կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-24 16:11
Քաղաքական

ԲՀԿ-ն մտափոխվել է` կողմ են սահմանադրական բարեփոխումներին

ԲՀԿ-ն մտափոխվել է` կողմ են սահմանադրական բարեփոխումներին

ԲՀԿ-ական պատգամավոր և կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ողջամիտ ժամկետներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհայտնի իր տեսակետը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ` առանց որևէ մեկից վախենալու կամ քաշվելու:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր հայտարարել է, որ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, և հիմա ԲՀԿ-ն, ըստ էության, կողմ է սահմանադրական փոփոխություններին: Նրանց կարծիքով` բարեփոխված Սահմանադրությունը բոլորովին էլ վերարտադրության խնդիր չի լուծում: Մելքումյանը նշել է նաև, որ ԲՀԿ-ն առաջիկայում կներկայացնի իր ամբողջական տեսակետը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

«Երբ խորհրդարանում անհրաժեշտ լինի մեր տեսակետը, մեր դիրքորոշումը ներկայացնելը, ողջամիտ ժամկետներում մենք կհայտնենք այն` առանց որևէ մեկից վախենալու կամ քաշվելու: Կուսակցության ներսում քննարկումներ են տարբեր առանցքային հարցերի շուրջ»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպելու են Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

«Ես ավելին չեմ կարող խոսել ընթացակարգային հարցերի մասին և ասել` ինչ առաջարկներ են լինելու, բայց ԲՀԿ-ն մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը»,- նշեց ԲՀԿ-ականը:

Մեր հարցին, թե ե՞րբ ԲՀԿ-ն հասկացավ, որ, ըստ էության, այլևս դեմ չէ սահմանադրական փոփոխություններին, Վահան Բաբայանը պատասխանեց. «Ամիսների ընթացքում բավականաչափ տեղեկություններ հրապարակվեցին Սահմանադրության վերաբերյալ, և, ի վերջո, հրապարակվեց նաև վերջնական տեքստը: Տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ, հայտարարություններ այն մարդկանց կողմից, ովքեր այսօր ունեն իշխող մեծամասնություն: Նման պրոցեսները մեկօրյա կամ միանձնյա որոշումների արդյունք չեն: Ամեն ինչ այս կյանքում աստիճանաբար է տեղի ունենում, և որևէ բան կարդինալ որոշել պետք չէ»:

Նա նշեց, որ Միքայել Մելքումյանի բոլոր մտքերը, որոնք հնչել են այսօր` լրագրողների հետ հանդիպման ընթացքում, համապատասխանում են կուսակցության դիրքորոշմանը:

Բաբայանը հայտնեց նաև, որ ԲՀԿ-ն ընդդեմ սահմանադրական բարեփոխումների անցկացվող «Ոչ»-ի շարժմանը չի մասնակցելու: «Ես անձամբ մամուլից եմ տեղեկացել այդ շարժման մասին: Մենք տեղեկացրել ենք բոլորին, որ նմանատիպ շարժումներին չենք մասնակցելու: Մենք խնդիր չունենք` ինչ-որ բան թաքցնելու, և մեր դիրքորոշումը բացեիբաց հայտնում ենք: Մենք տեղեկացրել ենք բոլորին, այդ թվում` ՀԱԿ-ին»,- ասաց նա: