Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը չլինի սովորական երևույթ։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ նոր գործողություններ են արվում Լաչինի միջանցքը բացելու համար, որի փակը լինելը, կարծես թե, սովորական է դարձել, Սիմոնյանը պատասխանեց, որ նախ և առաջ պետք է թույլ չտալ, որ դա դառնա սովորական երևույթ։
«Այդ առումով, միգուցե, ինչ-որ մարդկանց համար ինչ-որ չափով սովորական է, բայց աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական։ Կարող եմ ասել, որ աշխարհում կա կոնսենսուս (մինուս մեկ-երկու կարծիք), որ, այո, Լաչինի միջանցքը պետք է բացվի, որ Լաչինի միջանցքի բացման պատասխանատուներն են Ադրբեջանը և Ռուսաստանը, և մենք շարունակելու ենք աշխատանքներն այդ ուղղությամբ»,- ընդգծեց Սիմոնյանը։
Հարցին, թե արդյոք լինելու են որևէ հստակ գործողություններ Լաչինի միջանցքի բացման հարցում, Սիմոնյանը որպես օրինակ բերեց Ադրբեջանի գործողությունները Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ հօգուտ նրանց միջազգային տարբեր կառույցներում բանաձևեր և փաստաթղթեր էին ընդունվում, ինչը հետագայում ունեցավ հետևանքներ։
«Տեսեք, երբ ժամանակին Ղարաբաղյան պատերազմը ավարտվեց և Ադրբեջանը տարբեր միջազգային կառույցներում տարբեր փաստաթղթեր էր ստանում, տարբեր ձևով ֆիքսում էր իրավիճակը հօգուտ իրենց, մենք մտածում էինք, որ դրանք ուղղակի կոչեր են։ Ոչ, դրանք շատ կարևոր փաստաթղթեր են և ունենում են կոնկրետ հետևանքներ։ Վստահ եղեք, որ, ըստ իս, դիվանագիտական առումով այս «ճակատամարտը» բավականին լավ ենք տանում»,- եզրափակեց Սիմոնյանը։