կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-02 23:35
Մշակույթ

Արամ Խաչատրյանի ծննդյան օրը տեղի կունենա կոմպոզիտորի կիսանդրու բացման արարողությունը

Արամ Խաչատրյանի ծննդյան օրը տեղի կունենա կոմպոզիտորի կիսանդրու բացման արարողությունը

2017 թվականի հունիսի 6-ին, ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման հան­դիսավոր արարողությունը:

Բացմանը ներկա կգտնվեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, կիսանդրու հեղինակ՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ Մի­քա­յել Սողոյանը, Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի ժյուրիի անդամները, դիրիժորներ Էդուարդ Թոփչյանն ու Սերգեյ Սմբատյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսեր­վա­տո­րիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, Արամ Խաչատրյան տուն-թանգարանի տնօրեն Ար­մինե Գրիգորյանը, Արամ Խաչատրյան մրցույթի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, Հա­յաստանի կոմպո­զի­տոր­ների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի Երգ­չա­խմբային ընկերության նախա­գահ Դա­վիթ Ղազարյանը, երաժշտասեր հանրություն:

Կիսանդրու ստեղծմանն աջակցել է ռուսաստանաբնակ բարերար Արմեն Սադղյանը: Հեղինակի և բարերարի համատեղ որոշմամբ կիսանդրին նվիրաբերվել է ՀՀ մշակույթի նախարարությանը և 2017 թվականի հունվարին տեղափոխվել Երևան:  

Կիսանդրու բացումը կկայանա կոմպոզիտորի ծննդյան օրը և կլրացնի օրվա արարողակարգային միջոցառումների շարքը: Երեկոյան, միջոցառման բոլոր մասնակիցները կմասնակցեն Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակա­դե­միա­կան թատրոնում:

Հիշեցնենք, որ հեղինակի և բարերարի որոշմամբ, 2017 թվականի փետրվարի 2-ին նույնանման կիսանդրի նվիրաբերվել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիային: Բացման արարողությանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանը, ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Ժուրավսկին, Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Վ. Կատկովը, անվանի դաշնակահար Դենիս Մացուևը: