կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-16 13:00
Հասարակություն

Իր անցյալն ուրացողն ապագա չի կարող ունենալ. Արծվիկ Մինասյան

Իր անցյալն ուրացողն ապագա չի կարող ունենալ. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ-ն երբևէ անցյալի վերադարձի դիրքերից հանդես չի՛ եկել, չի՛ գալու: Այս մասին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա` նախկին իշխանական ձևաչափերը վերադարձնելու որևէ հնարավորություն և շանս չկա: «Մեզ համար դա իսկապես անցյալ է: Սակայն պետք է նաև անցյալի դասերը լավ սերտենք, որպեսզի կարողանանք ներկայի և ապագա հարաբերությունները` երկրի ներսում և սահմաններից դուրս, կառուցել ճշմարիտ նպատակների շուրջ: Իսկ այդպիսի ճշմարիտ նպատակները, միանշանակ, կառուցված են մեր ազգային, պետական ուղեգիծը պահպանելու վրա: Դա Արցախյան ազատագրական պայքարի արդյունքում ազատագրված Հայրենիքն է, որ պետք է ապագա սերունդներին թողնենք ավելի պաշտպանված և ավելի ընդլայնված, քան մենք ենք ժառանգել սովետական ժամանակաշրջանից, դա մեր մշակույթն է, մեր դպրոցն է, մեր կրթությունը, մեր լեզուն, մեր եկեղեցին: Այս ամենը, ի վերջո, մեր ազգային ողնաշարն է: Այս ազգային ողնաշարին վնասող ցանկացած գործողություն, այդ թվում` անցյալում վնասած գործողություն, պետք է բացառենք: Մերժելի են բոլոր բացասական դրսևորումները, որոնք եղել են անցյալում»,- նշել է Մինասյանը:

Ըստ նրա` այնուամենայնիվ, պետք է արժանին մատուցել և շնորհակալություն հայտնել այն անձանց ու քաղաքական ուժերին, որոնց հետ ՀՅԴ-ն համագործակցել է իր անցած ճանապարի ընթացքում: «Նշածս հարցերում մենք նրանց հետ կարողացել ենք ունենալ ձեռքբերումներ` նախևառաջ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում, Արցախի միջազգային ճանաչման հարցում: Սա նաև հնարավորություն է, որ մենք պարզ ճակատով նայենք մեր անցյալին և վստահաբար` մեր ապագային: Մենք ուրացող չենք, բայց, նաև մեր սխալները գիտակցելով  ըմբռնելով, թերությունները ընկալելով հանդերձ, երբեք գլուխներս չենք կախում, որովհետև, անգամ եթե որևէ տեղ թերացել ենք, եղել է ոչ թե կանխամտածված ` այս կամ այն խմբի շահի հետևանք, այլ հայ ժողովրդի պահանջին համահունչ առաջ գնալու գործողություն»,- ասել է Մինասյանը` հավելելով. «Ես կարծում եմ` նա, ով իր անցյալն ուրանում է, ապագա չի կարող ունենալ: Սա վերաբերում է նաև մի քաղաքական ուժի, որը 128 տարվա պատմություն ունի»: