կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-17 14:41
Քաղաքական

Վարչապետից` նախագահ, նախագահից` վարչապետ, այս դեժավյուից չե՞ք հոգնել. Արամ Սարգսյան

Վարչապետից` նախագահ, նախագահից` վարչապետ, այս դեժավյուից չե՞ք հոգնել. Արամ Սարգսյան

ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Նախ անդրադառնալով Շարմազանովի խոսքին, ով մեջբերել էր Վազգեն Սարգսյանին, ասաց, որ իր եղբայրը` Վազգեն Սարգսյանը, շատ ավելի կարևոր բաներ է ասել, որոնք հանրապետականները արժե, որ հիշեն:

«Խոսքս վերաբերում է «21-րդ դարը մերն է լինելու» կոչին, խոսքս վերաբերում է զարգացող Հայաստան ունենալու կոչին։ Արդյո՞ք այն Հայաստանը, որ այսօր կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստանն էր։ Ասում եք` կոռուպցիա չկա, 10 հազար դրամ չենք բաժանել, բաժանել էինք, ձեռքը բռնեիք, նկարեիք, ցույց տայիք։ Իհարկե, կարող եք ասել, բայց դրանից բան չի փոխվում»,- ասաց Արամ Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ 1999-ից առաջ Վազգեն Սարգսյանը քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանին խնդրեց իր հետ դաշինք կնքել, որ ԱԺ-ում ժողովրդի վստահության քվեն ստանալ։

«Այնպիսի տպավորություն է՝ կարծես ամբողջ Հայաստանը կենտրոնացած է ԱԺ դահլիճում ու դրանից դուրս Հայաստան չկա։ Որևէ մեկը չի խոսում հիմա այն մասին, թե ինչ է կատարվում, կարծես միայն այս դահլիճն է Հայաստանը։ Հայաստանը ելք ունի, ու այն ոչ միայն դրսում է, այլև այս դահլիճում։ Եթե մենք դրանից հետևություն չենք անելու, ապա ոչ մի բան չի լինելու»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը գալիս է` իր փորձը երիտասարդներին փոխանցելու, Արամ Սարգսյանն ասաց. «Բա էսքան տարի իշխանության մեջ եք, փոխանցեիք։ Այնքան եք պահեստայինների նստարանը դատարկել, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է։ Սա է այսօրվա իրավիճակը։ Ուզում եմ հարցնել` վարչապետից` նախագահ, նախագահից` նախագահ, հետո էլի` նախագահից` վարչապետ, այս դեժավյուից չե՞ք հոգնել»։

Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ՀՀԿ գործընկերների խնդրանքով է մնում իշխանության, այլ անում է դա, քանի որ ԵԱՏՄ իր ընկերներից ոչ մեկը չի փոխվում։

Խոսելով այս օրերին փողոցում տեղի ունեցող իրադարձություններ մասին՝ Արամ Սարգսյանը նշեց, որ դա բոլորի մեղքն է, և պետք է համապատասխան հետևություններ անել։

«Հետևություն կանենք սրանից, շատ լավ, չենք անի, նույն մարտի 1-եր, ապրիլի 12-ներ են կրկվելու»,- եզրափակեց նա։