կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-27 17:57
Հասարակություն

Ժամկետային զինծառայող Ժորիկ Պետրոսյանի մահվան գործով կա մեկ ձերբակալված. ՔԿ

Ժամկետային զինծառայող Ժորիկ Պետրոսյանի մահվան գործով կա մեկ ձերբակալված. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Պետրոսյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Զինծառայող Ժ.Պետրոսյանի մահացու հրազենային վիրավորումն ստանալու մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի հուլիսի 24-ին։ Դեպքի վայրում կատարված զննության և առաջնային անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալները վկայել են, որ զինծառայողը վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել հնարավոր այլ աշխատանքային վարկածներ ևս, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ ՊՈԱԿ-ի փորձագետներին: Մասնավորապես՝ վերջիններիս առաջադրվել են մի շարք հարցեր՝ տուժողի ստացված վնասվածքների, դրանց բնույթի, եղանակի և մահվան հետ պատճառահետևանքային կապի վերաբերյալ։ Այն է՝ դիակի վրա ինչպիսի՞ վնասվածքներ կան, դրանց տեսակը, որտե՞ղ են տեղակայված, պարզել պատճառման մեխանիզմը, ծանրության աստիճանը, վաղեմությունը, պատճառման հաջորդականությունը` յուրաքանչյուր վնասվածքով առանձին-առանձին: Հրազենային վնասվածքի դեպքում՝ դրանք միջանցի՞կ (թափանցիկ) են, կու՞յր, թե՝ շոշափող, գնդակայի՞ն են, բեկորայի՞ն, թե՞ հասցվել է կոտորակով: Ի՞նչ հեռավորությունից է կատարվել վնասվածք պատճառած կրակոցը, այն ընդհու՞պ է, թե՝ ոչ (նշել մոտավոր հեռավորության չափը), ինչպիսի՞ն է հրազենի ու տուժողի փոխադարձ դիրքը և կատարված կրակոցի տարածությունը: Ե՞րբ է վրա հասել Ժորիկ Պետրոսյանի մահը, ո՞րն է նրա մահվան անմիջական պատճառը, վնասվածքները կենդանության օրոք են պատճառվա՞ծ, թե՝ հետմահու, ո՞ր վնասվածքն ի՞նչ պատճառական կապ ունի մահվան հետ: Դիակի սկզբնական դիրքը փոփոխվե՞լ է, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա մահվանից որքա՞ն ժամանակ հետո: Հայտնաբերված վնասվածքներում /վերքերում/ օտար առարկաներ, մանրաթելեր, միկրոմասնիկներ կա՞ն, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա որտե՞ղ են դրանք հայտնաբերվել և ինչպիսի՞ն են:

Դատաբժշկական փորձաքննության ընթացքում կատարվել է դիահերձում, որին մասնակցել են տուժողի հորեղբայրը և հորաքրոջ տղան։ Փորձագետների կողմից արձանագրվել է, որ դիակի տարբեր հատվածներում առկա են տարբեր քերծվածքներ՝ կեղևակալված վիճակում, որոնք պատճառվել են կենդանության օրոք, դրանց վաղեմությունը և պատճառման մեխանիզմը, ծանրության աստիճանը դատաբժշկի կողմից կնշվի եզրակացությամբ:

Քրեական գործով, ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ադամյանը:

Ինչ վերաբերում է տուժողի հարազատների կողմից հնչեցված այն դիտարկմանը, որ դիրքի ավագը հերթապահություն իրականացնելիս մարտական դիրքում չի գտնվել, ապա տեղեկացնում ենք, որ այդ հանգամանքը ևս դարձվել է քննության առարկա։ 

Նախաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։