Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը, որն Արարատի մարզում վարկանիշային կարգով առաջադրվել է պատգամավորության թեկնածու, «Իրատեսի» հետ զրույցում հավաստիացրեց՝ դաշնակցականներն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում են իշխանություն ունենալու համար։ Ըստ նրա, նախընտրական շրջանը հեշտ չէ, քանի որ մասնակցում է 11 ուժ, բայց ընտրապայքարին պետք է դուրս գալ առաջինը լինելու ձգտումով:
-Մեզ մրցակից ենք համարում հավասարապես բոլորին և փորձելու ենք այս կարճ ժամանակահատվածում հնարավորինս ամբողջացնել մեր քարոզարշավը։ Քաղաքացիներին հայտնելու ենք բոլոր այն մոտեցումները, որոնք այս փուլում կարևոր ենք համարում, առաջին հերթին, երկրի զարգացման կոնցեպտուալ, երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը։
-Ի տարբերություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների՝ խորհրդարանական ընտրություններին պայքարը, ըստ Ձեզ, գաղափարական դաշտ կտեղափոխվի՞:
-Ավագանու ընտրությունների քարոզարշավին դաշնակցությունը մասնակցել է կայացած ուժին հարիր ձևով և բովանդակությամբ, բայց ցավալիորեն աղմուկ էր, և այդ աղմուկի մեջ լսելի չդարձավ բանական խոսքը։ Հետաքրքիրն այն էր, որ հայտարարված «սև» ուժերը չէին էլ մասնակցում ընտրություններին ու քաղաքական գործոն չէին։ Բայց եղավ այն, ինչ եղավ: ԱԺ ընտրությունները պետք է անցկացնել գաղափարական դաշտում ու ծրագրային պայքարի ծիրի ներքո։ Չկա ավելի կարևոր քաղաքական գործընթաց, քան խորհրդարանական ընտրությունը պառլամենտական կառավարման համակարգ հռչակած երկրում։ Չի կարելի այս ընտրությունների ընթացքը ձևախեղել, ինչն առաջին հերթին կխանգարի ընտրության առջև կանգնած մեր քաղաքացիներին: Հանրությանը չի կարելի զրկել իր ու երկրի հոգսերի, խնդիրների և առաջարկվող լուծումների մասին լսելու հնարավորությունից։ Պետք է գնալ բացառապես ծրագրային ուղով, այստեղ Դաշնակցության ասելիքներն ու բերվող հիմնավորումները ծանրակշիռ են՝ սկսած անվտանգության ու պաշտպանության, ավարտած սոցիալ-տնտեսական, զարգացման ու կայացման տեսլականներից:
-Սեղմ ժամկետներում ինչպե՞ս եք հասցնելու շփվել ընտրողների հետ, ստանալ նրանց վստահության քվեն:
-Ժամանակն իսկապես սահմանափակ է, ու ես այդ առումով բավականին բարդությունների առաջ եմ կանգնել: Առաջադրվել եմ Արարատի մարզում, որն ունի 90-ից ավելի գյուղական և 4 քաղաքային համայնք, իսկ ակնկալվող արդյունքն ապահովելու համար հարկ է այցելել բոլոր բնակավայրերն ու ժողովրդին ներկայացնել ծրագրերը, որոնք ցանկալի է դառնան հանրության սեփականությունը, ինչն էլ ծանրութեթև անելով՝ վստահության իրենց քվեն ինձ տան: ՈՒղղակի հրաշալի կլիներ, եթե քաղաքացին կիրառեր թեկնածուին քննելու գործիքը՝ հիշելով, թե ինչ են իրեն խոստացել քարոզարշավի ժամանակ և ինչ են արել ընտրություններից հետո, և ըստ այդմ որոշել՝ նորի՞ց ընտրել նույն թեկնածուին, թե՞ այս անգամ պատժել նրան։ Ես քարոզարշավին մասնակցելու եմ ավելի հրապարակային ճանապարհով, կարճ ժամանակը կոմպենսացնող մեթոդով։ Քարոզարշավի ընթացքում փորձելու եմ ամբողջական և մրցակցային լինել, առավել ընդգրկուն ներկայացնել համապետական խնդիրների ու դրանց լուծումների մասին իմ պատկերացումները: Կիրառելու եմ շատ պարզ գործիքներ, հանրության հետ խոսելու եմ հստակ և ուղիղ, ասելու եմ` ինչն է վատ, ինչին եմ դեմ, և ինչպես պետք է շտկել:
-Բայց ինչպե՞ս եք համոզելու հասարակությանը, եթե ֆավորիտն այժմ մեկ ուժ է:
-Եթե դիտարկենք ծրագրերը, ապա կտեսնենք, թե իրականում ում ծրագիրն է ֆավորիտային։ Դիմում եմ քաղաքական բոլոր ուժերին` բերեք ձեր պատկերացումները երկրի զարգացման մասին, թե ինչ տեսակի երկիր եք ուզում ունենալ, մենք էլ մերը բերենք, խումբ ստեղծենք, քննարկենք, հանրությունն էլ որոշի ֆավորիտին։
-Առաջադրվելով վարկանիշային կարգով՝ կցանկանայի՞ք, որ այդ ընտրակարգը չգործեր:
-Ի սկզբանե ասեմ՝ Դաշնակցությունը դեմ է գործող Ընտրական օրենսգրքին, որն իր մեջ անարդարության տարրեր ունի: Մի ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային թեկնածուն կարող է շատ քվե ստանալ և չընտրվել, իսկ քիչ ստացողը՝ գնալ խորհրդարան։ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը, որն այդպես էլ չընդունվեց խորհրդարանի կողմից, իր թերություններն ուներ, և, օրինակ, ամբողջապես փակ ցուցակները քաղաքացուն կարող էին զրկել իր իսկ ցանկությամբ ու անմիջական մասնակցությամբ խորհրդարանի ձևավորումից: Տապալված օրինագիծն ուներ նաև լավ կարգավորումներ, բայց խաղի կանոններն արդեն գծված են, և բոլորը ստիպված են մասնակցել այդ կանոններով։
-Դուք ՀՅԴ-ի համեմատաբար երիտասարդ ու «թարմ» դեմքերից եք, ի՞նչ նորարարություն եք բերելու ձեր թիմ ու առհասարակ քաղաքական դաշտ:
-Ներկուսակցական շրջանակների համար այնքան էլ նոր դեմք չեմ մի պարզ պատճառով՝ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ եմ, ինչը նշանակում է կուսակցական որոշակի տարիք, քաղաքական գործառույթների և մասնագիտական հանձնախմբերի աշխատանքային փորձ։ Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ և դաշնակցական տնտեսագետների հետ բազմաթիվ ուսումնասիրություններ եմ արել, օրինակ, Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհի ներդրումային ծրագրի խնդիրների, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրների, բենզինի և դիզելային վառելիքի շուկաների խնդիրների, մանրածախ առևտրում տեղի ունեցող խնդիրների և բազում այլ ոլորտների մասին։ Եվ այժմ ժամանակն է, որ փորձս ու գիտելիքներս ծառայեցնեմ ի նպաստ երկրի զարգացման ու բարօրության:
-Տպավորություն է, թե կուսակցություններն առավել ընդդիմադիր երևալու տիտղոսը ստանալու պայքար են տանում: Սա, ի վերջո, քաղաքակա՞ն պայքար է, թե՞ ընդդիմություն դառնալու:
-Կա պարզ քաղաքագիտական հասկացություն՝ եթե իշխանություն չես, ապա ընդդիմություն ես: Եթե կուսակցությունը չի ձգտում իշխանության, ապա պետք է վերաձևակերպվի, օրինակ, հասարակական կազմակերպության և փոխի իր կազմակերպաիրավական ձևը։ Ինչ խոսք, երկրին անհրաժեշտ են փոխզսպող և հակակշռող ուժեր ու մեխանիզմներ, որոնք կենտրոնանում են ընդդիմության ձեռքում, բայց Դաշնակցությունն առաջին ընդդիմություն լինելու պայքարի մասնակիցը չէ: Մենք համակարգի կայացման կողմնակից ենք, ինչի համար էլ գնում ենք հաղթելու։
-ՀՅԴ-ն ներառված էր համաձայնության կառավարությունում, ուներ որոշակի պորտֆելներ, հնարավո՞ր է նախկինում ունեցած լծակներն ինչ-որ ձևով ծառայեն ընտրություններին, ու, այսպես ասած, «ձայն բերեն»:
-Դաշնակցությունը, այո, մաս էր կազմում ազգային համաձայնության կառավարության, իսկ կուսակցական իմ ընկերները, թեկուզ կարճ ժամանակում, բայց իրենց նվիրումով, պատասխանատվության բարձր գիտակցումով հասցրին լավագույնս դրսևորվել: Մեր թե՛ նախարարները, թե՛ մարզպետներն առաջնորդվել են երկրի շահերով, կատարած աշխատանքով կուտակել են վարկանիշ, առավել լայն շրջանակների մոտ ձևավորել են հարգանք և այժմ այդ ամենը կիրառելու են քվեներ ստանալու համար։ Իսկ պաշտոններով ձայներ բերելու էջը մեր երկրում փակված է, մանավանդ որ ո՛չ դրա կողմնակիցն ենք, ո՛չ էլ այժմ պաշտոն ունենք։
Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ