Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոտարիատի աշխատանքի վերաբերյալ դժգոհությունների մասին իրազեկ են նաեւ արդարադատության նախարարությունում: Նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին վստահեցրեց, որ նոր օրենքով նոտարների հանդեպ վերահսկողությունը կուժեղանա, ըստ այդմ` կբացառվեն չնախատեսված հավելավճարների գանձումն ու այլ ապօրինություններ:
«Մենք պետք է հստակեցնենք նոտարի կողմից մատուցվող ծառայությունների նոր սակագների հարցը, մի կողմից` մոտեցնենք իրական չափերին, մյուս կողմից` հստակեցնենք յուրաքանչյուր ծառայության դիմաց վճարվելիք գումարները: Դրանք պետք է փակցված լինեն նոտարական գրասենյակում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, մտնելով գրասենյակ, հստակ պատկերացում ունենա, թե որ ծառայության դիմաց որքան գումար է վճարելու»,- նշեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է նոտարական վերահսկողության բաժնի նախկին ղեկավար Մարիամ Գաբոյանի` նախօրեին արած հայտարարությանը, թե բարձրաստիճան պաշտոնյաները գործարքներ ձեւակերպելիս պետական տուրքեր չեն վճարում, Գ. Մուրադյանը նշեց, որ ցանկություն չունի մեկնաբանելու այդ հայտարարությունը:
«Ժամանակին դա իր խնդիրն էր` ուսումնասիրել փաստերը: Եթե ինքն ունեցել է այդ փաստերը եւ չի ուսումնասիրել, ընթացք չի տվել սահմանված կարգով, թող մեղքն իրեն ուղղի: Նոտարիատի բաժինը, որը վերակազմավորվեց, պետք է զբաղվեր հենց վերահսկողությամբ, որպեսզի պետական տուրքերը վճարեին բոլորը, որովհետեւ բոլորը հավասար են օրենքի առաջ, հետեւաբար` արդեն ինքն իր հարցի պատասխանը տվեց դրանով»,- ասաց փոխնախարարը:
Ըստ էության` նա անարձագանք թողեց լրագրողների հարցը` արդյոք կուսումնասիրվե՞ն այն գործարքները, որոնց դեպքում չի վճարվել պետական տուրք, բայցեւ վստահեցրեց, որ հետագա բոլոր ահազանգերը կուսումնասիրվեն եւ անհապաղ կարժանանան արձագանքի:
Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ Գաբոյանն աշխատանքից ազատվել է եւ տեղափոխվել կադրերի ռեզերվ, հետագայում հետ կկանչվի՞, հայտնի չէ. «Եթե մենք գտնենք, որ ինքը պիտանի է` որպես վերահսկող, կամ որպես այլ ստորաբաժանման աշխատող, ապա կքննարկենք հետկանչի հարցը»: