Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հարցեր` դաշնակցականների» ծրագրին հյուրընկալված` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին քաղաքացիներից մեկը «Նաիրիտ»-ի մասին հարց է հնչեցրել:
«Ի՞նչ եղավ գործարանին: Ներդրող կա՞: Գործարանում թալան է…» հարցին ի պատասխան` Մինասյանը նշել է, որ և’ կառավարությունում, և’ խորհրդարանում եղած ժամանակներից «Նաիրիտ»-ի հարցը մշտապես եղել է իրենց ուշադրության կենտրոնում:
«Կառավարությունում` արդեն որպես գործադիր որոշակի ֆունկցիաներ ունեցող, մենք փորձեցինք այս հարցը տեղափոխել կառավարության կարգավորման դաշտ: Ասեմ, որ «Նաիրիտ»-ի հարցում բավական մեծ տարակարծություններ կան, ընդ որում` ես չեմ էլ բացառում, որ կան անհատներ, որոնք իսկապես շահագրգռված են «Նաիրիտ»-ի վերջնական փլուզման հարցով, բայց կան նաև պետական այրեր, գործիչներ, որոնք իսկապես մտահոգ են այդ հարցով»,-ասել է նա:
Մինասյանը նաև տեղեկացրել է, որ վարչապետ Փաշինյանի հետ իր առանձին հանդիպման ժամանակ այս թեմայով խոսել են և ստեղծել ճանապարհային քարտեզ: «Նախ և առաջ տեխնիկական աուդիտի միջոցով պետք է պարզել` «Նաիրիտ»-ը հնարավո՞ր է վերագործարկել, թե՞ ոչ: Եթե` այո, ապա ի՞նչ սխեմա պետք է գործադրվի այստեղ, ֆինանսավորման ի՞նչ ծավալների մասին է խոսք գնում, և նախկինում ստանձնած բեռը, պարտավորությունները ինչպե՞ս ենք հանում ապագա գործողություններ կամ ծրագրեր իրականացնող գործարանի վրայից: Ցավոք, պետք է արձանագրեմ նաև, որ այս ընթացքում բազմաթիվ խեղաթյուրումներ տեղի ունեցան: Եթե չեմ սխալվում, «Նաիրիտ»-ի ժամանակավոր կառավարիչը արտահայտություններ էր անում, թե մեկ նախարարի, նկատի ունենալով ինձ, ցուցումով չի կարող գործընթացը կասեցնել և այլն»,- նշել է Մինասյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ոչ միայն ինքը, այլև կառավարության մի շարք անդամներ շահագրգռված են եղել, որպեսզի «Նաիրիտ»-ի վերաբերյալ տեղեկատվությունը, աշխատելու իրական կարողությունը փաստվեր կամ չփաստվեր:
«Եթե չէր փաստվում, փակում էինք այս թեման, եթե փաստվում էր, որ հնարավոր է վերագործարկել, ուրեմն պետք է ամեն ջանք գործադրեինք: Կային նաև օտարերկրյա ցանկություն հայտնողներ, դեռևս ներդրողներ չէին, որոնք պատրաստ կլինեին այս ընթացքում աշխատել այս ուղղությամբ: Կարծում եմ` բավական հետաքրքիր զարգացումներ են լինելու առաջիկայում, որովհետև այս հարցը մեր տնտեսության, արդյունաբերության ողնաշարերից մեկին է վերաբերում: «Նաիրիտը» ոչ միայն խոշոր գործարան է, այլև խոշոր քիմիական արտադրության սիրտն է, առանցքն է, և դրա գործարկումը, շրջակա միջավայրի բոլոր կանոնների պահպանմամբ, միայն ու միայն կարող է Հայաստանի տնտեսական հզորությունը մեծացնել և ապագայում էլ ավելի նոր մակարդակի բարձրացնել մեր տնտեսությունը»,- նշել է Արծվիկ Մինասյանը: