կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-25 11:12
Քաղաքական

Գիտե՞ք որևէ երկիր, որտեղ հրապարակում է ընտրվում «ժողովրդի թեկնածուն». Կարեն Կարապետյան

Գիտե՞ք որևէ երկիր, որտեղ հրապարակում է ընտրվում «ժողովրդի թեկնածուն». Կարեն Կարապետյան

Որևէ ձևաչափով հանդիպում պետք է կազմակերպվի և քննարկվի, թե ինչպես պետք է դուրս գանք ստեղծված իրավիճակից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ անկայուն վիճակը մեր երկրին օգուտ չի կարող տալ: «Պետք է մաքսիմալ սթափ մտածել՝ ինչ ենք ուզում: Մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ: Թողնենք` քաղաքական ուժերը նստեն, պայմանավորվեն, և չճնշենք իրար»,- ասաց Կարապետյանը:

«Ինչպե՞ս պետք է ժողովրդի վարչապետի թեկնածուն ընտրվի, հնարավո՞ր է` ընտրվի այնպես, ինչպես Փաշինյանն է ասում» հարցին Կարապետյանը պատասխանեց, որ ինքը որևէ երկիր չի տեսել, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում, դրա համար գոյություն ունեն ընտրություններ: «Այնտեղ կան նաև քաղաքացիներ, ովքեր ուզում են` Փաշինյանը լինի վարչապետ, մյուսները՝ մեկ ուրիշին են ուզում, ինչպե՞ս հաշվենք: Գիտե՞ք որևէ երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Դրա համար էլ մենք առաջարկում ենք արտահերթ ընտրություններ իրականացնել, և եթե նա է ժողովրդի ընտրյալը, նա էլ կընտրվի: Սահմանադրությունը չի արգելում, որ ԱԺ-ում նրանց կուսակցությունն առաջադրի իր թեկնածությունը»,- ասաց Կարապետյանը:

Հարցին` բացառո՞ւմ է այս տարբերակը, որ իշխանությունը կգնա այս քայլին, նա պատասխանեց, որ բացառում է, որ ժողովրդի ընտրյալը նման կերպ կընտրվի: «Ժողովրդի ընտրյալին ընտրությամբ են ընտրում: Ես չեմ բացառում, որ ժողովրդի ընտրյալն էլ կլինի վարչապետի թեկնածու, բայց ոչ ընտրվի այն տարբերակով, ինչպես Փաշինյանն է ասում»,- ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ 2017-ին ունեցել ենք ընտրություններ ու ֆիքսել, որ ավելի լավ են անցել, քան նախորդները, և այս ընտրությունն էլ ուզում են, որ ավելի լավը լինի, քան 2017-ինը:

Ըստ Կարապետյանի` ժողովրդի ընտրյալին ընտրելու մեկ տարբերակ կա` ընտրությունը: «Թող քաղաքական ուժերը հանդիպեն, որպեսզի այնպես չստացվի, որ մեկ քաղաքական ուժի կամքով է ամեն ինչ լինում: Ես հարգում եմ բոլոր քաղաքական գործիչների կարծիքը և հասկանում` կարելի է քննադատել, բայց չի կարելի վերջնագրերով ասել` սա չպետք է լինի, նա պետք է ղեկավար լինի: Ո՞վ է դա որոշում, պետք է ընտրություն կատարվի: Մենք ուզո՞ւմ ենք դիկտատուրա լինի մեզ մոտ: Այնպես չէ, որ ես եմ բացառում Փաշինյանի առաջարկած ընտրության տեսակը, այլ օրենքն է բացառում: Թող չասեն` մենք ժողովրդի ընտրյալն ենք, եթե ընտրություն չի կատարվել»,- ասաց նա:

Կարապետյանը նշեց նաև, որ գալիք ընտրությունները այնպես չէ, որ անթերի են անցնելու: Նրա խոսքով` պետք է հասկանալ, որ այն հիվանդությունները, խնդիրները, որոնք մեր հասարակությունն ունի, տեղափոխվում են քաղաքական կուսակցություններ, այդ թվում` մեր կուսակցություն: «Իմ առաջարկն է` բոլոր քաղաքական ուժերը նստեն ու բանակցեն: Պետք է վերադառնանք բնականոն կյանքին: Մենք սրանից լավ բան չենք ունենա»,- խոսքն ամփոփեց նա: