կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-13 13:06
Քաղաքական

Պարտադիրը` այս ձևով, տնտեսական ներկա պայմաններում չի համապատասխանում մեր քաղաքացիների, երկրի շահերին. Մինասյան

Պարտադիրը` այս ձևով, տնտեսական ներկա պայմաններում չի համապատասխանում մեր քաղաքացիների, երկրի շահերին. Մինասյան

Կառավարությունը վարչապետի առաջարկությամբ ընտրեց մի տարբերակ, որն այս պահին հնարավորինս մեղմացնում է քաղաքացիների եկամուտների բեռնվածությունը. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասին որոշմանը։

«Առհասարակ, համակարգի վերանայման, չեղարկման հարցը օրակարգում է և ուսումնասիրության կարիք ունի, սա է կայացվել այդ օրը կառավարության նիստում»,- նշեց նա։

Մինասյանը հիշեցրեց, որ ՍԴ-ում գործընկերոջ հետ շահել են դատական ակտը, ինչը դեռ իրականացված չէ, բայց, նրա խոսքով, այս պահին կառավարության որոշումը հետևյալն է՝ հուլիսի 1-ից կուտակայինի մեղմացում լինի։

Հարցին՝ երեկ վարչապետը հայտարարեց, որ համակարգը կիրառվում է, և եթե պարզվի, որ անօրինական բաներ են տեղի ունեցել, գումարները հետ կտան, ավելի տրամաբանական չէ՞ ուսումանսիրել, տեսնել՝ ի՞նչն է անօրինական, նոր կիրարկել և 80 հազարին էլ չբերել համակարգ, նա արձագանքեց. «200 հազարից ավելին համակարգում են, վարչապետը հստակ ձևակերպեց՝ եթե հետաձգում են 80 հազարի համար, ապա 200 հազարը լեգիտիմ հարց են բարձրացնում՝ եթե հետաձգում եք, մենք ինչո՞ւ պիտի շարունակենք վճարել»։

Մինասյանը կրկին նշեց, որ սրանով մեղմում են թե' 200 հազարի, թե' առաջիկայում 80 հազարի համար վճարման բեռը՝ օրակարգում պահելով հարցը՝ կուտակային պարտադիր համակարգը հակասահմանադրակա՞ն է, թե՞ ոչ։ «Այդ հարցը պետք է քննարկման առարկա դառնա։ Վարչապետի հայտարարությունն այս մասով շատ պարզ էր՝ եթե գանք եզրակացության, որ հակասահմանադրական է և ինչ-որ պատճառով չի համապատասխանում մեր երկրի ու քաղաքացիների շահերին, որևէ խնդիր չկա այն չեղարկելու»,- պարզաբանեց նախարարը։

Մինասյանը շեշտեց, որ, որպես ՀՅԴ ներկայացուցիչ, կառավարությունում խոսել է ՀՅԴ-ի 10 տարվա պայքարի մասին: «Պարտադիրը` այս ձևով, տնտեսական ներկա պայմաններում չի համապատասխանում մեր քաղաքացիների, երկրի շահերին։ Մեր պայքարը փողոցում հստակ հիմնավորումներ ուներ, և հիմա այս կառավարությունը, ի տարբերություն նախորդների, ունի շանս և չի թաքցնում ուսումնասիրության հնարավորությունները»,- ասաց նա:

Մինասյանը շեշտեց, որ սկզբունքայնությունը նրա մեջ է, որ հետևողականորեն պետք է գնալ այդ հարցադրումների պատասխանի ճանապարհով, որոնք այսքան տարի անընդատ բարձրացվել են։ Դիմելով լրագրողներին` նա ասաց. «Դուք փորձում եք ինտրիգ փնտրել, բայց չկա այդպիսի բան այնքան ժամանակ, քանի այս կառավարությունը բաց, հրապարակային աշխատում է»: Ապա հավելեց, որ երբ զգան անհնարին է աշխատել, կամք կա, կհեռանան։

Ինչ վերաբերում է հարցին՝ հրաժարական չի՞ տալու, Մինասյանը պատասխանեց. «Դուք ուզում եք համոզել, որ հրաժարակա՞ն տամ։ Հստակ պատասխանվել է՝ ոչ, չեմ պատրաստվում, ես տրամադրված եմ վճռական, որովհետև ոչ միայն այդ, այլև տնտեսական զարգացման ոլորտում, հակամենաշնորհային զարգացման ոլորտում հսկայական անելիքներ կան»:

Անդրադառալով Փաշինյանի՝ իր հետ կառավարությունոմ շփվելու ոճին` նա ասաց, որ ընթացքում կշտկվի։ Մինասյանը նշեց, որ չի համարում, թե անհաղթահարելի խնդիր է տեղի ունեցել։ «Ես ավելի շատ կենտրոնացած եմ, թե ինչ պետք է անենք, քան շփման ձևերի վրա»,- ասաց նա։

Մինասյանը նաև ափսոսանք հայտնեց Մանե Թանդիլյանի հրաժարականի համար։