կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-15 13:19
Տնտեսական

Խաղի նոր կանոններով եկամուտների վերաբախշման հարց ենք լուծելու. Կարեն Ճշմարիտյան

Խաղի նոր կանոններով եկամուտների վերաբախշման հարց ենք լուծելու. Կարեն Ճշմարիտյան

Գործարարներն էլ են հայրենասեր: Մտածելով Հայաստանի տնտեսության հետագա զարգացման մասին` պետք է որոշակի դիրքորոշումներ, ընդհանրապես' իրավա-տնտեսական հարաբերությունների դաշտում փոփոխություններն ընկալեն ավելի ճիշտ. այսօր' կառավարության նիստից հետո, ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` պատասխանեով լրագրողների հարցին' ե՞րբ են Հայաստանի գործարար միջավայրում հաստատվելու հավասար պայմաններ, որ կառավարությունն այսօր բիզնեսի ներկայացուցիչներին մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ տվեց, արդյո՞ք հուլիսի 1-ից հետո հավասար պայմաններ են լինելու:

 

«Ի՞նչ է, մինչ այդ հայրենասեր չե՞ն եղել»,- հարցրեցին լրագրողները: Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, թե չի կարծում, որ հայրենասեր չէին, պարզապես տնտեսա-իրավական նոր հարաբերություններ են անհրաժեշտ:

 

«Մի տնտեսական փուլում ենք, երբ այս հարցի լուծումը, այսինքն' ստվերի կրճատումը, փոքր ու միջին ձեռնարկատիրության եւ խոշոր ձեռնարկությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը, ընդհանրապես` սոցիալ-տնտեսական զարգացմամբ նախատեսվող ծրագրին աջակցությունը, ծրագրի կատարումն էապես կախված է նրանից, որ բոլորն ընդունեն խաղի կանոնները»,- ասաց էկոնոմիկայի նախարարը' հավելելով, թե մինչ այդ էլ կային խաղի կանոններ, բայց բավարար չէին:

 

Խաղի նոր կանոնների սահմանման նպատակը, ըստ Կարեն Ճշմարիտյանի, ամենեւին էլ բյուջեի եկամուտներն ավելացնելու մեջ չէ, այլ, ավելի շատ, երկրում սպառման դաշտն ավելացնելու' եկամուտների վերաբաշխման հարցը լուծելու: Նախարարի խոսքերով' երբ եկամուտների կենտրոնացում է տեղի ունենում, դա երկրի տնտեսության համար բավական բացասական երեւույթ է:

 

«Իսկ եկամուտների վերաբաշխումը տնտեսության զարգացման հիմքերից մեկն է: Այսինքն' նոր իրավա-տնտեսական հարաբերությունների պայմաններում հետապնդել միայն մեկ նպատակ' որպեսզի եկամուտների հետագա վերաբաշխումը լինի ավելի ընդլայնված»,- նշեց նախարարը:

 

Նախարարը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի` «եկամուտների վերաբաշխում» ասելով, այսինքն` եկամուտները կլինեն ոչ թե կենտրոնացված, այլ վերաբաշխված հասարակության տարբեր շերտերի միջեւ: Ավելի պարզ`  նրանք, ովքեր կարողանում են ինչ-որ արդյունք ստեղծել, իրենց գործով զբաղվել, լիարժեք ներդնել իրենց մտավոր ու ֆիզիկական ունակությունները, դրա դիմաց կստանան համարժեք նյութական, բարոսյական, հոգեւոր եւ այլ փոխհատուցում:

 

Երբ լրագրողները հետաքրքրվեցին' հնարավո՞ր է, արդյոք, որ հուլիսի 1-ից հետո, օրինակ, շաքարավազի շուկայում նոր խաղորդ հայտնվի, էկոնոմիկայի նախարարն արձագանքեց. «Չեմ բացառում»:

 

Իսկ թե ինչո՞ւ է կառավարությունը դարձյալ խոսում ստվերի մասին, երբ 3 տարի պայքարում էին ստվերի դեմ, պայքարն անարդյո՞ւնք է եղել, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, թե չի կարծում, որ անարդյունք է եղել, բայց ավելի մեծ արդյունքներ են ակնկալում ստանալ:

 

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ կերպ է կառավարությունը պատրաստվում վարչական լծակներով խաղի կանոնները պարտադրել բիզնեսմեններին, եւ ի՞նչ է անելու, օրինակ, այն ձեռնարկատերերի հետ, ովքեր չընդունեն նոր խաղի կանոնները: Նախարարը պատասխանեց. «Կարծում եմ' ինքներդ ավելի լավ գիտեք...»:

 

Իսկ «ցավացնելու» զգուշացման առումով էլ փորձեց պարզաբանել. «Նրանք, ովքեր նորմատիվ ակտերի խախտում թույլ կտան, օրենքով սահմանված կարգով»: