Ամերիկաբնակ քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը հայտարարեց, որ երկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ թույլատրվելու են միեւնույն ժամանակ հավելելով որ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել արտակարգ դրությունը:
Նկատի առնելով գործունեության այն տեսակները որ թույլատրված էին արտակարգ դրության ժամանակ եւ նրանք, որոնք թույլատրվում են երկուշաբթի օրվանից պարզ է դառնում, որ մեծ տոկոսով վերականգնվում է մինչեւ արտակարգ դրությունը գոյություն ունեցող իրավիճակը: Հետեւաբար խոշոր տոկոսով վերացվելու են նաեւ քաղաքացիների տեղաշարժի համար նկատի առնված սահմանափակությունները:
Հարց է ծագում, որ եթե իրապես դեռ նույն թափով շարունակվում է կորոնավիրուսի վտանգը եւ այնպես ինչպես նախօրեին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր հայտարարել անվերահսկելի է դարձել, ինչի պատճառով էլ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել արտակարգ դրությունը, ի՞նչ իմաստ ունի վերացնել գործունեության որոշ տեսակների արգելքը:
Մեկտեղելով վարչապետի երկու հայտարարությունները կարելի է եզրակացնել, որ սկսյալ երկուշաբթի ապրիլի 13-ից արտակարգ դրությունը հիմնականում ներառելու է հանրահավաքների ու գործադուլների արգելքը, մամուլի կապակցությամբ գործադրվող սահմանափակությունները եւ ամենակարեւորը հեռախոսազանգերի արձանագրումը:
Փաստորեն այս փուլում արտակարգ դրությունը ոչ թե նպատակ է ունենալու կանխել կորոնավիրուսի տարածման վտանգը այլ թիրախավորելու է Հայաստանում անհատական ազատությունները, ինչը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տալու արտակարգ դրության անվան ներքո առնվազն մինչեւ մայիսի 14-ն իր վերահսկողության տակ պահել իրավիճակը, կանխելով հասարակական անհանդարտությունների վտանգը»: