Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմամբ՝ տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը խոսել է նաև դպրոցական համազգեստի մասին՝ նշելով, որ սոցիալական ցանցերում իր՝ այս թեմայով հայտարարությունից հետո տարատեսակ քննարկումներ և հակադիր կարծիքներ են հնչել: Նախարարի խոսքով՝ դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին, այդ որոշումը պետք է կայացվի ծնողական խորհրդի կողմից` համապատասխան քննարկման արդյունքում. «Սակայն ինձ համար անընդունելի է, երբ ուսուցիչը, դասղեկը կամ դպրոցի փոխտնօրենը համազգեստ չհագնելու համար երեխային տուն է ուղարկում»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը: Ինչ վերաբերում է աշակերտների՝ հեռախոսով դասի նստելու խնդրին՝ առայժմ այս առումով սահմանափակումներ չկան, բայց քննարկումներ լինելու են:
Որպես նոր ուսումնական տարվա հիմնական նորություն՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ավարտական դասարանների բոլոր աշակերտները ամենայն հավանականությամբ դպրոցն ավարտելու համար կհանձնեն միասնական քննություններ. «Բոլոր ավարտական քննությունները լինելու են միասնական և վերահսկվելու են ԳԹԿ-ի կողմից: Այսինքն՝ ավարտական քննություններին բոլոր աշակերտները պետք է պատրաստ լինեն բոլոր առարկաներից հանձնել Ա մակարդակի միասնական քննություններ: Սա կլինի արդյունքի միասնական ամփոփում, որպեսզի մենք վերջապես ստանանք կրթության արդյունքի իրական պատկերը: Նախարարությունը տնօրենից պահանջելու է պատասխանատվություն՝ կրթության արդյունքի համար»,- նշել է նախարարը՝ նկատելով, որ միասնական քննություններ հանձնելու դեպքում պետք է սպասել ավելի ցածր գնահատականների, բայց դա նաև խթան կհանդիսանա, որպեսզի տնօրենները շահագրգիռ լինեն դպրոց ընդունել բարձրակարգ մասնագետների:
Նախարարն անդրադարձել է մշակութային հաստատություններ այցելելու աբոնոմենտային ծրագրին, որը ներդրվում է նոր ուսումնական տարվանից: Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների ֆինանսավորմանը, ներառական կրթության ներդրմանը, լիցենզիայով հատկացված տեղերի և սովորողների թվաքանակի համապատասխանությանը, փոքր համակազմ ունեցող դպրոցների աշխատանքին և ոլորտային այլ խնդիրների: