կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-11 14:21
Հասարակություն

98.3 տոկոսը դրական է համարել ցուցարարների վարքագիծը. հարցում

98.3 տոկոսը դրական է համարել ցուցարարների վարքագիծը. հարցում

«GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն հարցում է անցկացրել՝ պարզելու քաղաքացիների կարծիքը թավշյա հեղափոխության և հետագա քայլերի վերաբերյալ:

Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցումն իրականացվել է հեռախոսային զրույցի միջոցով, հարցմանը մասնակցել է 809 քաղաքացի:

Նա տեղեկացրեց, որ հարցին՝ ինչպե՞ս են գնահատում Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած «Իմ քայլը» շարժումը, քաղաքացիների գերակշիռ՝ 99.1 տոկոսը նշել է, որ դրական է վերաբերվում, իսկ բացասական՝ միայն 0.2 տոկոսը: Հարցման մասնակիցների 86 տոկոսը նշել է նաև, որ հետևել է շարժմանը, չի հետևել 0.6 տոկոսը, մասամբ է հետևել 13.3 տոկոսը:

«Հարցին՝ ինչպե՞ս են մասնակցել շարժմանը՝ հարցվածների 44.5-ը պատասխանել է, որ մասնակցել է հանրահավաքի Երևանում, 43.8 տոկոսը՝ մասնակցել է հանրահավաքի իր գյուղում կամ քաղաքում: «Ֆեյսբուք»-ով հետևել է իրադարձություններին հարցվածների 75.6 տոկոսը, իսկ ճանապարհներ է փակել 40.9 տոկոսը, ավտոմեքենայով ձայնային ազդանշան տվել՝ 30.5 տոկոսը, գործադուլ արել՝ 30.9 և դասադուլ արել՝ 18.4 տոկոսը»,- ասաց Նավասարդյանը:

Մեկ այլ հարցի` արդյո՞ք ճիշտ էր ճանապարհները փակելը՝ հարցվածների 87.1 տոկոսը պատասխանել է` այո, իսկ 8.7 տոկոսը՝ ոչ: Հարցին դժվարացել է պատասխանել հարցման մասնակիցների 4.2 տոկոսը:

«Ցուցարարների վարքագիծն ինչպե՞ս եք գնահատում» հարցին էլ հարցվածների գերակշիռ՝ 98.3 տոկոսը պատասխանել է՝ դրական, և միայն 1.2 տոկոսն է պատասխանել՝ բացասական:

Մեկ այլ հետաքրքիր պատկեր է արձանագրվել` քաղաքացիների կարծիքը ոստիկանության դրսևորած վարքագծի վերաբերյալ. հարցվածների 71 տոկոսը դրական է համարել ոստիկանների գործողությունները, իսկ բացասական՝ 25.5 տոկոսը: