կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-04 22:02
Հասարակություն

Սպահանը, արվեստն ու Զավեն Ղուկասյանը. տեղի ունեցավ անվանի արվեստագետի կիսանդրու բացման արարողությունը

Սպահանը, արվեստն ու Զավեն Ղուկասյանը. տեղի ունեցավ  անվանի արվեստագետի կիսանդրու բացման արարողությունը

«alikonline.ir» - Սպահանում, երէկ` սեպտեմբերի 3-ին, «Ջուլֆա» հրապարակում, կայացաւ Զաւէն Ղուկասեանի կիսնդրու բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Արարողութեանը ներկայ էին Սպահանի քաղաքապետ Ղոդրաթօլլահ Նորուզինը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչ Վահիկ Թորոսեանը, Սպահանի քաղխորհրդի անդամ Ֆարիդէ Ռոշանը, կիսանդրու հեղինակ Ջաֆար Նաջիբիին, մի խումբ հասարակական ու մշակութային գործիչներ եւ արւեստասէրներ։

Միջոցառմանը ելոյթով հանդէս եկան Սպահանի քաղաքապետ Ղոդրաթօլլահ Նորուզին, եւ կինոպրոդիւսեր Ղոլամռեզա Մահիմանը:

Քաղաքապետ Նորուզին իր ելոյթում անդրադառնալով անւանի արւեստագէտի ստեղծագործական գործունէութեանն ընդգծեց. «Զաւէն Ղուկասեանը ե՛ւ Սպահանի ե՛ւ քաղաքային կինոարւեստի ճանաչման ու զարգացման գործում մեծ աւանդ ունէր:

Զաւէնը իր կենցաղով արժանացաւ Սպահանի ժողովրդի համակրանքին եւ յարգանքին, դարձաւ քաղաքի ստեղծարար ոգու եւ ստեղծագործ մտքի անբաժանելի մասնիկը եւ քաղաքային կինոարւեստի ինքնութեան խորհրդանիշը: Նա յաւէրժ հաւատարիմ մնաց Սպահանին եւ երբեք չլքեց քաղաքը»,- նա աւելացրեց, որ քաղաքի բնակիչներն էլ ընդմիշտ հաւատարիմ են մնալու Զաւէնին եւ նրան երբեք չեն մոռանալու:

Կինոպրոդիւսեր Ղոլամռեզա Մահիմանն էլ անդրադառնալով Զաւէն Ղուկասեանի մարդկային արժանիքներն ու առանձնայատկութիւններին նշեց. «Նա 50 տարի շարունակ ինքնամոռաց նւիրումով իր տաղանդը ծառայեցրեց՝ յանուն արւեստի եւ ժողովրդի»:

Պրոդիւսերի համոզմամբ՝ Զաւէն Ղուկասեանը հասարակութեան կողմից դիտարկւում է որպէս հեղինակութիւն, ինչն էլ նա վաստակել է շնորհիւ իր օրինակելի կենցաղի եւ անկոտրուն ձգտման:

Նշենք, որ կիսանդրու բացման արարողութեան օրը պատահական չէր ընտրւած: Այն կայացել է սեպտեմբերի 3-ին Սպահան քաղաքի մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատօնի շրջանակում եւ համալրում է փառատօնի միջոցառումների շարքը:

Յաւելենք նաեւ, որ Սպահանում կինոարւեստին նւիրւած միջոցառումների շրջանակում երէկ, քաղաքի ժամանակակից արւեստի թանգարանում բացւեց նաեւ «Զաւէնի ժամանակով» ցուցահանդէսը, որը հանրութեանն է ներկայացնում Զաւէն Ղուկասեանի անձնական արխիւից օրինակներ՝ արւեստագէտի կտաւների եւ նրա հեղինակած կինոների արխիւը:

Յիշեցնենք որ, Զաւէն Ղուկասեանը մասնագիտութեամբ քիմիկոս էր: Նա, սակայն, հասարակութեանն առաւելապէս յայտնի էր որպէս առաջնակարգ կինոքննադատ:

Զաւէն Ղուկասեանը տասնեակ գրքերի եւ մի քանի կինոների հեղինակ է: