Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում լրագրողները վարչապետի թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին` նրան վարչապետի թեկնածության հարցում աջակցում են այնպիսի գործարարներ, ովքեր, ըստ տարբեր լուրերի, երկար տարիներ հրաժարվել են հարկեր վճարելուց, արդյո՞ք չի կաշկանդի դա իրեն, որ նրանց բերի հարկային դաշտ:
«Ես չգիտեմ, թե դուք ում մասին եք խոսում, բայց հիմա չեմ կարող որևէ մեկի մասին հայտարարություն անել մեղավորության կանխավարկածով։ ՀՀ բոլոր քաղաքացիների վերաբերյալ գործում է անմեղության կանխավարկածը»,- ասաց Փաշինյանը:
Հստակեցմանը, որ խոսքը մասնավորապես Գագիկ Ծառուկյանի մասին է, և ճշտող հարցին` արդյո՞ք իր դիրքորոշումներում փոփոխություն է տեղի ունեցել, չէ՞ որ տարբեր գործարարների վերաբերյալ քննադատական հայտարարություններ է արել, նա պատասխանեց. «Մեղմացման մասին խոսք լինել չի կարող։ Խոսքն այն մասին է, որ երբ մենք իշխանություն ներկայացնենք, իշխանության թևերի տարանջատումը ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Չի կարելի, երբ նույն մարդը երկրում հա՛մ վարչապետ է, հա՛մ դատավոր, հա՛մ դատախազ, հա՛մ ամեն ինչ, հա՛մ օպերատիվ աշխատող, այդ ժամանակ պրոբլեմներ են սկսվում։ Ես կարծում եմ, որ իշխանության դերը իշխանության մարմինների, թևերի բնականոն գործունեության ապահովումն է, այսինքն՝ դրա քաղաքական պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա։ Մնացած գործառույթները այդ մարմինները պետք է իրականացնեն։ Ես կարող եմ երաշխավորել, որ իշխանության տարանջատման սկզբունքը կպահպանվի։ Ես չեմ պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ վարչապետ, և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ։ Հակառակ դեպքում` մենք կընկնենք մի դաշտ, երբ մի կետից որոշվում է՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ»: