կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-03 12:11
Հասարակություն

ԿԳՆ-ն մտափոխվել է. «Այբ»-ում չարաշահումներ չհայտնաբերվեցին

ԿԳՆ-ն մտափոխվել է. «Այբ»-ում չարաշահումներ չհայտնաբերվեցին

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նախարար նշանակվելուց օրեր անց «Այբ» դպրոցի հետ կապված հանդես եկավ հայտարարությամբ, որը շատերին զարմացրեց: Խնդիրն այն էր, որ «Այբ»-ում որևէ ուսումնասիրություն չէր արվել, սակայն արդեն իսկ գնահատականներ էին հնչում. ԿԳ նախարարը մասնավորապես մայիսի 20-ին հեռուստաեթերով հայտարարել էր. «Էլիտար դպրոցներին ԿԳՆ-ն չի աջակցելու, տերմեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցների»։

Սրան հաջորդել էր «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բաց նամակը, որում նշված էր, որ եթե նախարարն ակնարկում է «Այբ» դպրոցը, ապա այն որևէ ձևաչափով երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել, այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրամի կարգավիճակով:

Սակայն Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մայիսի 22-ին կրկին պնդեց իր կարծիքը՝ նշելով, որ հանձնարարել է «Այբ»-ում ֆինանսական աուդիտ իրականացնել: «Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է: Այսքանը…»,- հավելել էր նա: Նախարարն իր կարծիքը պնդել էր նաև լրագրողների հետ զրույցում

Ֆինանսական աուդիտը, սակայն, որոշ ժամանակ անց սահուն կերպով վերածվեց ուսումնասիրության, քանի որ պարզվեց, որ, ըստ «Այբ»-ի և ԿԳՆ-ի միջև կնքված պայմանագրի, այնտեղ ոչ թե աուդիտ, այլ ուսումնասիրություն պետք է կատարվեր:

Այնուհետև նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պարզվել է՝ անցած տարի հատկացված գումարներից` 666 մլն-ից շուրջ 250 մլն-ը չի ծախվել և հետագայում ձևավորվել է որպես կանխավճար: Հարությունյանը նշել էր, որ խումբ կստեղծվի, որը մոնիթորինգի կենթարկի Արարատյան բակալավրիատում (ԱԲ) ուսումնասիրության արդյունքները: Հուլիսի 4-ին էլ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրկին նշել էր, որ Արարատյան բակալավրիատի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են: Ուսումնասիրության արդյունքներն այդպես էլ դեռ չեն հրապարակվել, սակայն ԱԲ-ի՝  2018-19 ուսումնական տարում 24 մարզային դպրոցներում ներդնելու ծրագիրն ինքնին կասեցվեց:

Yerkir.am-ը դեռ օգոստոսի 15-ին գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՆ՝ տեղեկանալու, թե արդյո՞ք «Այբ»-ում ուսումնասիրությունները չեն ավարտվել, և արդյունքում` ի՞նչ է պարզվել: Ի պատասխան ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը մեզ տեղեկացրել էր, որ ուսումնասիրության շրջանակում առաջացել են հարցեր, որոնց պարզաբանման համար անհրաժեշտ է հավելյալ տեղեկատվություն: Նշվում էր նաև, որ բոլոր խնդրահարույց հարցերը կներառվեն ուսումնասիրության զեկույցում և կողմերի համաձայնության դեպքում կհրապարակվեն։ Փոխնախարարը նշել էր նաև, որ «Այբ» հիմնադրամին է ներկայացվել ԿԳՆ
տեսլականը բոլոր ավագ դասարաններում ԱԲ ծրագիրը ներդնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ խոսքը «Այբ» կրթական հիմնադրամի և ԿԳ նախարարի հնչեցրած գնահատականով՝ «տերմեսրոպների» հիմնադրած ծրագրի մասին է:

Ինչևէ, քանի որ ուսումնասիրության արդյունքները դեռ հրապարակման ենթակա չէին, Yerkir.am-ը սեպտեմբերի 6-ին ևս մեկ գրավոր հարցում ուղարկեց ԿԳ նախարարություն՝ տեղեկանալու, թե արդյոք կարո՞ղ են արդեն ինֆորմացիա տրամադրել, թե ինչ հարցերի մասին է խոսքը, և ի՞նչ խնդիրներ են առաջ եկել: Մեր հարցմանն ի պատասխան` Արևիկ Անափիոսյանը նշել էր, որ «Այբ»-ում իրականացվել է ուսումնասիրություն պետության կողմից դրամաշնորհի ձևով ֆինանսական աջակցության գումարների օգտագործման վերաբերյալ՝ հիմք ընդունելով դրամաշնորհի պայմանագրի ինչ-ինչ կետեր: «Ուսումնասիրության արդյունքում պարզվել են պլանավորված և փաստացի ծախսերի շեղումներ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԿԳՆ-ն «Այբ»-ի հետ քննարկում է պայմանագրի դադարեցման պայմանները»,- ասել էր փոխնախարարը:

Սակայն տիկին Անափիոսյանը ևս մեկ անգամ նշել էր, որ նախատեսվում է ուսումնասիրել «Կրթության զարգացման ազգային ծրագրի» շրջանակներում մշակված ռեսուրսները (բովանդակային), որից հետո հնարավոր կլինի հասկանալ այդ ռեսուրսների կիրառումը հանրակրթական բարեփոխումների նպատակով

2016-ին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը ԱԲ-ը համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին, և հենց  նույն թվականին էլ ՀՀ կառավարությունը հաստատեց ԱԲ-ը՝ որպես Հայաստանում պետական հանրակրթական ծրագիր: ԱԲ-ի հավաստագիրը ճանաչված է 9 երկրի 36 առաջատար համալսարանների կողմից, օրինակ՝ Քեմբրիջի, Լոս Անջելեսի, Կալիֆոռնիայի, Վիեննայի բժշկական համալսարանների, Լոնդոնի թագավորական քոլեջի և այլ ուսումնական հաստատությունների կողմից:

Yerkir.am-ը զրուցել է նաև «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մամիկոնյանի հետ: Նա նշեց, որ ԿԳ նախարարության ներկայացուցիչները հիմնադրամում երկու օր փաստաթղթերի ուսումնասիրություն, հարցազրույցներ են անցկացրել դեռ մայիս ամսին: Դրանից հետո մինչ օրս, Մամիկոնյանի հավաստմամբ, իրենք որևէ պաշտոնական եզրակացություն չեն ստացել:

«Թե՛ նրանց կողմից մեզ, թե՛ հարցազրույցների ժամանակ հայտարարվել է, որ ֆինանսական չարաշահումներ չեն հայտնաբերվել: Մենք նույնպես կարող ենք փաստել, որ մեր գործառույթների շրջանակներում չկա որևէ ծախս, որը չունի իր հիմնավորումը: Ինչ վերաբերում է պլանավորած և փաստացի ծախսերի շեղումներին, ապա խնդիրն այն է, որ ապրիլ ամսից ծրագիրը որոշակիորեն առկախված վիճակում է: Սեպտեմբերից ԱԲ-ի ծրագրով պետական 24 դպրոց պետք է մտնեինք, սակայն ծրագիրն առկախվեց, ու գումարների տնտեսում տեղի ունեցավ: Մենք որոշակի ավելցուկ ունենք, այսինքն՝ շեղումները գումարի ավելցուկն է»,- ասաց Մամիկոնյանը:

Խոսելով ԿԳՆ-ի հետ պայմանագրի լուծարման մասին՝ նա տեղեկացրեց, որ ամեն տարի դեկտեմբերին մյուս տարվա համար հաստատված որոշակի ֆինանսավորում են ունեցել, և յուրաքանչյուր տարվա համար կնքվել է դրամաշնորհի պայմանագիր, որի շրջանակներում միջոցառումների պլան է նախատեսված եղել: 2017-ին նույնպես կնքվել է պայմանագիր, ունեցել են պլան, սակայն, քանի որ ապրիլից առկախված է ծրագիրը, նամակով դիմել են ԿԳՆ՝ պայմանագրի լուծարման համար, քանի որ ստացվում է՝  այն  այսօր փաստացի չի գործում:

Այժմ ԿԳՆ-ն «Այբ»-ի հետ հետագա համագործակցությունն «Արարատյան բակալավրիատ»-ի շրջանակներում այլ կերպ է տեսնում. ինչպես փոխնախարար Արևիկ Անափիոսյանն էր նշել՝ իրենք ցանկանում են, որպեսզի ծրագիրը ներդրվի բոլոր ավագ դպրոցներում: «Այբ»-ը, ըստ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ԺՊ-ի, նույնպես նման հեռանկար է ունեցել, սակայն այդ արդյունքին պետք է փուլ առ փուլ հասնեին: «Այբ»-ը երկու տարի պատրաստվել էր, որպեսզի ԱԲ-ն ներդրվի 24 մարզային դպրոցներում: «Ուսուցիչներին, տնօրեններին ենք վերապատրաստել, և արդյունքում` այսօր ունենք շուրջ 100 վերապատրաստված ուսուցիչներ: Նրանք ունեն ԱԲ-ի՝ միջազգայնորեն ճանաչված դիպլոմ, այն ճանաչված է ավելի քան 50 խոշորագույն համալսարանների կողմից: Որպես արդյունք՝ ունենք նաև «Այբ»-ի շրջանավարտների փորձը, որոնց գերազանց արդյունքներն ու կարիերան արդեն իսկ տեսանելի են: Այսինքն՝ երկու տարվա մեջ մենք լիովին պատրաստ էինք ծրագիրը ներդնել 24 դպրոցում՝ բարձր մակարդակով, լիարժեք պատրաստվածությամբ, սակայն նախարարությունն ուզում է, որպեսզի այն ներդրվի բոլոր ավագ դպրոցներում (խոսքը մոտ 840 դպրոցի մասին է): Մենք նախարարությանը հայտնել ենք, որ պատրաստ ենք հասկանալ մեր դերն ու համագործակցել իրենց առաջարկած ձևաչափով»,- ասաց Մամիկոնյանը:

Նա նշեց նաև, որ իրենք նախատեսում էին փուլային զարգացում՝ 3 տարվա մեջ պետք է 150 դպրոցում ներդրվեր ծրագիրը, բնականաբար, որոշակի սկզբունքներ կան՝ դպրոցների, ուսուցիչների ընտրության: Իսկ բոլոր դպրոցներում ներդրումը, Մամիկոնյանի մեկնաբանմամբ, կախված պետք է լիներ առաջին փուլի արդյունքներից, ֆինանսավորումից:

Հիմա, երբ ԿԳՆ-ի ծրագրերը փոխվել են ԱԲ-ի հետ կապված, ամեն ինչ պետք է վերանայվի: ԱԲ-ն բոլոր դպրոցներում ներդնելու համար, Մամիկոնյանի խոսքով, կան մի շարք հարցեր՝  840 դպրոցը պե՞տք է պահպանել, թե՞ ոչ, քարտեզագրում արվե՞լ է, քանի որ կան գյուղեր՝ երկու ավագ դպրոց իրար կողք են, կամ ասենք՝ ինչ-որ գյուղում չկա ավագ դպրոց:

Մամիկոնյանի հավաստմամբ՝ ծրագրի բովանդակային ուսումնասիրություն, այնուամենայնիվ, ԿԳՆ-ի կողմից չի արվել դեռ:

Հարցին, թե, հաշվի առնելով փորձը, որ երկու տարի էր պահանջվել 24 դպրոցում ծրագրի ներդրման համար, որքա՞ն ժամանակ կպահանջվի ծրագիրը բոլոր ավագ դպրոցներում ներդնելու համար, նա պատասխանեց, թե դժվար է ասել, քանի որ նման հաշվարկ չի կատարվել: «Ամեն ինչ գուցե հնարավոր է, բայց չեմ կարող ասել, թե որքանով արդյունավետ կլինի, քանի որ ամեն ինչ կախված է ֆինանսավորումից, հաշվարկներից: Ամբողջական հաշվարկ չի կատարվել, բայց եթե ծրագրի ներդրումը փուլային չլինի, ահռելի մեծ գումարներ պետք կլինեն»,- ասաց Մամիկոնյանը:  

Ինչ վերաբերում է միջազգային գործընկերների հետ հարաբերություններին, ապա նա նշեց, որ նրանց հետ գործընկերային հարաբերություններում նման մոտեցում ընդունված չէ: Այնուամենայնիվ, ծրագիրը մինչև մայիս ամիսը, այսինքն՝ մեկ տարով կասեցվել է: «Մեր գործընկերներն ասում են, որ իրենք պատրաստ են բանակցել այն ձևաչափով, որով մենք մի հայտարարի կգանք նախարարության հետ: Սա մեզ համար համարելով ֆորսմաժոր՝ նրանք 1 տարվա կասեցման իրավունք տվեցին, և մինչև մայիս ամիս պետք է ինչ-որ ծրագիր ներկայացնենք»,- հայտնեց Մամիկոնյանը:

Ծրագրի ապագան, նրա գնահատմամբ, անորոշ է, և եթե այն շարունակվի, ապա կան որոշակի ֆիքսված սկզբունքներ, որոնք պետք է պահպանվեն, օրինակ՝ միջազգային ճանաչելիությունը, ԱԲ-ն բաղադրիչները…

Հիշեցնենք միայն, որ ծրագրի ներդրման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 2.5 մլրդ դրամ։ «Այբ» հիմնադրամից էլ տեղեկացնում են, որ հիմնադրամը ստեղծման օրից կրթության մեջ ներդրել է 30 մլն դոլար, իսկ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ներդրման համար հատկացվել է 240 մլն դրամ։ Ի դեպ, ծրագրի գործունեության ֆինանսական հաշվետվությունը տեղադրված է համացանցում: 

Կարինե Հարությունյան