կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-20 15:59
Քաղաքական

Այսօր շատ աղմկոտ գործերի քննությունն իրականացվում է, որովհետև վարչապետը ես եմ. Փաշինյան

Այսօր շատ աղմկոտ գործերի քննությունն իրականացվում է, որովհետև վարչապետը ես եմ. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկատվություններին տիրապետում է, որովհետև իրեն այդ թեմաներով հարցեր են տալիս լրագրողները, պատգամավորները, միջազգային կազմակերպությունները: Մամուլի ասուլիսում,  անդրադառնալով հարցին` ինչպե՞ս է ստացվում, որ տիրապետում է բոլոր աղմկոտ գործերի մանրամասներին, բայց մի քանի ամիս առաջ հայտարարում էր, որ չի խառնվելու դատական համակարգի գործերին, նա պատասխանեց. «Ես պետք է որոշակի տեղեկատվության տիրապետեմ, որ այդ հարցերին պատասխանեմ: Այդ գործերով զբաղվում են ոստիկանությունը և ԱԱԾ-ն, որոնք վարչապետին առընթեր մարմիններ են: Այդ ողջ գործընթացը որոշակի քաղաքականացվում է, և ես չեմ կարող չտեղեկանալ: Աշխարհաքաղաքական հարթակներում հարցադրումներ են լինում, և ես չեմ կարող այդ հարցերին չտիրապետել: Դա չի նշանակում, որ ես քննությանը ինչ-որ ձևով միջամտում եմ»:

Նա օրինակ բերեց, թե դեպք է եղել, որ պաշտոնյա են ձերբակալել, քաղաքական մեծ աղմուկ է առաջացրել, և ինքը տեղյակ չի եղել: «Հետո ասել եմ` տեղեկացրեք, որ լրագրողների հարցերին պատասխանեմ»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը նշեց, որ այսօր շատ աղմկոտ գործերի քննությունը իրականացվում է, որովհետև վարչապետն ինքն է: Նրա խոսքով` նախկին իշխանությունների ժամանակ կա'մ այդ գործերով քննություն չէր իրականացվի, կա'մ այդ քննությունը կիրականացվեր իշխանությանը ցանկալի ընթացքով:

Հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու էր, հայտարարում էր, որ չի լինելու այս երկրի ոստիկանապետը, ԱԱԾ պետը, դատախազը, ՀՔԾ պետը, այսինքն` չի միջամտելու իրավապահների աշխատանքներին, քաղաքական պատվերներ չեն լինելու: Սակայն այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգին վերաբերող բազմաթիվ աղմկոտ հայտարարություններ է արել: Նա հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, իր միայն մեկ հաշվի վրա 30 միլիոն դոլար ունի, որը պետք է պետբյուջե վերադարձվի: Իսլ վարչապետի ընտրության ժամանակ խորհրդարանում նշել էր, որ շուտով պատգամավոր է ձերբակալվելու՝ կաշառքի գործով, և դա լինելու է 3-րդ հանրապետության ամենասկանդալային կոռուպցիոն բացահայտումը: Փաշինյանը նաև հայտարարել էր, թե Մարտի 1-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է: