կարևոր
3022 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-20 15:09
Քաղաքական

ՀԱՊԿ-ի արձագանքը ՀՀ-ի համար բավարար չէ, գլխավոր քարտուղարի գալ-գնալով հարցը չի լուծվում. Ալեն Սիմոնյան

ՀԱՊԿ-ի արձագանքը ՀՀ-ի համար բավարար չէ, գլխավոր քարտուղարի գալ-գնալով հարցը չի լուծվում. Ալեն Սիմոնյան

Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունները, արձագանքը  բավարար չեն Հայաստանի համար, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան գալ-գնալով միայն հարցը չի լուծվում: Այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ Հայաստանում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից՝ Սիմոնյանը պարզաբանեց.

««ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից»  արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որ ՀԱՊԿ-ը պետք է անի, չի անում և ցույց է տալիս իր բացակայությունը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որը ՀԱՊԿ-ը չի ասում, թե դուրս է գալիս ՀՀ-ից, գլխավոր քարտուղարն էլ պաշտոնական այցով եկել էր Հայաստան՝ ԱԺ նախագահը նկատեց՝ գալը չի նշանակում, թե դուրս չի գալիս:

«Որ եկել է, ի՞նչ, որ եկավ, ի՞նչ փոխվեց»,-նշեց ԱԺ նախագահը:

Նա ընդգծեց, որ Հայաստանն, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է:

«Չկա որևիցե քայլ, որն անելու համար ՀԱՊԿ-ի անդամ լինելը մեզ խոչընդոտում է: Անկախ նրանից, թե որ կազմակերպության մեջ ենք ու ինչ հետևություններ կարող ենք անել այս իրավիճակից՝ մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար: Իսկ քաղաքական առումով՝ ինքը եկավ-գնաց, թող գան, գնան, հարցը դրանով չի լուծվելու: Իրենք կգան, կգնան, դա չի խանգարի, օրինակ, 2 օր հետո որևէ գործողության: Դրա փորձը մենք ունեցել ենք էլ ավելի բարձր պաշտոնյաների այցելությունից հետո»,-ասաց ԱԺ նախագահը: