Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսպիսին է մեր իրողությունը՝ կապված ՀՀ վարչապետի չընտրության, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների և, վերջապես, հին վարչապետի նոր ընտրության հարցում: Որ տարօրինակ ժամանակներ ենք ապրում, և ոչինչ արդեն զարմանալի չէ, շատերս ենք համոզվել: Որ փետրվարը 31 օր կարող է ունենալ, դա էլ ամենավտանգավորը չէ: Նույնիսկ օրենքի տառին է համապատասխանում այն, որ կարող ես առաջադրվել վարչապետ ու ամեն ինչ անել, որ քեզ չընտրեն, և այդ չընտրությունը դիտվի որպես մի նոր առաջընթաց նոր Հայաստանում: Սա էլ կարող ես մի կերպ համոզել սեփական մտքիդ: Բայց դե սա էլ ամենաանկանխատեսելի ու վտանգավոր վիճակը չէ:
Պարտադրված սիրո և անհամերաշխության այս վիճակն էլ կանցնի, սակայն ամենակարևորն է մնում անորոշ՝ Փաշինյանից բացի, ովքե՞ր են գալու իշխանության, ի՞նչ թիմ է նստելու կառավարությունում ԱԺ դեկտեմբերյան «վազող» ընտրություններից հետո: Արդյո՞ք այսօրվա թիմն է մնալու կառավարությունում, թե՞ այլ` նմանատիպ կամ տարբերվող մարդիկ են գալու: Եվ, վերջապես, այն բազմաթիվ մարտահրավերները, որ կանգնած են մեր առջև, այս նոր եկողները կարողանալո՞ւ են պատվով տանել, թե՞ էլի սկսվելու է արդարացումների երկարաշունչ շարան ու մեղադրանքների տարափ նախկին իշխանությունների հասցեին: Որ նախկինում ամեն ինչ լավ չի եղել, դժվար է վիճել, որ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը ձախողվել է, և դա մեր ողջ ժողովրդի ու պետության ձախողումն է, ևս փաստ է: Բայց արդյո՞ք այսօր կարող ենք վստահ լինել, որ նոր Հայաստանում արժանապատիվ հայ մարդը, արժանապատվության մասին բանավոր ու հրապարակային հայտարարություններից այն կողմ իրո՛ք ապրելու է արժանապատիվ, իրո՛ք չի լքելու հայրենիքը, իրո՛ք ստանալու է արժանապատիվ աշխատավարձ ու թոշակ, կարողանալու է գտնել աշխատանք կամ հնարավորություն հավասար պայմաններում զբաղվելու է ձեռներեցությամբ: Իհարկե, այս հարցերին շատերը կպատասխանեն՝ դրա համար ժամանակ է պետք, սակայն չմոռանանք, որ նախորդ իշխանություններն էլ 30 տարի նույն էին ասում ու չէին հոգնում այն ամբողջ ուժով պաշտպանելուց:
Լավագույն ապագայի լավագույն երաշխիքը լավագույն ներկան է, իսկ վերջինս, խոստովանենք, գոնե կադրային քաղաքականության առումով, այնքան էլ հուսադրող չէ, եթե չասենք՝ հիասթափեցնող է: Ի՞նչ է սպասվում մեզ դեկտեմբերից հետո՝ կադրային նույնպիսի ձախողո՞ւմ, թե՞, այնուամենայնիվ, նոր իշխող ուժը կհաղթահարի այս անցանկալի վիճակը:
Փաստը մնում է փաստ՝ ժողովուրդն ինչքան էլ ատի նախկին իշխանություններին, բացառի նրանց վերադարձն ու պաշտի Փաշինյանին, անհրաժեշտ է, որ գործադիրում և ՏԻՄ-երում լծակները լինեն մասնագիտական բավարար կարողություններ ունեցող մարդիկանց ձեռքում, այլապես ազգովի կհայտնվենք մի նոր, անորոշ ու չերազված տեղ ու կասենք՝ էլի՛ չստացվեց: Ու դարձյալ կփնտրենք փրկիչների… Իսկ փրկությունը ճիշտ քաղաքականության, միահեծան իշխանությունից խուսափելու, ճիշտ կադրեր ընտրելու մեջ է և ոչ թե որևէ «գերբնական» անձի կերպարում: Որևէ ծովի մեծ ալիք դեռ չի մնացել իր բարձրության վրա, այն իջել է և ձուլվել աղի ջրերում, և պետք է հասկանալ՝ համակարգերն են, որ երաշխավորում են կայունությունն ու առաջընթացը և ոչ թե մեսիաները, որոնք իրենց թիկունքում չունեն համարժեք ծրագրեր ու հետևորդներ: Գաղափարներն անպետք են ու անպտուղ, եթե դրանց իրագործողները չկան ու չեն էլ նշմարվում: Չընտրությունից ընտրություն մեկ ամիս է, հուսանք, որ հասարակությունը չի ընտրի միայն հնի մերժման տրամաբանությամբ:
Ընտրություններում չեն ընտրում միայն իշխանություն, քվեարկում են նաև ընդդիմության օգտին: Հայաստանին այսօր ինչքան որ անհրաժեշտ է լուրջ իշխանություն, այդքան էլ անհրաժեշտ է լուրջ ընդդիմություն՝ զինված ազգային արժեհամակարգով, երկրում սոցիալական արդարության հաստատման ծրագրերով և Արցախյան հարցում սկզբունքային անզիջող կեցվածքով: Հեղափոխական իշխանությանը պետք է ավելի լավ հսկել ու հակակշռել, այլապես հիասթափությունները կարող են լինել նույնչափ հեղափոխական ու գրեթե երաշխավորված:
Արտակ Սարգսյան