կարևոր
4795 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-09 15:35
Քաղաքական

Հայ ժողովուրդը կարող է չեղարկել այն գործարքը, որը կարող է տեղի ունենալ․ Արծվիկ Մինասյան

Մեր քննարկումների նպատակը հստակ բացահայտելն է իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ձախողման, սահմանադրական մարմինների զավթման հստակ ծրագրավորված մոտեցումները՝ ի խնդիր իրենց ազգակործան ծրագրերի իրականացման, որը տվյալ դեպքում պայմանավորված է հենց հայոց պետականությանը սպառնացող  վտանգներով։  Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Լինելու են առանձին քննարկումներ, փաստերով ներկայացնելու ենք ամբողջը, որպեսզի ժողովուրդն էլ տեսնի, թե ինչպիսի իրավական, հակաքաղաքական մեթոդներով է իրականացվում այս զավթման գործընթացը։ Իրականացվելու են առանձին ներկայացումներ իրավապահ մարմինների գործողությունների ուղղությամբ՝ դատախազություն, ոստիկանություն և այլն։ Ներկայացվելու է Զինված ուժերի կազմալուծմանն ուղղված գործողությունները՝ որպես հատուկ նպատակային գործողություններ։  Այդ մեխանիզմների խեղաթյուրումները, որոնք այսօր առկա են Ազգային Ժողովում, երբ իշխող քաղաքական մեծամասնությունը ակնհայտ զավթում է միջազգային պառլամենտական սկզբունքով, պետական օրենսդրությամբ ամրագրված հասանելի որոշակի լծակներ, ինչպես է ձևախեղվում պառլամենտական համակարգը, մարդու իրավունքների պաշտպան համակարգը, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը»,- ասաց նա։

Պատգամավորը շեշտեց, որ իրենց նպատակն է ներկայացնել այս ուղղությունները, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ինչպիսի դավադիր ծրագիր է իրականացվում հայ ժողովրդի նկատմամբ։

«Հայ ժողովուրդը՝ իր միասնականությամբ, կարող է չեղարկել այն գործարքը, որը կարող է տեղի ունենալ։ Դրա համար շատ կարևոր է հանրությանը ճիշտ ներկայացնել  այս ամենը։

Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ իշխանության նենգափոխումներին՝ սկսած իրենց օգտագործած բառապաշարից, ավարտած՝ բանակցային գործընթացը խեղաթյուրելով, մանիպուլյացնելով»,- ասաց նա։