Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր շահագործման է հանձնվել տարածաշրջանի դեռևս միակ կարկտապաշտպան ցանցերի արտադրամասը։ Պաշտոնական արարողությանը մասնակցել են նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
Արտադրամասը կառուցել է «ՎԱԲԱ» ընկերությունը իտալական CARMAC S.R.L.-ի հետ համատեղ գյուղատնտեսական նշանակության կարկտապաշտպան ցանցերի և դրանց ներդրման ողջ համակարգի արտադրության ներդրումային ծրագրի շրջանակում։ Սա նորարարական արտադրություն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:
Եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանող արտադրամասը կառուցվել է բացառապես իտալական սարքավորումներով: Ողջունելով նախաձեռնությունը՝ Արտակ Քամալյանը նշել է, որ նախարարությունը խրախուսում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ, և այս առումով` տեղում կարկտապաշտպան ցանցերի արտադրությունը հնարավորություն կտա խթանելու դրանց կիրառումը՝ ապահովելով բերքի երաշխավորված պաշտպանություն բնական աղետներից։
Նա նաև ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում խաղողի և պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ձեռք բերման համար տնտեսվարողներին, պետական սուբսիդավորման արդյունքում, տրամադրվում են 2% տոկոսադրույքով, 7 տարի մարման ժամկետով վարկեր։
Արտակ Քամալյանն ընդգծել է նաեւ, որ Հայաստանում նոր ժամանակակից գործարանի բացումը ենթադրում է նոր աշխատատեղներ, իսկ դա երկրի տնտեսական աճի ցուցանիշներից է։ Կարկտապաշտպան ցանցերը որակյալ բերքի ստացման կայուն երաշխիք են և գրեթե 100%-ով պաշտպանում են այգիները կարկտահարության բացասական ազդեցություններից, ինչպես նաև քամիներից, թռչունների և խոշոր միջատների վնասներից ծաղկման շրջանում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին