Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինքնապաշտպանության կազմակերպումը Շահումյանի շրջանում, Գետաշենի ենթաշրջանում և Արցախում. Իրինա Բարսեղյան-Կրպեյանի «Ժամանակի վկան» (03.03.2016) հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, 90-ական թվականներին ՀՅԴ մարտական պատասխանատու Հրանտ Մարգարյանը:
Հայաստան գալու որոշումը կայացրել եմ 1988 թվականի առաջին ցույցերի ժամանակ: Երբ առաջին ցույցերը եղան, և մենք արտասահմանում տեսանք այդ ցույցերը, գուցե նույն երեկո ես որոշեցի` պետք է Հայաստան գամ: Իմ այդ որոշման մասին հայտնեցի Դաշնակցության` այդ ժամանակվա ղեկավարությանը և 1990 թվականի սկզբին ընտանիքիս հետ հայտնվեցի Հայաստանում` որպես ՀՅԴ Բյուրոյի գործիչ: Միաժամանակ ունեի պատասխանատվություն Ղարաբաղյան ազատամարտում խմբերի կազմակերպման հարցում: Դաշնակցությունը նոր էր գործունեություն վերսկսել Հայաստանում` 1990 թվականի օգոստոսին: Այդ ժամանակ առաջին դեպքերը տեղի ունեցան Շահումյանում, ուր կրակոց կար, և առաջին զոհերը եղան Շահումյանում ու Գետաշենում: Շահումյանի շրջանի ղեկավարության որոշ անձինք դիմեցին Դաշնակցությանը` օգնության ակնկալիքով: Մենք արդեն սկսել էինք մեր կոմիտեների մակարդակով մարտական պատրաստվածության որոշ մարզումներ իրականացնել: Առաջին խմբերը ձևավորվում էին: Նախքան դա էլ կային ինչ-որ կապեր, բայց կազմակերպված բնույթ չուներ այդ ամբողջը: 1990 թվականի սեպտեմբերի 2-ին առաջին խմբերը Հայաստանից մեկնեցին Շահումյան, եթե չեմ սխալվում` շուրջ 40 հոգի` զինված: Ուղղաթիռով իջան Շահումյանի անտառներում, և մեր առաջին բազան, հենարանը ստեղծվեց այնտեղ: Այնտեղ սկսեցինք մարզել նաև Շահումյանի տղաներին` տեղի ուժերին, մարզված խմբերը զինել և ինքնապաշտպանությանը տալ կազմակերպված բնույթ: Մենք քաջ գիտակցում էինք, որ Շահումյանը պաշտպանելու համար մեզ անհրաժեշտ էր ներկայություն լինել և կազմակերպել նաև Գետաշենի ու Մարտունաշենի պաշտպանությունը: Ցավոք, երբ Մարտունաշենում առաջին զոհերը եղել էին, դա շատ վատ էր անդրադարձել տեղի բնակչության վրա` մերժում էին մարտական որևէ ուժի ներկայություն իրենց շրջանում: Դա լուրջ խնդիր էր:
Թաթուլը (խմբ.-Ազգային հերոս, ՀՅԴ անդամ Թաթուլ Կրպեյան) մտավորական զինվոր էր, մտավորական ազատամարտիկ էր: Հիշում եմ` մենք զինված գնացինք Շահումյան, Թաթուլը մի ճամպրուկ դասագրքով ուղղվեց դեպի Գետաշեն: Ի զարմանս ինձ` շատ արագ կարողացավ գյուղում, բնականաբար` դժվարությամբ, բայց ընդունելի դառնալ, իբրև ուսուցիչ աշխատել և սկսեց ձևավորել առաջին խմբակները: Հետո մենք երկրորդ, երրորդ, չորրորդ ազատամարտիկին էլ այնտեղ ուղարկեցինք` դարձյալ որպես ուսուցչի օգնական, ուսուցչի անվան տակ: Առաջիններից էին Արթուր Ղարաբեկյանը, որը զոհվեց Գետաշենում, Արամ Պողոսյանը: Բոլորն էլ երիտասարդ, ուսանող տղերք էին, բոլորն էլ` կրթված, զարգացած, ուղղվեցին դեպի Գետաշեն, և այնտեղ ձևավորվեց առաջին ինքնապաշտպանական խումբը: Առաջին բանը, որ մենք հաջողեցրինք, ռադիոկապն էր, որը մի կողմից ստեղծում էր Գետաշենի և Երևանի միջև կապի հնարավորություն, մյուս կողմից` Գետաշենի և Շահումյանի միջև: Երկրորդ բանը, որ արեցինք` Մարտունաշեն, որը Գետաշենին կպած երկրորդ հայկական ավանն էր, ուղարկեցինք մի նոր խումբ` Դեդի գլխավորությամբ, հիմնականում կազմված Արաբոյի ջոկատի տղաներից: Դեդը ևս մտավորական մարդ էր, տարիքով մեծ, կայացած մտավորական էր, բայց, միաժամանակ, մարտական էր իր ամբողջ պահվածքով: Գուցե կարճ ժամանակ է դա` 1990-ի սեպտեմբերից մինչև Գետաշենի անկումը, բայց հսկայական գործ էր կատարվել: Գյուղի սկզբնական դիմադրությունը, վախը` ինքնապաշտպանությունից, կոտրվել էր, և հակառակ տրամադրությունն էր զարգանում, կար վստահություն, որ պաշտպանված են և կարող են դիմանալ: Բնականաբար, մենք կարող էինք պաշտպանվել մեր` նման ուժի հարաբերակցությամբ, այսինքն` ադրբեջանցիների ուղղությամբ էր այդ պաշտպանությունը: Իսկ երբ Գետաշենի անկումը տեղի ունեցավ, արդեն միայն ադրբեջանական ուժեր չէին, այնտեղ խորհրդային բանակն էր, որ իր ամբողջ ուժով, տեխնիկայով, հնարավորություններով հրապարակ դուրս եկավ: Կարծում եմ` դա էր հիմնականում, որ ձախողեցրեց մեր ինքնապաշտպանության ծրագիրը:
Խնդիրը ինչ էր. մենք գիտեինք, որ պետության տեղը չենք կարող լցնել, մենք պետության դերը չենք կարող ունենալ, մենք մեր առաքելությունն էինք համարում` կազմակեպել ժողովրդի ինքնապաշտպանությունը և պարտավորեցնել Հայաստանի իշխանության, որ տեր կանգնի Ղարաբաղյան պայքարին: Մեր նպատակը դա էր, ոչ թե այն, որ, Հայաստանի պետականությանը զուգահեռ, այնտեղ ստեղծենք ինչ-որ մի ուժի կենտրոն: Փաստորեն, այդպես էր ստացվում. փաստ է` Ղարաբաղում բանակի կազմակերպումն ավելի արագ է տեղի ունեցել, քան Հայաստանում, և այդ բանակի ակունքներում կանգնած էր Դաշնակցության մարտական կառույցը, որը, ի տարբերություն մյուս ջոկատների, որ գալիս էին Ղարաբաղ ու վերադառնում, ուներ ընդհանուր ծրագիր. կար ինքնապաշտպանության ծրագիր, կար կազմակերպվածություն, քաղաքականություն, թե ինչը պիտի պաշտպանենք, ումից և ինչից պետք է պաշտպանենք: Մյուս ջոկատների պարագայում դա այդպես չէր:
Ինչո՞ւ էր այդպես: Ես կասեմ. նախ` Հայաստանում իշխանության մեջ բոլորն այդ ձևով չէին մտածում, այլ կերպ էր մտածում Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ կերպ էր վերաբերվում Վազգեն Սարգսյանը: Առաջին օրվանից մինչև վերջ ՀՅԴ-ն ունեցել է համագործակցություն Վազգեն Սարգսյանի հետ: Մենք այդ առումով խնդիրներ չէինք ունեցել, բայց ունեցել ենք լուրջ խնդիրներ Լևոն Տեր -Պետրոսյանի հետ: Երբ 1990-ի սեպտեմբերին նոր էինք խմբերն ուղարկել, Լևոն Տեր-Պետրոսյանը, Գերագույն խորհրդի նախագահ էր, մի առիթով ինձ կանչեց և ասաց` խմբերը պետք է ետ կանչել: Ասացի` ինչո՞ւ, ասաց` դուք քաղաքական կուսակցություն եք, մարտական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեք: Ասացի` Ֆրանսիայում էլ ունենք մարտական խումբ, հե՞տ կանչեմ: Ասաց` ոչ, ինձ չի հետաքրքրում, թե դուք Ֆրանսիայում ինչ ունեք: Ասացի` բա ինչո՞ւ է հետաքրքում` Ադրբեջանում ինչ ունենք: Նրան բացատրեցի, որ եթե վստահ է` վտանգ չի սպառնում ժողովրդի ֆիզիկական գոյությանը, հայտարարի, մենք անպայման հետ կկանչենք մեր խմբերը, որովհետև հիվանդ չենք` ծախս անենք, պատասխանատվություն վերցնենք, գործ անենք մի տեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա: Իսկ եթե ժողովուրդը ֆիզիկապես վտանգված է, Աստված էլ իջնի, մենք ժողովրդի համար պատասխանատվություն ենք զգում և պետք է մեր պարտականությունը կատարենք: Իշխանության վերաբերմունքը միանշանակ և միաձև չէր, դա` մեկ: Երկրորդ` Հայաստանում հետաքրքիր վիճակ էր. մինչև օդանավակայան եթե զենք հայտնաբերեին, մեզ կձերբակալեին, սակայն օդանավակայանում կար, այսպես ասած, ներքին ըմբռնում` զենքով Ղարաբաղ մեկնելու ազատություն, բայց Ղարաբաղից զենքով չէիր կարող վերադառնալ: Մենք զենքով չէինք վերադառնում, զենքերը թողնում ու վերադառնում էինք: Բայց նաև պետք է ասել, որ կարող էին կանխել, սակայն կանխելու դեպքում կպայթեր հայկական իրականությունը: Այդ ժամանակ հիմնական հարցը դա էր: Եթե նույնիսկ ուզենային կանխել, չպետք է կարողանային, որովհետև պահանջը մեծ էր, պահանջը կենսական էր. այնտեղ իսկապես վտանգ կար, գյուղերն իսկապես վտանգված էին: Ես հավատացած եմ` եթե Թաթուլը չլիներ, և Գետաշենում կազմակերպված գործողությունը չլիներ, Գետաշենը կընկներ 1990-ի սեպտեմբերին: Սա իրողություն է, և Գետաշենի անկումը հենց այնպես մի գյուղի անկում չէր: Փաստորեն, երբ Գետաշենն ընկավ, Մարտունաշենն ընկավ, Բուզլուխը, Մանաշիդը, Էրքեշը, վերջապես` Շահումյանն ընկավ: Մինչև Դրմբոն հասան ադրբեջանցիները: Այսինքն` մենք ճիշտ ուղղությամբ էինք աշխատում: Ցավոք, այդ ժամանակ միայնակ մնացինք: Բավական տևեց, մինչև Հայաստանի իշխանությունը պարտավորվեց գալ Ղարաբաղ և ստանձնել ինքնապաշտպանական գործը: Թեպետ ուշացումով էր, նրանք էլ չհաջողեցին, և նահանջը գնաց մինչև Դրմբոն: Բայց հետագայում ամեն ինչ ճիշտ եղավ…
Բայց ամենակարևորն ինչ էր Թաթուլի կերպարի մեջ` նրա քաջությունը, ինքնավստահությունը հանգստություն էին տալիս բոլորին: Այդ ինքնավստահությունը նրան տալիս էր հեղինակություն ունենալու իրավունք: Այս հեղինակությունն ու մտավոր կարողությունները դաստիարակելու կարելիություն էր ստեղծում: Այն տղերքը, որ գնում էին Թաթուլի մոտ, ամենադաժան, ամենախիստ պայմաններում էր, որ պետք է մարտական ծառայություն անցկացնեին: Նրանք վերադառնում էին հիացմունքով, վերադառնում էին` Թաթուլի նկատմամբ պաշտամունք ունենալով, վերադառնում էին ավելի հայրենասեր, ավելի կարգապահ ու գիտակից դարձած: Նրա տեսակի առավելությունը դա էր: Հավատացած եմ` եթե Թաթուլը չլիներ Գետաշենում, այսօր ղեկավար հանգամանքների մեջ էր լինելու: Ցանկացած կորուստ մեզ համար դաժան է: Ցանկացած կորուստ մեզ համար ցավ է, սակայն կան կորուստներ, որոնց համար իսկապես շատ մեծ ափսոսանք ես զգում, որովհետև այդ կերպարը միայն առաջին ճակատում չէ, որ քեզ պետք է, քեզ պետք է միշտ, ամենուր` քո պետական մակարդակում: Այդ տեսակը պետք է, որպեսզի մենք կարողանանք կազմակերպված հայրենիք ունենալ, արդար հայրենիք ունենալ, ներքին հանգստություն ունենալ , կարողանանք զարգացում ապրել: Դրա համար Թաթուլի կորուստը մեզ համար կրկնակի, եռակի ցավ է:
Երբ Թաթուլը վերջին անգամ Երևան էր եկել, մենք վիճեցինք իրար հետ: Նա, կարծես, նախազգում էր այդ օրերը և ինձնից պահանջում էր ավելի մեծ ուժեր, հնարավորություններ, որ կարողանա ավելի կազմակերպված վիճակի մեջ դնել ինքնապաշտպանությունը: Այդ օրերին մենք չունեինք այդ հնարավորությունը: Այդ օրերին դարձյալ վտանգը կանխատեսում էինք, զգում էինք, որ օր օրի դժվարանում է, բայց մենք այլ ծրագիր ունեինք, այսպես ասած` ինքնապաշտպանական կռվից անցնել պարտիզանական կռվի: Եվ առաջին պարտիզանական խմբերն էին ձևավորվում: Փաստորեն, առաջին պարտիզանական` հայդուկային հարձակումները տեղի ունեցան ապրիլի 30-ից առաջ` ապրիլի 1-ին, 2-ին Խոջալուում, Լեսնոյում և Ղարադախլըում:
Մեր հնարավորությունները սուղ էին, մենք չէինք կարող օգնել: Բնականաբար, անկախ նրանից` ես ճիշտ եմ վարվել, կամ Թաթուլի պահանջն իրականանալի էր կամ չափազանցված, դա ինձ մոտ խոր ցավ է առաջացնում, որովհետև ես չեմ կարողանում Թաթուլին հիշել առանց այդ վերջին պահը չհիշելու, և դա դժվարացնում է ապրելը…
Մենք` որպես Դաշնակցություն, չենք համարում, որ Շահումյանն ու Գետաշենը վերջնականապես կորցրել ենք: Մենք հավատում ենք, որ կվերադառնանք, կազատագրենք Շահումյանն ու Գետաշենը: Ես տեսել եմ նաև իմ ոչ անմիջական շրջապատում, որ այդ հավատն ու տրամադրությունն ուժեղ են: Մենք անգամ ամենածանր օրերին, երբ մինչև Դրմբոն գրավված էր ադրբեջանցիների կողմից, նրանց սրտի մեջ` Շահումյանի անտառներում, հայդուկային կռիվ ծավալեցինք` Շահեն Մեղրյանի գլխավորությամբ: Դրանք հերոսական գործողություններ էին: Հայոց պատմության մեջ գուցե ոսկե տառերով պետք է գրվի. այդ թուրքական ծովի մեջ մենք մի տեղ կազմակերպված` նրանց սրտի միջից սկսեցինք հայդուկային կռիվ, որը շատ մեծ արդյունք ունեցավ: Եթե այդ սխրանքը, համարձակ քայլը, որ գուցե երևակայությունից դուրս էր, մենք կարողացանք անել, այսօր էլ կարող ենք: Ինչո՞ւ չենք անում, պատասխանը թե’ գիտեմ, թե’ չգիտեմ: Կարծում եմ` շատ բան ունենք պաշտպանելու և փրկելու: Գուցե ճիշտ չէ, որ ամեն ինչ միաժամանակ և նույն պահին ուզենք: Վերջապես, ամեն պահանջ էլ պետք է ծրագրված հետապնդում ունենա, ապա թե ոչ` կարող է արկածախնդրության նմանվի և անարդյունք լինի:
Մենք միշտ պահանջել ենք, որ երբ տարածքների մասին խոսք է լինում, չպետք է մոռանանք Շահումյանն ու Գետաշենը, չպետք է մոռանանք Մարտակերտի դաշտային որոշ մասեր, որոնք դեռ ադրբեջանական բռնագրավման են ենթակա: Համենայն դեպս, բանակցությունների սեղանի շուրջ մանրամասնությամբ ինչ է տեղի ունենում, դժվար թե կարողանամ ասել: Մի բան կարող եմ ասել` թվում է, որ այդ բանակցությունները ձախողված են, ուրեմն ձախողված բանակցությունների համար պետք չէ կռիվ անել: Բայց Շահումյանի և Գետաշենի առաջին պահանջատերը` շահումյանցիներն ու գետաշենցիները, թույլ տվեք ասել` նաև Դաշնակցությունը, պետք է պահանջենք, որ դա դառնա համահայկական պահանջ, նաև` պետական պահանջ:
Ես մի բան գիտեմ` եթե քաղաքականության մեջ զիջումը միակողմանի է, եթե զիջումը հեշտ է կատարվում, ոչ միայն չի կանխում դիմացինի ագրեսիան, ոչ միայն խաղաղության պատճառ չի դառնում, այլև ինքնասպանության պատճառ է դառնում: Մենք ուրիշի հողը չենք ուզում, մենք ուրիշի իրավունքը չենք ուզում, մենք ուրիշի հարստությունը չենք ուզում, մենք մերն ենք ուզում: Կարծում եմ` ոչ ոք իրավունք չունի դա առևտրի կամ զիջման առարկա դարձնելու:
Մենք 9 դար հետո փաստացի ունենք առաջին հաջողությունը: Առաջին հաջողությունը պետք է հաղթանակի վերածել, այն պետք է լինի լիարժեք, և դա չի կարող լինել առանց Շահումյանի և Գետաշենի:
Միշտ էլ կարելի է անել շատ ավելին, քան արվում է: Մեր առաքելությունը հենց դրա մեջ է, որ ուրիշները փորձել են հնարավորը կարելի դարձնել, մենք հաճախ կարողացել ենք անկարելին կարելի դարձնել: Վստահ եմ` այդ առումով կարելի էր ավելի շատ անել, շատ ավելի մեծ կազմակերպվածություն ունենալ: Համենայն դեպս, այն, ինչ մեզ խանգարեց, ռուսական գործոնն էր, ռուսական բանակի դերակատարությունն էր, որ ստեղծեց ուժերի անհավասարակշռություն: Դա էր, որ մեզ ստիպեց կորուստներ ունենալ: Եթե դա չլիներ, և եթե Հայաստանը լիներ ճիշտ ղեկավարված երկիր և ունենար արդեն կազմակերպված բանակ, ես հավատացած եմ` մենք այսօր կարող էինք Կուր գետի ափին կանգնել: Բայց անիմաստ է սրա մասին խոսել:
Ափսոս, որ միայնակ էինք: Շատերը կային` ոչ դաշնակցական, որ կռվեցին Գետաշենում և զոհվեցին: Պատիվ, հարգանք իրենց, բայց, իբրև կազմակերպված ուժ, իբրև ազգային ուժ, պետական կարողություն ունեցող, համազգային կարողություն ունեցող ուժ, մենք միակն էինք: Դա, վերջիվերջո, իր հետևանքն ունեցավ:
Երբ վտանգը կախված էր Շահումյանի գլխին, այդ վերջին մեկ շաբաթը ես չեմ մոռանա: Եղանակը լավ չէր, մենք չէինք կարողանում Շահումյան գնալ, ուղղաթիռի հնարավորություն չկար, երկու-երեք օր մեր տղերքն օդանավակայանում մնացին, չկարողացան մեկնել: Հիմա ոմանք դա վերագրում են, որ ծրագրված խոչընդոտում էր: Ես այդպես չեմ ուզում մտածել: Ցավալի էր, ես չեմ անջատում Գետաշենից, բայց Շահումյանի պարագայում առնվազն կարողացանք կազմակերպել հայդուկային կռիվը, որը մեզ առնվազն տվեց այն վստահությունը, որ մենք երբ ուզենք, կարող ենք ազատագրել այս տարածքները: