կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-30 15:59
Հասարակություն

ՊՆ-ն հրավիրում է աշխատանքի

ՊՆ-ն հրավիրում է աշխատանքի

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում`  ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու /ականանետի/, ավագ վարորդ /B,C,D/, վարորդ /B,C/, ավագ խոհարար, խոհարար եւ դիզելավար-էլեկտրամեխանիկ մասնագիտություններով:

ՊՆ-ի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ  զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության  եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար կարող են դիմել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած եւ պահեստազորում հաշվառված արական սեռի եւ, անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, իգական սեռի մինչեւ 36 տարեկան քաղաքացիները:

Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել քաղաքացին, ով.

— օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն,

— ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ ունի չհանված կամ չմարված դատվածություն,

— ով առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:

Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար պետք է դիմել համապատասխան զորամասերի հրամանատարությանը կամ տարածքային զինկոմիսարիատներ: Պայմանագրային զինծառայության անցնելու պահանջներին համապատասխանելու դեպքում «Զինվորական ծառայության  եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով քաղաքացու հետ կնքվում է պայմանագիր` երեք տարի ժամկետով:

Պայմանագրային զինծառայողն իրավունք ունի օգտվելու  ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների համար նախատեսված բոլոր արտոնություններից, երաշխիքներից եւ փոխհատուցումներից: Շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձը կազմում է 105 հազար ՀՀ դրամ /առանց եկամտահարկի/: Մարտական հերթապահությամբ պայմանավորված` պայմանագրային զինծառայողներին տրվում է նաեւ մինչեւ 60 հազար ՀՀ դրամ հավելավճար:

Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել տարածքային զինկոմիսարիատներ»: