կարևոր
3676 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-03 17:36
Քաղաքական

Ադրբեջանի դեմ պատժամիջոցները չափազանց կարևոր են՝ հաշվի առնելով կատարվածի ծանրությունը. ԵԽ պատգամավոր

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ 2022թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելություն է  ժամանել Հայաստան։

Պատվիրակության կազմում են Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։ Պատվիրակության անդամներին ուղեկցում են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Պատվիրակության անդամները նախօրեին այց են կատարել Սյունիք, հանդիպել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր և հանդիպել քաղաքացիական բնակչության հետ։

«Մեծապես մտահոգված ենք և դատապարտում ենք ադրբեջանական ագրեսիան, որ տեղի ունեցավ սեպտեմբերին Հայաստանի տարածքային ամբողջականությամբ նկատմամբ, այն դաժանությունները, որոնք թույլ են տրվել ռազմագերիների նկատմամբ։ Սրանք մարդկության դեմ հանցագործություններ են»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։

Նա հույս հայտնեց, որ պատասխանատուները կպատժվեն։ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի խոսքով, դատապատելի է, որ դեռ 2020 թվականից Բաքվում գտնվող հայ ռազմագերիները չեն վարադարձվում հայրենիք։ Դատապարտեց նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Ադրբեջանի կողմից։  Ֆաբիո Մասիմո Կաստալդոն ստահեցրեց, որ շարունակելու են պայքարել հասնելու ԵՄ-ի ավելի հասցեական վերաբերմունքի։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ընդգծեց, որ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով, ոչ թե պարտադրանքով։ 

«Անհրաժեշտ է հակամարտությունը լուծել միայն դիվանագիտական ճանապարհով, միաժամանակ հաշվի առնելով, որ ցանկացած դիվանագիտական լուծում պետք է լինի արդար,  հավասարակշռված, պետք է իրականացվի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ լիարժեք հարգանքով և հաշվի առնելով մարդկանց ինքնորոշման իրավունքը, մասնավորապես Արցախի հայերի»,- ասաց Եվրոպական Խորհրդարանի պատգամավորը՝ հավելելով, որ իրենք այս ուղղությամբ կշարունակենք իրենց ջանքերը։

Նա հայտնեց, որ այս պահին քննարկումներ են ընթանում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովում, վստահ է, որ փաստահավաք առաքելության, քննարկումների ընթացքում իրապես արժեքավոր տեղեկատվություն կհավաքագրեն, հույս հայտնեց, որ կկարողանան հասնել օբյեկտիվ իրականությանը, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական դիրքորոշումների, որոնք վերացել են իրողությունից, կարող են արտահայտվել ինչ-որ շրջանակներում, որևէ երկրում։ 

Հարցին՝ քայլեր ձեռնարկվո՞ւմ են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման համար, քանի որ ԵԽ կողմից հնչող կոչերը չեն զսպում Ադրբեջանին, Ֆաբիո Մասիմո Կաստալդոն պատասխանեց․ «Եթե նայենք իրավիճակի համատեքստին, ապա Ադրբեջանը փաստացի բռնազավթել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ, դա փաստ է, և, հետևաբար, քանի որ այս հարձակումների ծանրությունը և դրանց հետևանքով առաջացած բռնազավթումը քննարկվում է Եվրահանձնաժողովի կողմից, կհանգեցնի այն իրավիճակի, որ ագրեսորը կհասկանա, որ պատժվելու է։ Այդ դեպքում կարող է զսպել իր գործողությունները։

Պետք է նաև տեղյակ լինել, որ Եվրամիության աշխատակարգերում որոշումները կայացվում են ԵՄ խորհրդի կողմից, այսինքն գործադիր ճյուղի կողմից, 27 երկրների համաձայնությամբ և նույնիսկ մեկ երկիր կարող է վետո դնել և ցանկացած սանկցիա արգելել։

Սա նշանակում է, որ դժվար է փոխհամաձայնության գալ։ Առանձին, անհատական պատժամիջոցներ կլինեն այն քաղաքական իշխանությունների, պատասխանատուների համար, որոնք հրամայել են, օրինակ, գնդակահարել ռազմագերիներին, որոնք մարդկության դեմ հանցագործություններ են գործել։ Սա, իհարկե, իմ անձնական դիրքորոշումն է որպես Եվրախորհրդարանի  անդամ։

Հուսով լինենք, որ մենք կկարողանանք գտնել կոնսենսուս կառավարությունների միջև։ Եվրախորհրդարանը միայն կարող է քաղաքական ուղերձով հանդես գալ։ Մենք պատժամիջոցներ գործադրելու լիազորություն չունենք, կարող ենք ընդամենը դիմել իշխանություններին, ԵՄ անդամ երկրների կառավարություններին և հայցել համապատասխան գործողություն։ Ցավոք, նրանց պարտադրելու լծակ չունենք։

Իմ կարծիքով, հաշվի առնելով տեղի ունեցածի ծանրությունը, վստահաբար, պատժամիջոցները չափազանց կարևոր են, և այդ հնարավորությունը պետք է քննարկվի»։