կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-13 13:16
Քաղաքական

Ծառուկյանը ՀՀ վարչապետից և Արցախի նախագահից հստակություն է ակնկալում Արցախի հարցում

Ծառուկյանը ՀՀ վարչապետից և Արցախի նախագահից հստակություն է ակնկալում Արցախի հարցում

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը թեև ողջունում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, բայց նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի արած հայտարարություններից չի ստացել բոլոր հարցերի պատասխանները: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում  ԲՀԿ նախագահն ասաց, որ Արցախի մասին ոչ մի պատասխան չեղավ:

«Ալիևն ընդունեց Մինսկի խմբի հայտարարությունը, բայց մեր մասով լիարժեք անհասկանալի է, լիարժեք պատասխանը չկա: Արցախի ժողովուրդը սպասում է, որ լիարժեք շեշտադրումները պիտի լինեն: 29 տարի է` հայ ժողովուրդը, արցախցին այդ խնդիրը լուծել է, պահել է` միջազգային բոլոր նորմերով` դե ֆակտո, որպես անկախ պետություն: Այսօր ոնց որ Արցախն է, նույնն էլ Ադրբեջանն է: Դե յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր պետք է գնալ բանակցությունների: Դա հենց այնպես չի կերտվել, մեր ժողովուրդը արյուն ա թափել»,- ասաց Ծառուկյանը` հստակեցնելով, որ բնավ դեմ չէ, որ Արցախի անունից բանակցի Արցախի Հանրապետությունը, բայց Հայաստանի և Արցախի ղեկավարներից ցանկանում է հստակ լսել` եթե համանախագահներն ասում են, որ տարածքները պետք է վերադարձնել, ապա` ինչի՞ դիմաց:

ԵԱՀՄ ՄԽ համանախագահների հայտարարությունը նա համարում է միակողմանի: Այն, ըստ  պատգամավորի, չի բավարարում հայ ժողովրդին: «Այդ որոշումը միակողմանի ու անընդունելի է»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին`տպավորություն կա, որ հարցն այսպես է դրված`տարածքների վերադարձ կամ լայնածավալ պատերազմ, այդ դեպքում ի՞նչ անել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Դա այդպես ասած չի, բայց այսօր հիմնական խնդիրը նա է, որ եթե Ադրբեջանը քսան տարի ձայն չէր հանում, զինվում էր, այսօր խոսելով` նա ոչ մի խաղաղ բանակցային գործընթացի մասին չի խոսում`միշտ ահաբեկելով զենքով: Մեր պետության, Արցախի ապագայի խնդիրն է այսօր կախված, և կապ չունի` դիմություն-ընդդիմություն, պետք է համախմբվեն: Միակ լուծումը միասնականությունն է: Այսօր որևէ մեկը չի կարող իր ստորագրությամբ կամ համաձայնությամբ հարցին լուծում տալ»: