, Նապոլեոն Բոնապարտի գործունեությունը: Սակայն այդ խնդիրը, ըստ հեղինակի, մարդկության չլուծված խնդիրների շարքին չի պատկանում, որովհետև այն լուծեց Էռնեստո Չե Գևարան:

Կարծես թե սրանով Փաշինյանը դեռևս 2008 թվականից գծում էր այն սահմանագիծը, թե ինչպիսի հեղափոխական պետք է լինի ինքը:

Վերջինս փաստորեն խնդիր էր դնում լինել Չե Գևարայի նման հեղափոխական, որը չի գայթակղվել իշխանություն ունենալու ցանկությամբ: 

Սակայն հասկանալու համար, թե Փաշինյանի այս նպատակը որքանով դիմացավ ժամանակի փորձությանը, պետք է դիտարկել 2018 թվականից մինչև այսօր տեղի ունեցող իրադարձությունները: 

Անցած տարվա ապրիլին Փաշինյանի գլխավորությամբ Գյումրիից մեկնարկած քայլերթը վերածվեց հուժկու շարժման, ու արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն: Այն ժամանակ Փաշինյանն իրոք հնարավորություն ուներ դառնալ իսկական հեղափոխական, որի մասին նա նշում է իր գրքում, և հեռու մնալ իշխանության մեջ հայտնվելուց իր թեկնածուին առաջադրելու միջոցով:

Բայց Փաշինյանը գնաց այլ ճանապարհով. թավշյա հեղափոխության օրերին հավաքված բազմության առաջ ինքն իր թեկնածությունն առաջադրեց վարչապետի պաշտոնի համար և դիմելով ժողովրդին՝ ուղղակի հարցրեց, թե արդյոք համաձա՞յն են, որ ինքը լինի ժողովրդի թեկնածուն: 

Նշանակվելով վարչապետի բարձր պաշտոնում՝ Փաշինյանը ևս մեկ հնարավորություն ուներ ցույց տալու, որ ինքը իսկական հեղափոխական է, իր առաքելությունը իշխանափոխության տեսքով ավարտված համարելով՝ հեռանար իշխանությունից՝ այն թողնելով այլ թեկնածուի:

Սակայն Փաշինյանը իր քայլերով ապացուցեց, որ ինքն իրականում շատ հեռու է իսկական հեղափոխական լինելուց, քանի որ կառչեց իշխանությունից և դեկտեմբերին շտապ լծվեց խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու գործին, քանի իր վարկանիշը գտնվում էր բարձրակետում, իսկ այդ ընթացքում մյուս քաղաքական ուժերը ընտրական գործընթացին պատրաստվելու պատշաճ ժամանակ չունեցան:

Անցած մեկուկես տարին էլ ապացուցեց, որ Փաշինյանն իր մտահոգություններում իրավացի էր նաև իր հարցում: Ինչ արժի միայն այն թեզը, որը շարունակաբար առաջ է քաշում Փաշինյանը, թե այս կառավարության, այս իշխանությունների ողնաշարը ջարդել ցանկացողներին ծնկի կբերեն: 

Ուշադրություն, խոսքը ոչ թե պետության ողնաշարի մասին է, այլ իշխանության: Ինչպես ասում են՝ այստեղ արդեն առանց մեկնաբանությունների...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։