կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-25 18:00
Քաղաքական

Նախագահը երկրի գլուխն է, ոչ թե «Նաիրիտ»-ի տնօրենը. Արծվիկ Մինասյան

Նախագահը երկրի գլուխն է, ոչ թե «Նաիրիտ»-ի տնօրենը. Արծվիկ Մինասյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին կառուցողական ելույթի համար` հույս հայտնելով, որ Հովիկ Աբրահամյանը կհամոզվի, որ Դաշնակցոության մտահոգ ելույթները քաղաքական շահարկումներ չեն: Արծվիկ Մինասյանը նաև դիմեց Վարդան Այվազյանին` ասելով, որ նրա փաստարկները չեն հիմնավորում այն, որ պետք է հետաձգել ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը:

 

«Սա նման է արյունահոսության, որի ժամանակ չեն ասում` սպասեք արյունահոսի, վերջանա, նոր վերջում կանդրադառնանք: Ոչ, օր առաջ անհրաժեշտ է այդ արյունահոսությունը դադարեցնել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ժամանակավոր հանձնաժողովը հնարավորություն կունենա կասեցնելու «Նաիրիտ»-ի սնանկացումը:

 

Նա նաև անտրամաբանական համարեց այն փաստարկը, թե ներդրումային գործընթացը կտուժի հանձնաժողովի ստեղծմամբ, որովհետև «Ռոսնեֆտ» ընկերությունը ոչ պակաս ինֆորմացված է «Նաիրիտ»-ի խնդիրների վերաբերյալ: Ուստի խնդիրն այն է, ըստ պատգամավորի, որ ԱԺ-ն` որպես օրենսդիր բարձրագույն մարմին, զբաղվի այդ կարևոր հարցով՝ ներգրավելով այդ հանձնաժողովում բազմաթիվ մասնագետների:

 

Նա կրկին դիմեց քաղաքական մեծամասնությանը՝ կողմ քվեարկել ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, որովհետև Դաշնակցության նպատակը արդար է և հետապնդում է պետությանն օգնելու, այլ ոչ թե քաղաքական դիվիդենդներ շահելու նպատակ: Պատգամավորը նշեց, որ 124 տարի շարունակ Դաշնակցությունը ապացուցել է, որ նվիրված է երկրի պետականությանը, և այսօր էլ ոչինչ չի փոխվել:

 

«Պետք չէ էստեղ, դոշները ճղելով, ցույց տալ, թե ընդդիմությունը որքան ազգակործան մոտեցումներ է առաջարկում: Այլ պետք է խնդիրը ուսումնասիրենք, որ մի բարի լուր ասենք բազմահազար նաիրիտցիներին, ոչ թե ամիսը մեկ նաիրիտցիների բողոքի ներքո նախագահը հանձնարարի մեկ ամսվա աշխատավարձը տալ: Այդպես չի լինում, երկրի նախագահը «Նաիրիտի» տնօրենը չէ, նա երկրի գլուխն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը: