կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-09 14:50
Քաղաքական

ՊՆ հայտարարությունների համար այդպես էլ զանգ չստացա ո´չ Սասուն Միքայլեյանից, ո´չ Նիկոլ Փաշինյանից. Վիգեն Սարգսյան

ՊՆ հայտարարությունների համար այդպես էլ զանգ չստացա ո´չ Սասուն Միքայլեյանից, ո´չ Նիկոլ Փաշինյանից. Վիգեն Սարգսյան

Շատ անպատասխանատու էր մեր հայտարարությանն  արված արձագանքը հրապարակից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով ՊՆ հայտարարություններին, որ բողոքի ակցիաների օրերին ադրբեջանական կողմից սահմանին կուտակումներ կային:

«Զինված ուժերը Հայաստանի ամենակայացած կառույցն է: Ենթադրել, որ ԶՈւ-ն ներքաղաքական պրոցեսների համար կարող է հայտարարություն անել, դա անարգանք է ոչ միայն պաշտպանության նախարարի, այլ նաև առաջնագծում կանգնած զինվորի համար»,- ասաց նա, ապա հավելեց, որ մարդիկ, ովքեր դա ասում են, խառնում են ներքին և արտաքին հասարակությունները:

«Դա ի՞նչ է նշանակում, որ ես կարող եմ հայտարարություն անել, որն իմ զինվորն իր աչքով տեսնում է, որ այդպես չէ, իսկ ես անում եմ հայտարարությո՞ւն: Դուք պատկերացնո՞ւմ եք` ես ինչպես պետք է կարողանամ նայել իմ սպայի աչքերին, հրամանատարի աչքերին, եթե ինքը գիտի, որ ես սուտ եմ ասում, իսկ ես սուտ հայտարարություն եմ անում»,- հայտարարեց Սարգսյանը:

Ըստ նրա`  այդ օրերին այդպես էլ չի ստացել զանգ ո'չ Սասուն Միքայելյանից, ո'չ Նիկոլ Փաշինյանից, ո'չ մեկ ուրիշից, որ կզանգեր ու կհարցներ՝ այդ հայտարարության տակ ի՞նչ հիմքեր կան: «Ես դա նորմալ եմ համարում, բայց հրապարակում հայտարարությունը սխալ եմ համարում: Բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին զարգացումներով: Վիճակը սահմանին այնպիսին էր, ինչպիսին նկարագրված էր մեր հայտարարություններում: Զինված ուժերը շարունակում են լիարժեք վերահսկել իրավիճակը և պատրաստ են ցանկացած գործողության հակահարված հասցնել: Որևէ բան այսօր էլ չի փոխվել, այդ կուտակումները շարունակում են մնալ նույնը»,- նշեց Սարգսյանը: