Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ 8/1 որոշմամբ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վերահսկողություն է իրականացվել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման՝ մասնավորապես, «Կոլեկտորադրենաժային ցանցի պահպանման և շահագործման, գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման աշխատանքներ» ծրագրի իրականացման համար պետական բաժնեմասով «Մելիորացիա» ՓԲ ընկերությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման օրինականության նկատմամբ:
Վերահսկողության արդյունքների և դրան առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ ծրագրի իրականացման համար ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Մելիորացիա» ՓԲ ընկերության միջև 2016-2017թթ. կնքվել է դրամաշնորհի շուրջ 641 մլն. դրամի պայմանագրեր:
Դրամաշնորհների պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով «Մելիորացիա» ՓԲ ընկերությունը պետական բյուջեից հատկացված միջոցներով 2016թ. թվով 4 տնտեսվարող սուբյեկտների հետ կնքել է ընդհանուր 156 մլն. 871 հազ. դրամի, իսկ 2017թ.-ին թվով 5 տնտեսվարողների հետ՝ ընդհանուր 159 մլն. 986 հազ. դրամի «դրագլայն» տիպի էքսկավատորների վարձակալության պայմանագրեր:
«Մելիորացիա» ՓԲ ընկերությունը նշված պայմանագրերով վարձատու տնտեսվարողների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների շահագործման համար 2016-2017թթ. դուրս է գրել 3 մլն. 792 հազ. դրամի շուրջ 11 հազար լիտր բենզին՝ էքսկավատորների «մեխանիզատորներին» աշխատանքի տանելու և վերադարձնելու համար, մինչդեռ պայմանագրերով «Մելիորացիա» ՓԲ ընկերության համար նման պարտավորություններ չեն նախատեսվել, ավելին՝ պայմանագրերով սահմանվել է, որ էքսկավատորների տեղափոխումը, պահպանությունը և տեխնիկական սպասարկումը իրականացվում է կատարողի, այսինքն՝ վարձատուի կողմից: Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Քրեական գործի քննության ընթացքում պարզման ենթակա հանգամանքների թվում կներառվեն նաև ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքներով արձանագրված հետևյալ հանգամանքները, որոնք կարող են իրականացված լինել այլ չարաշահումների արդյունքում. Մասնավորապես, վերահսկողության ընթացքում «Մելիորացիա» ՓԲ ընկերության վարձակալված էքսկավատորների շուկայական գների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանց շուկայական արժեքը շուրջ 5 մլն դրամ է: Այսպիսով, ընդամենը 25 մլն. դրամ արժեքով 5 միավոր գույքի վարձակալության և դրանց մեքենաների /աշխատավարձի/ համար 2016-2017թթ. «Մելիորացիա» ՓԲ ընկերության կողմից ծախսվել է շուրջ 316 մլն. 857 հազ. դրամ:
Ընդ որում, անհատ ձեռնարկատերը, որի հետ միայն 2016 թվականին կնքվել է 61 մլն. 152 հազ ՀՀ դրամի էքսկավատորների վարձակալության պայմանագիր՝ վարձակալության գնումների ընթացակարգին մասնակցելիս որպես որակավորման տեխնիկական միջոցներ ներկայացրել է թվով 2 «Դրագլայն» տիպի էքսկավատոր, որոնցից մեկը ձեռք է բերել 2016 թվականի մարտին՝ գնման հայտի կազմման ամսաթվից 3 օր առաջ՝ «Մելիորացիա» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալի որդուց՝ նույն ՓԲ ընկերության բաժնի պետից՝ 700 հազ. ՀՀ դրամով:
Պարզվել է նաև, որ 2016-2017թ. «Մելիորացիա» ՓԲ ընկերության կողմից ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնված «դրագլայն» էքսկավատորով կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման ծավալներից փաստաթղթերով չի հիմնավորվել կոմիտեին հանձնված 30760 խմ մաքրման ծավալի իրականացված լինելու փաստը, չի հիմնավորվել, թե ով է իրականացրել դրանք և ինչ տեխնիկայով:
Բացի այդ, չի հիմնավորվել նաև «Մելիորացիա» ՓԲ ընկերության կողմից ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին 2016թ. հանձնաված բերվածքների տեղափոխման 19665 խմ, իսկ 2017թ. բերվածքների տեղափոխման և հարթեցման համապատասխանաբար՝ 2069 խմ և 27910 խմ ծավալ, ընդհանուր շուրջ 38 մլն. դրամի, քանի որ աշխատանքներ իրականացրած 3 կազմակերպությունները համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների չեն ունեցել համապատասխան տեխնիկա և աշխատանքային ռեսուրսներ՝ համապատասխան թվով գրանցված աշխատողներ:
ՀՀ գլխավոր դատախազություն