Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԸՕ բարեփոխումների նախագծի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ տպավորություն ունի, որ հերթական անգամ ստեղծել են խնդիր, որն ուզում են հերոսաբար հաղթահարել:
Ըստ նրա՝ եթե խոսում են ճգնաժամի առկայության, ֆորս մաժորի մասին, պետք է ճիշտ գնահատել, թե դրանք ինչի հետևանքով են առաջացել: Ռուստամյանի խոսքով՝ դրանց առաջացման պատճառը պարզ է՝ կա պարտադրանք՝ ամեն գնով ընտրություններն անցկացնել դեկտեմբեր ամսին, ինչն էլ լուրջ խնդիրներ է առաջացրել: «Օրենք ընդունենք, թե` ոչ, երկու պարագայում էլ գնում ենք ոչ լիարժեք, այսինքն՝ դրանից տուժելու է ընտրությունների որակը, քանի որ եթե չենք ընդունում այս օրենսգիրքը, մնում է հինը, որը մեզ՝ բոլորիս համար անընդունելի է, եթե ընդունում ենք, այն էլ` ոչ լիարժեք փոփոխություններ կատարելով, որի մասին ես դեռ կխոսեմ, ունենում ենք մի վիճակ, որ լրջագույն փոփոխություններ կատարված օրենսգիրքը մտնում է ուժի մեջ, և մեկ ամիս անց անցկացնում ենք ընտրություններ: Գնացեք, հարցրեք՝ աշխարհում միջազգային ժողովրդավարական ընտրությունների անցկացման փորձ գոյություն ունի: Եվ ոչ ոք չի կարող ասել, որ սա լավ պրակտիկա է»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ այստեղ ոչ թե Դաշնակցության կամ որևէ մեկի գնահատականի հարցն է, այլ կան ունիվերսալ ճշմարտություններ:
Ըստ պատգամավորի՝ սա հանգեցնելու է նրան, որ ամեն ինչ հարմարեցնելու են դեկտեմբերի ժամկետին: Ռուստամյանի մեկնաբանմամբ՝ անգամ հանձնաժողովների ձևավորումը, որը մինչ այժմ կարևորել են ու որոշել, որ պետք է մասնագիտական ուսուցում անցնեն, ձեռք բերեն որոշակի գիտելիքներ, հիմա դա էլ են հանել՝ ասելով, թե՝ ոչինչ, մարդը կարող է մասնագիտական ուսուցում չանցնի, բայց ընդգրկվի այդ հանձնաժողովի կազմում: «Չնայած այն հանգամանքին, որ նախկին հանձնաժողովի անդամներն էլ, որոնք ունեին մասնագիտական ուսուցում, այնուամենայնիվ, այս փոփոխված պայմաններին պետք է ադապտացվեն: Ես դեռ չեմ ասում այլ խնդիրները` որ մյուս քաղաքական ուժերին պետք է ժամանակ տրվի վերանայելու, վերադասավորելու ուժերը, ցուցակները կազմելու: Ասում են՝ յուրաքանչյուր 3-ի մեջ 1 կին պետք է լինի, այո, շատ լավ բան ենք արել, բայց մարդիկ դրան պետք է պատրաստվեն, չէ՞: Ես նման բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ ժամանակն անհրաժեշտ է ոչ թե ժամանակավաճառություն անելու, ժամանակ շահելու կամ չգիտեմ ինչի համար, քանի որ մենք ի սկզբանե արտահերթ ընտրություններին կողմ ենք եղել, այլ ժամանակն անհրաժեշտ է նորմալ, որակյալ ընտրություն անցկացնելու համար: Սա է խնդիրը»,- ասաց պատգամավորը:
Նրա հավաստմամբ՝ երբ իրենց հիշեցնում են, որ գործընթացը վաղուց են սկսել, իրար հետ համաձայնության պրոցես են անցել ամռանը, շատ լավ է, բայց թող հիշեցնեն նաև, որ այդ գործընթացն իմաստ է ձեռք բերում այն ժամանակ, երբ պայմանավորվածությունները տեղ են գտնում բերված նախագծի մեջ: Ռուստամյանը նշեց, որ իրենք 3 առաջարկություն են առանձնացրել իրենց՝ մեկ տասնյակից ավելի նախաձեռնություններից, քանի որ հենց այդ երեքի հետ կապված եղել է համաձայնություն՝ համաձայնել են բոլոր 4 քաղաքական ուժերը: «Հիմա մեզ ասում են՝ շատ լավ է այդ ամենը, բայց դեկտեմբերը թույլ չի տալիս դա անել: Այսինքն՝ ստացվում է՝ դեկտեմբերը դրել ենք ու ամեն ինչ պետք է հարմարեցնենք դեկտեմբերին: Իսկ ես խնդիրներ եմ տեսնում՝ հետո ԱԺ-ն ինչպե՞ս պետք է աշխատի: Այն երեք առաջարկությունները, որ մենք ներկայացրել ենք, իրենցից այնպիսի պարզագույն ճշմարտություններ են ներկայացնում, որի հետ վիճելն ուղղակի անիմաստ է: Տեսեք՝ բաց համամասնական ընտրակարգն ամբողջ աշխարհն է ընդունում, որ իսկապես ավելի ժողովրդավարական է: Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին, ապա դրանից 2 պատճառով էինք հրաժարվում՝ սա ոչ թե ուղղակի անձի ռեյտինգ է, այլ տարածքներով պայմանավորված ռեյտինգ: Երկրորդ պատճառն էլ այն է, որ մանդատ է ստանում մեկը, որը քիչ ձայն ունի»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ սրանց համար էին իրենք գործող ռեյտինգային համակարգից հրաժարվում:
Աշխարհը, սակայն, ըստ պատգամավորի, չի ասում՝ ռեյտինգային համակարգը վատն է, ընդհակառակը` սա համարում է շատ ավելի ժողովրդավարական:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ ինքը մեծ կասկածանք ունեմ, որ եթե մեկ քաղաքական ուժ ունենում է 2/3 մանդատ, որով կարող է փոխել Սահմանադրությունը, ապա մեծ գայթակղություն կա ուժեղացնելու իր իշխանությունը: «Այսօր, երբ խոսում ենք սուպերվարչապետական համակարգի մասին, ես վախենում եմ, որ վաղը գնանք սուպերնախագահական համակարգի: Մենք քանիցս ասել ենք՝ ընտրություններն ավարտվում են, բայց շահարկումները դրանց արդյունքի վերաբերյալ շարունակվում են՝ կե՞ղծ են եղել, թե՞ ոչ: Մենք միջոց ենք առաջարկել, որ դրանով ավարտվեն այս խոսակցությունները: Ինչո՞ւ ենք սրան էլ դեմ: Եթե ընդունում եք գաղափարը, սրանք գոնե անցումային դրույթների մեջ ներառեք: Մենք, բնականաբար, կողմ ենք ընտրական այս օրենքին, որովհետև, ի վերջո, ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որն առաջընթաց է ապահովել, երբեք դեմ չենք եղել»,-ասաց պատգամավորը:
Ռուստամյանը նշեց նաև, որ այս նախագծին էլ են կողմ, քանի որ իրենց առաջարկություններից ընդգրկվել են այնտեղ, բայց իրենց՝ կողմ քվեարկությունը չպետք է կապել դեկտեմբեր ամսվա՝ իրենց համար անընդունելի ժամկետի հետ: