Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատգամավոր և սափրված Փաշինյանն ու թրաշով Փաշինյանը տարբեր բաներ են ասում. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
Նա նախ նշեց, որ ՀՀԿ-ն Փաշինյանին տվել է 9,7% տնտեսական աճով բյուջե, սակայն այսօր նա բերել է 4,9% տնտեսական աճով բյուջե: Պարզաբանելով իր` բյուջեի նախագծին դեմ քվեարկելը, պատգամավորն ասաց. «Գնացեք Ալավերդի, կտեսնեք, որ 630 մարդ աշխատանքը կորցնելու վտանգի դեմ է կանգնած: Փաշինյանն ինքն է ասում, որ 10 հազար ուսուցիչ ավելի է աշխատում. էդ որ ավելի է աշխատում, ի՞նչ պետք է անեն, պետք է գնան տո՞ւն: Ասում է` պետք է նախարարությունների թիվը կրճատվի, դա կբերի շուրջ 150 քաղաքացու աշխատանքից զրկվելուն: Ասում է` ես չեմ հասկանում` ո՞նց կարելի է 80 հազար դրամով ապրել: Ախպե'ր ջան, բա էսքան շուտ փոխվեցի՞ր, բա ժողովրդի թեկնածուն էիր, ժողովրդի հետ էիր: Ժողովուրդը, որ հացի փող չունի, 50 հազարով էլ կարող է աշխատել: Իսկ մինչև 80 հազար դրամով աշխատողներին աշխատանքից հանելը, 100, 120 հազարով աշխատանք ապահովել ե՞ս, որ մարդիկ աշխատեն: Հիմա 80 հազար դրամո՞վ է լավ աշխատելը, թե՞ զրո դրամով»:
Շարմազանովը նշեց, որ այս ամիսների ընթացքում Փաշինյանի և նրա կառավարության առաջարկները եղել են` կրճատումները, աշխատատեղերի փակումը և ժողովո'ւրդ ջան, ևս երեք տարի սպասեք, կարող է ներդրում լինի: «Այս ընթացքում մի ներդրում բերե՞լ է, մի աշխատատեղ բացե՞լ է: Մտեք խանութները, գները նայեք: Ասում է` բանանն էժանացել է: Չհասկացա, էս ժողովուրդը պետք է մենակ բանա՞ն ուտի»,- ասաց նա:
Շարմազանովը թվարկեց, թե ինչով են տարբերվում սափրված և չսափրված Փաշինյանները: «Սափրված Փաշինյանն այս ամբիոնից ասում էր` ՀՀ ճանապարհներից պետք է իսպառ վերացվեն տեսախցիկները, արագաչափերը: Այսօր գալիս է` արագաչափերը պետք են: Կա՞ հակասություն, թե՞ ոչ. Փաշինյան պատգամավորն ասում էր` պետք է արագաչափերը հանվեն, վարչապետ Փաշինյանն ասում է` պետք չէ: Ասում էր` կարմիր գծերից ստացվածը գնում է որոշակի մարդկանց գրպանները: Բա հիմա այդ մարդիկ էլ իշխանության չեն, հիմա` կա'մ փայ ես դու այդ մարդկանց հետ, կա'մ էլ քո գրպանն է գնում` քո տրամաբանությամբ: Բա ինչո՞ւ կարմիր գծերը չես հանում: Ասում էր` Հայաստանում այլևս Բաղրամյան 26-ից որևէ մեկը չպիտի զանգի դատավորներին, իսկ միտինգին ասում էր` ուզում եմ տեսնեմ էն դատավորին, որն իմ ասածը չի անի, կա՞ այդպիսի դատավոր, որն իմ ասածը չի անի: Սա նրա խոսքի ակնհայտ խախտում է»,- ասաց պատգամավորը, ապա շարունակեց. «Քառօրյա պատերազմի օրեին հայտարարել է` այս պատերազմը Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար է և համաձայնեցված է Ռուսաստանի հետ, բայց հիմա երբ Ռուստաստան է գնում, բացի այն, որ հարաբերությունները փայլուն են և Պուտինին 20 անգամ «սպասիբո» ասելուց այլ բան չի ասում: Օպերայում այն ժամանակ, երբ դեռ սափրված էր, ասում էր` ժողովրդի 80 տոկոսը դեմ է կուտակայինին, և պետք է դա հաղթանակով պսակվի, հիմա վարչապետ է, դարձավ պարտադիր կուտակայինի մոլի երկրպագու: Փաստերով եմ խոսում, նրա նման օդից կախված լուրեր չեմ ասում, իսկ փաստերով` պատգամավոր եղած` սափրված Փաշինյանը և թրաշով Փաշինյանը երկու տարբեր բաներ են ասում»:
Շարմազանովը հայտարարեց, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին` ասել էր մի բան, անում է մեկ այլ բան:
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքն արմատախիլ է անում կոռուպցիան, Շարմազանովն ասաց, որ չի հերքում, որ Հայաստանում կան կոռուպցիոն դրսևորումներ, ինչպես ցանկացած երկրում: «Բայց մեր նոր իշխանությունը, որ եկավ իշխանության, բացի մերժիր և այլնից, ասաց` համատարած թալանել են երկիրը, համատարած կոռուպցիա է եղել: Հիմա հարց եմ տալիս` հնարավո՞ր է համատարած կոռուպցիա` առանց բանակի, առանց նախագահի վերահսկողության ծառայության, առանց ԱԱԾ-ի, ոստիկանության: Հնարավոր չէ, չէ՞: Եթե մի պետությունում կա ալան-թալան, ու դա համատարած է, ուրեմն այդ մարմինները պետք է թաթախված լինեն կոռուպցիայի մեջ: Բայց այդ մարդը նախկին վերահսկողության պետին, նախագահի վերահսկողության պետին և հարկայինի պետին նշանակել է շատ բարձր պաշտոնների: Եթե նշանակել է, ուրեմն այդ մարդիկ մաքուր են, ուրեմն կոռուպցիա չի եղել այդդ համակարգերում: Եթե մաքուր չեն, ուրեմն ինքը խրախուսում է կոռուպցիան: Բանակի առաջին տեղակալին նշանակել է նախարար, եթե ինքը Դավիթ Տոնոյանին նշանակել է պաշտպանության նախարար, նշանակում է` բանակում չի եղել համատարած կոռուպցիա: ԱԱԾ պետ նշանակել է Արթուր Վանեցյանին, շատ էլ լավ է արել, բայց Արթուր Վանեցյանը երկրորդական մարդ չի եղել, եղել է Երևանի ԱԱԾ պետի տեղակալը, ուրեմն եթե նշանակել է, նա չի եղել կոռուպցիոն սկանդալի մեջ: Հունան Պողոսյանին, ով ոստիկանության առաջին տեղեկալ էր, նշանակել է մարզպետ, եթե նշանակել ես, ուրեմն ոստիկանությունում համատարած թալան չի եղել, ախպե'ր ջան»,- ասաց նա և հավելեց. «Ի միջիայլոց, ինչքան խելքը գլխին կադրեր ունի, մեր իշխանությունից են եկել»: