| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը մեկնաբանել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին որոշակի զինատեսակների վաճառքը։ Մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև.
«Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու հնարավորությունը։ Այս նախաձեռնությունն արդիական է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախում քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու իր սպառնալիքներից և խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումից։
Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը Արցախի ինքնիշխան իրավունքն է և հետապնդում է բացառապես քաղաքացիական ու մարդասիրական նպատակներ, մասնավորապես՝ մարդու այնպիսի հիմնարար իրավունքի իրացումը, ինչպիսինն է տեղաշարժի ազատությունը: Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող շրջափակումը մշտական և լուրջ խոչընդոտ է դարձել Արցախի քաղաքացիական բնակչության տեղաշարժի ազատության համար, որը նաև հանգեցնում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և այլ առանցքային միջազգային համաձայնագրերում ամրագրված մարդու մյուս հիմնարար իրավունքների խախտմանը: 
Ադրբեջանի նման քաղաքականությունը հստակորեն վկայում է նրա բացահայտ արհամարհանքը՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վերաբերյալ, և քաղաքացիական բնակչության նկատմամբ կոլեկտիվ պատիժ կիրառելու նրա քաղաքականության շարունակությունն է հանդիսանում։
Ավելին, Ադրբեջանի այսօրինակ գործողությունները միջազգային հակաիրավական արարք են և պետք է ամենալուրջ հակազդեցության արժանանան միջազգային հանրության կողմից»։