կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-03 18:40
Իրավական

«Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետին մեղադրանք է առաջադրվել. Քննչական կոմիտե

«Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետին մեղադրանք է առաջադրվել. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ. Հովսեփյանին՝ բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։

Բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանը 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահում, ընկերության սեփականատիրոջ և հարազատների հետ միասին, ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար: Նախկին կոմերցիոն տնօրենն իր սեփականություն հանդիսացող բնակարանը գրավադրել է, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնեք լրացուցիչ։