կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-21 13:45
Հասարակություն

10 000-ից ավելի մարդ 1 մլն չվճարած տույժ ու տուգանք ունի. «Վարորդ-ոստիկան համագործակցություն» ՀԿ-ի փոխնախագահ

10 000-ից ավելի մարդ 1 մլն չվճարած տույժ ու տուգանք ունի. «Վարորդ-ոստիկան համագործակցություն» ՀԿ-ի փոխնախագահ

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար սահմանված տուգանքների չափը պետք է վերանայվի. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանը:

Նրա խոսքով՝ «Վարորդի ընկերը» դեմ է տեսանկարահանող սարքերը կամ արագաչափերը հանելուն, սակայն պետք է վերանայել տուգանման համակարգը:

«Մենք տույժ-տուգանքների հետ կապված համաներմանը դեմ չենք, սակայն կարծում ենք, որ նվազ նշանակության տուգանքները պետք է փոխարինվեն նկատողությամբ: Բացի այդ՝ կան տուգանքներ, որոնք թանկ են կամ հակառակը: Ինչ վերաբերում է կարմիր գծերին, ապա, այո, դրանք պետք է  վերանան, քանի որ իրականում չեն ծառայում իրենց նպատակին»,- ասաց Պեդանյանը՝ հավելելով, որ իրականում կարմիր գծերը երկու ֆունկցիա պետք է ունենային՝ կենտրոնը թեթևացնել և բնապահպանական նկառատումներ, սակայն այս նպատակներին չեն ծառայում: «Կարմիր գծերը միայն գումար հավաքելու միջոց են դարձել»,- հավելեց նա:

«Անհատ տաքսու վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մխիթար Օհանյանի կարծիքով նույնպես` տուգանքները պետք է վերանայվեն, սակայն արագաչափերի քանակը պետք է ավելանա: Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա դրանք պետք է ուղղակի վերահսկողական գործառույթ կատարեն: «Աշխարհում նման պրակտիկա գոյություն ունի՝ տեսախցիկները միայն վերահսկողական գործառույթ են կատարում, իսկ մեզ մոտ դրանց պատճառով վթարների թիվն ավելացել է. մարդիկ  խախտում չանելու վտանգով խանգարում են մեկ ուրիշին և վթարային իրավիճակ ստեղծում»,- ասաց Օհանյանը:

«Վարորդ-ոստիկան համագործակցություն» ՀԿ-ի փոխնախագահ Վահե Պետրոսյանի խոսքով` այո, համաներում պետք է լինի, սակայն դրան պետք է հաջորդի օրենսդրական դաշտի բարեփոխումը: Ըստ նրա՝ տեսախցիկները նպաստավոր հանգամանք են կարգուկանոն հաստատելու համար, սակայն տուգանքների չափերն ու տեսախցիկների տեղադրման վայրերը պետք է վերանայվեն: «Այսօրվա դրությամբ Հայաստանում 10 000-ից ավելի մարդ կա, որ 1 մլն չվճարած տույժ ու տուգանք ունի, դրա համար էլ համաներումն անհրաժեշտություն է: Զրոյացնելով պարտքերը` նոր օրենք ունենալը շատ ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, սակայն ՃՈ-ն հայտարարությամբ էր հանդես եկել, որ դրանք դեռ գործում են: