կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-14 13:35
Առանց Կատեգորիա

Հայաստանի արտաքին քաղաքականությունը չափազանց անորոշ է. Իրանում հայ պատգամավոր

Հայաստանի արտաքին քաղաքականությունը չափազանց անորոշ է. Իրանում հայ պատգամավոր

Վերջերս Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Սա ի՞նչ ազդակ էր Հայաստանին, ի՞նչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում: Վերջապես, ի՞նչ քաղաքականություն է վարում ներկայումս Հայաստանը Իրանի հետ, հաշվի առնելով, որ չնայած բազում հայտարարությունների, վարչապետ Փաշինյանն այդպես էլ դեռ Իրան չի այցելել` երկու անգամ հրավեր ստանալուց հետո: Այս իրավիճակի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցեց Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանի հետորն անդրադառնալով ներկա հայ-իրանական հարաբերություններին եւ Բոլթոնի հայտարարություններին փաստեց.

«Որոշակի անհանգստություն իրանական կողմն ունի»

– Հայ-իրանական հարաբերություններում, համենայնդեպս, ներկա պահին, խիստ վտանգավոր իրավիճակ չկա, բայց անորոշություններ կան: Այդ անորոշություններն էլ իրանական կողմը դեռեւս փորձում է կապել ՀՀ-ում ներկա ներքաղաքական իրավիճակի եւ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ: Ընտրություններից հետո, ուզում ենք հավատալ, որ ներկա անորոշությունները իսպառ կվերանան: Որովհետեւ, այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը չափազանց անորոշ է, եւ տպավորություն կա, որ արտաքին քաղաքականությունը ենթակա է ներքին քաղաքական կյանքին: Հուսանք, որ ընտրություններից հետո այդ անորոշությունը կվերանա, եւ ներկայիս իշխանությունները կշարունակեն նախորդների վարած քաղաքականությունը Իրանի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Բոլթոնի արած Իրանի մասով, այսպես ասած, հեղհեղուկ հայտարարություններին, ապա այստեղ որոշակի անհանգստություն իրանական կողմը ունի: Թեպետ կրկին կարծում ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքը, որ յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի, իրապես այդպես է: Ինչը հավատ է ներշնչում, որ ներկա անհանգստությունները, անորոշությունները կվերանան ընտրություններից հետո:

Պարոն Խանլարյան, խոսակցություններ կան, որ վերջին ժամանակներս իրանական բեռնատարներն ինչ-ինչ խնդիրների են բախվում հայկական մաքսակետում:

– Այո, հնարավոր է, բայց չեմ կարծում, որ դա կապ ունի Հայաստանի` Իրանի նկատմամբ ինչ-որ քաղաքականության փոփոխության հետ: Իրանն այսօր մաքսանենգության երեւույթի դեմ լուրջ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի մաքսանենգության հետ կապված խնդիրները առհասարակ վերանան Իրան-Հայաստան սահմանագծի վրա: Այդ իմաստով չեմ կարծում, որ դա որեւէ կապ ունի Հայաստանի հետ:

«ԱՄՆ պատժամիջոցները կարող են տարածաշրջանում շատ լուրջ վտանգներ բերել»

ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները արդեն իսկ զգացնել տալիս են Իրանում: Առհասարակ, ի՞նչ վտանգներով է հղի այս իրավիճակը տարածաշրջանի համար:

– Պատժամիջոցները, իրապես, իրենց բացասական հետքերը թողել են Իրանում: Դոլարի կուրսը եռապատիկ է դարձել, ինչն արագորեն ազդում է տնտեսության բոլոր ոլորտների վրա: Շատ դժվար է այսօր ինչ-որ կերպ շրջանցել, դիմագրավել այդ պատժամիջոցներին: Իհարկե, իշխանությունները կարողանում են դեռեւս դիմագրավել նավթային սանկցիաներին, որովհետեւ ունեն այդ կամքը: Միաժամանակ, Իրանի համար նավթային սանկցիաներին դիմագրավելը այդքան էլ բարդ չէ, քանի որ ունի այդ հնարքների գործիքները: Այսինքն, թե՛ իշխանությունները, թե՛ գործադիր եւ դատական մարմինները ունեն կամք եւ կարողանում են դիմագրավել Դոնալդ Թրամփի քաղաքական քմահաճույքներին: Կարծում եմ` գերտերությունները շատ լավ հասկանում ու գիտակցում են, որ եթե Իրանին փորձեն մեկուսացնել նավթային իմաստով, շատ դժվար իրավիճակ կստեղծվի: Որովհետեւ, նավթային ռեսուրսները` նկատի ունեմ Սաուդյան Արաբիայի, Իրաքի, շատ արագ կսպառվի: Արդյունքում, աշխարհը կկանգնի էներգետիկայի մի նոր խնդրի առաջ: Այնպես որ, ԱՄՆ-ն վաղ թե ուշ պարտավոր է լինելու վերանայել Իրանի նկատմամբ իրականացվող սանկցիաների քաղաքականությունը: Իհարկե, ԱՄՆ ունի այն հավակնությունները, որ կարող է ինքը հանդես գալ, որպես նավթի գլխավոր մատակարար, բայց ես չեմ կարծում, որ դա այդքան հեշտ բան է: Եվ վաղ թե ուշ Եվրոպան եւ առհասարակ՝ աշխարհը էներգետիկայի խնդիրների դեմ հանդիման կկանգնեն, եւ հենց այդ ժամանակ արդեն անհրաժեշտություն կլինի վերանայելու ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունը: Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա իսկապես ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են շատ լուրջ վտանգներ բերել: Կարծում ենք, որ այս առիթով Հայաստանը, որպես Իրանի բարեկամ երկիր, առիթը չպետք է բաց թողնի իր, այսպես ասած, խոսքը հասցնելու ԱՄՆ-ին: Հայ-իրանական հարաբերություններում երկուստեք համագործակցությունը շարունակելու տրամադրություն, ամեն դեպքում, նկատվում է: Տեսնենք:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ