կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-22 15:45
Հասարակություն

Եթե կուսակցությունս ինձ վստահի քաղաքապետի պաշտոնը, հնարավոր է համաձայնեմ. Ալեն Սիմոնյան

Եթե կուսակցությունս ինձ վստահի քաղաքապետի պաշտոնը, հնարավոր է համաձայնեմ. Ալեն Սիմոնյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ելք»-ում տարաձայնությունների մասին խոսակցություններին, ասաց, որ «Ելք»-ը տարաձայնություններին միշտ էլ կարողացել է լուծում գտնել և իր գործունեությունը բնական ձևով շարունակելու է:

«Նախևառաջ պետք է քննարկենք, թե մեր հայտարարած սկզբունքների, ծրագրի հետ կապված ինչ գործողություններ պետք է արվեն, այն է` նոր ընտրությունների նախապատրաստվելը և գնալը»,- ասաց նա:

Դիտարկմանը` ՀՀԿ-ն փորձ է անում հետաձգել կամ խափանել արտահերթ ընտրությունները, Սիմոնյանը պատասխանեց. «ՀՀԿ-ում բազմաթիվ պատգամավորներ կան, որոնք մեծ հաճույքով կմասնակցեն արտահերթ ընտրություններին և ցանկանում են ընտրությունների գնալ հնարավորինս շուտ, ուստի ՀՀԿ-ի մասին խոսելիս մենք պետք է դեռ հենվենք նրանց պաշտոնական դիրքորոշման վրա, որը մինչև հիմա չկա»:

Իսկ թե ինչո՞ւ է ինքը եկել խորհրդարան, այլ չի գնացել կառավարություն, նա պատասխանեց. «Ես ինձ ավելի շատ օրենսդիր մարմնում եմ տեսնում, միգուցե ՏԻՄ կառավարման մասում կարող եմ տեսնել, բայց ոչ` գործադիրում»:

Սիմոնյանը միևնույն ժամանակ նշեց, որ իր որևիցե հավակնությունների մասին չի ուզում խոսել, բայց ժամանակին, երբ «Ելք»-ը մասնակցել է Երևան քաղաքի ընտրություններին, ինքը եղել է Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկը: «Դրա համար հայտարարում եմ, որ` այո, եթե նման պատասխանատվություն մեր կուսակցությունը որոշի ինձ վրա դնել, ես միգուցե համաձայնեմ, բայց այսօր ես ինձ լավ եմ զգում ԱԺ-ում. օրենսդիր աշխատանքն այն է, ինչ ես միշտ սիրել եմ»,- ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ տրամաբանական է համարում Տարոն Մարգարյանի հրաժարականը, որովհետև ՀՀԿ-ն ու Տարոն Մարգարյանը չեն ներկայացնում հանրությանը: «Ճիշտ լուծումը կլինի Երևան քաղաքի ավագանու շուտափույթ ընտրություններ կազմակերպել»,- եզրափակեց նա: