Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-10-10 14:05
Քաղաքական

Նոր Հայաստանի կանոններով աշխատել ցանկացողները կշարունակեն պաշտոնավարել. Հայկ Մարության

Նոր Հայաստանի կանոններով աշխատել ցանկացողները կշարունակեն պաշտոնավարել. Հայկ Մարության

Այսօր նորընտիր ավագանու անդրանիկ նիստից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Հարցին, թե, իր կարծիքով, քաղաքապետարանում սև ուժեր կա՞ն, Մարությանը պատասխանեց, որ սև-սպիտակը  կախված էր միայն նախընտրական փուլի և ընտրություններին խանգարել-չխանգարելու հետ: Ճշտող հարցին՝ փոփոխություններ անելիս հաշվի չե՞ն առնվելու մարդկանց՝ սև կամ սպիտակ լինելը, Մարությանն արձագանքեց, որ հարցի իմաստը չի հասկանում: Պարզաբանմանը, որ, օրինակ, խոսքը կուսակցական պատկանելության մասին կարող է լինել, պատասխանեց, որ կուսակցական պատկանելությունն այս պահին կարևոր չէ: «Մեզ համար մարդու պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ լինելն է էական»,- հավելեց նա:

Մարությանի խոսքով՝  մարդիկ՝ պրոֆեսիոնալները, ովքեր ուզում են աշխատել նոր Հայաստանի կանոններով, պատրաստ են ծառայել Երևանի բնակիչներին, կարող են շարունակել պաշտոնավարել:  Ըստ նրա՝ բնականաբար, լինելու է նաև անհատական մոտեցում: «Գոյություն ունի ինստիտուցիոնալ հիշողություն, և եթե մարդն ունի դա ու պատրաստ է ծառայել, նրան հանել, բերել նոր մարդ, ով թեկուզ լավ մասնագետ է, բայց մինչև խորանա խնդիրների մեջ, ժամանակ կանցնի, ես չեմ տեսնում դրա պատճառը: Իմ որոշումը կայանալու է նաև այն փաստերի հիման վրա, թե արդյո՞ք կկարողանան այդ մարդիկ աշխատել նոր Հայաստանի կանոններով: Ինքնանպատակ ինչ-որ մեկին փոխելու ցանկություն չունեմ»,- ասաց նա:

 Մարությանն, այնուամենայնիվ, հստակեցրեց, որ այս ամենը չի նշանակում, որ բոլորը մնում են, քանի որ շատերը զբաղեցրել են պաշտոններ և չեն իմացել՝ ինչ են անում: