Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կան որոշ եզրահանգումներ, որ անգնահատելի են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռին։
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին պատասխանատու է ճանաչել Մանվել Սարիբեկյանի մահվան համար։
Արա Ղազարյանը նկատեց՝ մասնավորապես կարևոր է այն եզրահանգումը, որ քննություն պետք է իրականացվեր հնարավոր ատելության շարժառիթով հանցագործության ուղղությամբ։ Փորձագետի խոսքով ՄԻԵԴ-ը հաշվի է առել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կա էթնիկ ատելության մթնոլորտ, որն Ադրբեջանում պարտավոր էին հաշվի առնել և այդ ուղղությամբ առանձին քննություն իրականացնել. «Հայտնի է, որ Ադրբեջանը նման դեպքերում չի համագործակցում Հայաստանի հետ։ Ադրբեջանն ասում է, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չկան, պարտավորված չեն համագործակցել։ ՄԻԵԴ-ն այստեղ կարևոր եզրահանգում արեց, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը հիմք չէ եվրոպական կոնվենցիայի շրջանակներում չհամագործակցելու համար։ Սրանք չափազանց կարևոր են և մեր դիվանագիտական խողովակներն էլ կարող են օգտագործել»,-նշեց Արա Ղազարյանը։
Վերջինս ընդգծեց՝ այստեղ հստակորեն ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների և ատելության ընդհանուր համատեքստը հանգամանքներ էին, որոնք պահանջում էին մանրազնին քննություն կատարել՝ պարզելու արդյոք ատելության շարժառիթը նպաստել է Սարիբեկյանի մահվանը. «Այսինքն` ընդունում է, որ կա էթնիկ ատելություն։ Սա առաջին անգամ է, որ միջազգային ատյանն ասում է նման բան։ Առաջին անգամ է, որ դատական մարմինն ուղիղ տեքստով ասում է՝ կա էթնիկ ատելություն»,-հավելեց Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ այս գործով ՄԻԵԴ-ը շատ հարցերի ձևաչափերն արդեն սահմանում է։
Նշենք, որ ՄԻԵԴ-ը գտել է, որ Մանվել Սարիբեկյանը մահացել է այլոց կողմից, մասնավորապես Բաքվի ռազմական ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից գործադրված բռնության արդյունքում եւ ընդունելի չի համարել ադրբեջանական իշխանությունների բացատրությունը, որ Սարիբեկյանն ինքնասպանություն է գործել՝ կախվել է։
Տուժողի իրավահաջորդներին Ադրբեջանը պետք է վճարի 60000 եվրո և 2200 եվրո դատական ծախսերի համար։
Հիշեցնենք, որ Մանվել Սարիբեկյանը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ էր, իսկ գյուղի անմիջական հարեւանությամբ անցնում է հայ-ադրբեջանական սահմանը: 2010թ. սեպտեմբերի 11-ին երեկոյան ժամը 17-ի սահմաններում Մանվել Սարիբեկյանն իր ընկերների հետ գնացել էր գյուղի Քեղուտ կոչվող հանդամասի ուղղությամբ՝ մոտակա անտառից փայտ հավաքելու, իր եւ գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով, որտեղից այլեւս չի վերադարձել: Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե, իբր Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է հայ հետախույզ:
ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել էր հատուկ թողարկում, որում ցուցադրվել է Մանվել Սարիբեկյանի հարցազրույցը հեռուստաընկերության աշխատակցի հետ: Ադրբեջանը մերժել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի դիմումը՝ թույլտվություն ստանալ Մանվել Սարիբեկյանի հետ հանդիպելու։ 2010թ. հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն էին տարածել այն մասին, որ կալանքի տակ գտնվող Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել։ Այս դեպքով ՄԻԵԴ գանգատ էր ներկայացվել կյանքի իրավունքը խախտելու հոդվածով:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան