կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-21 17:10
Հասարակություն

Արա Պապյանից մինչև Լևոն Շիրինյան մեկ քայլ է

Արա Պապյանից մինչև Լևոն Շիրինյան մեկ քայլ է

Եվ այսպես, Արա Պապյանը, իսկ հետո նաև Լևոն Շիրինյանը (կամ գուցե հակառակը) սաստիկ սրտացավությամբ կարծիք են հայտնել, որ ՀՅԴ-ն հաջորդ խորհրդարանում ներկայացված չի լինի, այսինքն` չի կարողանա հաղթահարել ժողովրդի վստահության 5 տոկոսի շեմը: Իհարկե, Արա Պապյանն ու Լևոն Շիրինյանը չունեն հայ հանրահայտ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գիտելիքների 5 տոկոսն անգամ, բայց, ահա, փորձում են այդ պարզ բացը լրացնել իրենք քաղաքագիտական «հիմնավորումներով», որոնք, եթե հիմնավորում էլ անվանենք, ապա հայաստանյան շուկայում գրոշ չարժեն:
Եվ, այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ, թե ինչու գլխագրում հիշատակված այդ երկու պարոնները այս օրերին միաժամանակ հայտնվեցին մամուլի ուշադրության կենտրոնում և ինչու գրեթե նույն բանն ասացին` իրենց հրանոթներն ուղղելով Դաշնակցության կողմը:

Ես կառաջարկեի գնալ մի փոքր հետ և հիշողությունը չկորցրած քաղաքագիտական հանրությունից հարցնել, թե ովքեր էին Արա Պապյանն ու Լևոն Շիրինյանը, երբ Դաշնակցությունը նրանց խիստ անհրաժեշտ էր որպես կայանալու հարթակ և ճանաչման հնարավորություն: Անձամբ իրենք խուսափում են խոսել այդ մասին, որովհետև այդ տարիներին Դաշնակցությունը իրենց պետք էր սեփական հավակնությունները (պաշտոն, գրքի հրատարակություն, արտասահմանյան ուղևորություն, միջազգային շրջանակներում ընդունելություններ և այլն և այլն), ի կատար ածելու համար: Այս տեսանկյունից ևս այդ երկու պարոնները կրկնում են միմյանց, ինչպես ջրի երկու կաթիլները: Ստիպված եմ հիմա նրանց հիշեցնել, որ, որ ի տարբերություն իրենց, Դաշնակցությունը փոփոխական հոսանքներից այնքան խոցելի չէ, որքան իրենք են պատկերացնում: Ցանկության դեպքում կարելի է գտնել, թե նրանք քանի անգամներ են այսպես «փիլիսոփայել» Դաշնակցության ապագայի շուրջ, բայց, ի վերջո փաստ է, որ «ծակ փիլիսոփաները» միշտ մնում են անցյալում, իսկ եթե մեկ-մեկ էլ այսպես ակտիվանում են, ապա միայն այն օրերին, երբ ինչ-ինչ շրջանակներ նրանց հանում են գզրոցներից ու խոսեցնում որպես ժամանակին Դաշնակցությանը մոտ կանգնած մարդիկ: Ընդունված է նման դեպքերում ասել` ո՞ւր է ձեր խիղճը, բայց մենք ձեռնպահ կմնանք այդ հարցը նրանց տալուց, որովհետև հայ հանրությանը կծիծաղեցնենք վրաներս` ինչ եք կորցրել, ինչ եք ման գալիս: Ինչևէ:

Արա Պապյանը հարց է տալիս` այդ ինչո՞ւ Դաշնակցությունը շարժման առաջին օրերին դեմ էր, իսկ երբ հասկացվեց, որ ժողովրդական շարժումը հաղթում է, անցավ շարժման կողմը: Սա դիվանագետ մարդուն ոչ հարիր խառնակչություն է, որովհետև նա էլ քաջ գիտակցում է, որ շատ թե քիչ լուրջ քաղաքական ուժը չէր կարող գլխապատառ վազել մի շարժման հետևից, որն առնվազն ինքը չէր կազմակերպել: Բայց մյուս կողմից էլ այնպես չէ, որ Արա Պապյանի ցուցումով Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից և պաշտպանեց ժողովրդական շարժումը` Հայաստանը հավանական և անհավանական ցնցումներից զերծ պահելու մտահոգությամբ: Եվ, պատկերացրեք, շարժումը պաշտպանելու առումով էլ Արա Պապյանը առաջ չի անցել Դաշնակցությունից: Նա հիմա է խոսում միայն, երբ ՀՅԴ-ի այդ դիրքորոշումը գնահատված է և ՀՅԴ-ն նեկայություն ունի ժամանակավոր կառավարությունում: Երբ ձերբակալեցին Նիկոլ Փաշինյանին և կար սպասում, որ դատախազը նրան ձերբակալելու պահանջով կմտնի ԱԺ, Արա Պապյանը տակավին ընկած էր իր գզրոցում, հավանաբար Լևոն Շիրինյանի ընկերակցությամբ: Բայց ահա արթնացրել են նրանց` մոռանալով հիշեցնել, որ նաև ՀՅԴ ջանքերով մենք խուսափեցինք անցանկալի զարգացումներից:

Եվս մեկ զարմանալի բան: Արա Պապյանն ու Լևոն Շիրինյանը (ենթադրվում է շարժման ջերմեռանդ կողմնակիցներ) հակադաշնակցական քարոզչություն են անում այն դեպքում, երբ ՀՅԴ-ն խորհրդարանում ևս պաշտպանում է շարժման ղեկավար ուժին և վարչապետին` փորձելով լրացուցիչ քաղաքական լեգիտիմություն հաղորդել ստեղծված վիճակին, մինչև հաջողվի անփորձանք հասնել արտահերթ ընտրությունների: Հետևաբար, արապապյանների և լևոնշիրինյանների պահվածքը խառնակչությունից բացի ուրիշ ի՞նչ բառով կարելի է բնութագրել: Ինչո՞ւ են այդքան վստահ, որ շարժումը պաշտպանող ուժը չի հայտնվելու հաջորդ խորհրդարանում:

Արա Պապյանը, որպես «քաջատեղյակ մարդ», խոսում է ՀՅԴ ներսում առկա պառակտումից, սփյուռքի և հայաստանյան կառույցների «հակասություններից»: Այս հարցում Լևոն Շիրինյանը չի կարողացել «մրցակցել» Արա Պապյանի հետ, որովհետև ժամանակին դաշնակցական է եղել ու ինչ-որ չափով ծանոթ է ներկուսակցական նիստուկացին: Այս հանգամանքը, սակայն, բավարար չէ, որպեսզի մենք զատենք այդ երկու «քաղաքագետին», որոնք ճակատագրի բերումով, ցավոք, հայտնվել են նեոբոլշևիկների ձիանոցում:

Գալով ՀՅԴ հասցեին վերջին բանսարկություններին և «հանճարեղ» եզրահանգումներին, թե Դաշնակցությունը չի հաղթահարելու 5 տոկոսի արգելքը, ասենք, որ երբ Դաշնակցությունը ստեղծվել է, իր առջև հատուկ նպատակ չի դրել 5 տոկոս հաղթահարելն ու խորհրդարան մտնելը: Փոխարենը ունեցել է Հայաստանի անկախ հանրապետություն արարելու, հայկական տարածքները վերամիավորելու, ժողովրդավարական պետություն կառուցելու տեսլականներ, որոնք կյանքի են կոչվել և շարունակում են իրականանալ` չնայած կողքից ավելորդ ելույթ ունեցողների ինչ-ինչ ցանկություններին: Էականը 5 կամ 10 տոկոս հաղթահարելը չէ, որ ինչ-որ տեղ նաև հաջողություն կարող է նկատվել, փոխարենը, սակայն, ինչպիսի՞ հաջողություն է, ասենք, հայ-թուրքական խայտառակ արձանագրությունների տապալումը, խորհրդարանական կառավարման անցնելը և կամ ազատ, թափանցիկ ընտություններ ունենալու հնարավորությունը: Մտահո՞գ եք ազգային ուժի հաջողությունների և նրա սոցիալիստական գաղափարախոսության հաջողություններով, խնդրեմ, կանգնեք Դաշնակցության կողքին և ոչ թե ձեր մերկապարանոց հայտարարություններով փչացրեք ամեն ինչ, այդ թվում և ձեր կենսագրությունն ու մարդկային կերպարը:

Առայժմ այսքանը:

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ