Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետարքրքվեց` մենք ուզում ենք կառուցել պետություն, որն իր բնույթով, քաղաքակրթական ընտրությամբ լինելու է առաջավոր աշխարհին համարժեք երկի՞ր, թե՞ ռուսական, բելառուսական, ղազախական տիպի երկիր:
Վարչապետն արձագանքեց, որ երբ դեռ Հանրապետության հրապարակում քաղաքական գործընթացների մեջ էին, «էկոնոմիստ» միջազգային հանդեսի լրագրողին հարցազրույց էր տվել:
«Ասում էր` դուք անում եք այն գործընթացը, որը տեղի ունեցավ Ուկրաինայում, Վրաստանում: Ես ասացի` ոչ, մենք անում ենք մի գործընթաց, որը ոչ մի տեղ չի եղել: Սա մի գործընթաց է, որն ունի բացառապես հայկական ծագումնաբանություն»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ լրագրողի հաջորդ հարցը եղել է, թե այն իշխանությունները ղեկավարվում էին Մոսկվայից, և փաստորեն մենք պայքարում ենք Մոսկվայի դեմ:
«Ես ասում էի` ոչ, մենք արտաքին որևէ ուժի օգտին և դեմ չենք պայքարում: Մեր շարժումը չունի արտաքին քաղաքական կոնտեքստ, մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, ուզում ենք ունենալ մեր ինքնությունը»,- ասաց նա:
Լրագրողը վերջին հարցն է եղել. «Դուք ուզում եք լինել այնպիսին, ինչպիսին Իսրայե՞լն է»: «Ես պատասխանեցի` ոչ, մենք ուզում ենք լինել այնպիսին, ինչպինին Հայաստանի Հանրապետությունն է»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ ինչ վերաբերում է արժեքային ընտրությանը, ապա ՀՀ-ն վաղուց կատարել է իր արժեքային ընտրությունը, և այն ամրագրված է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածում: «Ես սա համարում եմ մեր ազգային ինքնության ամենակարևոր մասը, մենք բոլոր երկրների հետ ակտիվորեն համագործակցելու ենք: Բայց մեր նպատակը մեր ինքնիշխությունը ամրապնդելն է»,- ասաց նա:
Զուրաբյանի հաջորդ հարցը կապված էր ԱԱԾ-ի հետ: «Չե՞ք կարծում, որ նոր կառավարությունն իր գործունեությունը սկսելիս կարևոր հենարան է իր համար դարձրել ԿԳԲ-ն: Ես այն ԿԳԲ կանվանեմ, քանի դեռ փոխված չէ այդ համակարգը: Չե՞ք կարծում, որ այդ համակարգի փլուզմամբ պետք է զբաղվի իշխանությունը և դրա փոխարեն ստեղծի ՀՀ-ին ծառայող ազգային մարմին»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Փաշինյանը պատասխանեց, որ չի ասում, թե ԱԱԾ-ն կատարյալ է և փոփոխությունների կարիք չունի:
«ԱԱԾ-ն լինելու է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ես կարող եմ դա երաշխավորել»,- եզրափակեց նա: