Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկան համակված է աշխարհը փրկելու տենդով: Ամերիկան ճգնում է փրկել աշխարհը քանի դեռ չեն հասցրել այն կործանել: Ամերիկան պետք է փրկի աշխարհը, որովհետեւ եթե այդ բանը չանի ինքը, չի անի ոչ ոք՝ Աստված հեռու է, իսկ երկրի վրա համարժեք այլ ուժ գոյություն չունի: Աշխարհի փրկության գործը Ամերիկայի առաքելությունն է, եւ նա դրանով զբաղված է ամեն օր ու ամեն պահ՝ գիշեր ու ցերեկ: Ամերիկան աշխարհը փրկում է ֆիլմերում, գրքերում եւ իրական կյանքում:
Գրքերի, եւ էկրանների աշխարհափրկիչ հերոսները ոգեշնչման աղբյուր են դառնում քաղաքագետների, գեներալների, սենատորների ու նախագահները համար, իսկ վերջիններս ծառայում են որպես ՝ ստեղծագործական ներշնչանքի նախատիպեր:
Ամերիկան աշխարհը փրկում է բոլորից՝ ռասիստական ու ազգայնամոլական կառավարություններից, այլակրոն ծայրահեղականներից, ռուսներից, արաբներից, պարսիկներից, կորեացիներից, հարավամերիկացիներից, անջատողականության եւ միավորման ձգտող քաղաքական արկածախնդիրներից, միջազգային ահաբեկչությունից, մաֆիական հանցախմբերից, թմրակարտելներից, սեռական ու այլ նախասիրության մոլագարներից, այլմոլորակայիններից, այլակերպ հրեշներից, եւ ամեն տեսակ այլ ուժերից, որոնք սպառնալիք են Ամերիկայի անվտանգության եւ աշխարհի գոյության համար:Բոլոր այս սպառնալիքներին դիմակայելու համար Ամերիկան չի խնայում ոչ ջանքեր եւ ոչ նյութական, տեխնիկական, մարդկային ու այլ միջոցներ:
Ամերիկան իր ուսերին ծանրացած այս մեծ նպատակն իրականացնելու համար արտադրում է, միասին վերցրած, աշխարհի բոլոր երկրներից ավելի շատ զենք ու զինամթերք, ստեղծում է կանոնավոր զորամասեր, մարզում է հատուկ նշանակության ջոկատներ, պատրաստում է գաղտնի գործակալներ: Կարեւոր այս խնդրի լուծման համար նա գործում է հասարակական, բարեգործական, սեռական, կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների միջոցով, այդպիսիք ստեղծում եւ ներդնում է թշնամական թիրախային միջավայրերում, այդ միջավայրերը պառակտում եւ բախման է տանում միմյանց հետ, հրապարակ բերելով նոր հերոսների եւ հակահերոսների:
Նա վարձում է աշխարհի ամենախելահեղ ահաբեկիչներին՝ մարզում, զինում, ֆինանսավորում եւ բաց է թողնում սրանց մարդկության գոյությանը սպառնացողների դեմ: Ամերիկան վերջիններիս հետապնդում է ամենուր՝ Ամերիկայում, մերձավոր արեւելքում, աֆրիկայում, օվկիանոսում, երկնքում, անապատում, ամեն մի սարի գլխին ու ձորի մեջ, ամեն ծառի տակ եւ քարի ետեւում: Աննախադեպ առաքելության գիտակցությամբ նա պատրաստ է երկնքից միջուկային անձրեւներ թափել, կրակի հուրը երկինք հասցնել օվկիանոսների ընդերքում դեգերող սուզանավերից, պատերազմներ հայտարարել, քաղաքացիական առճակատումներ հրահրել, փորձնական եւ թիրախից շեղող ռմբահարումների ենթարկել հարսանեկան ծեսերը, թաղման թափորները, մանկապարտեզներն ու հիվանդանոցները հանուն այն բանի, որ կարողանա հայտնաբերել եւ վնասազերծել մարդատյաց չարիքը:
Եթե անհրաժեշտ լինի Ամերիկան երկրագունդը կպայթեցնի հանուն աշխարհի փրկության: Ամերիկան շանթահար է այդ գաղափարով եւ թվում է չկա ոչ մի ուժ, որը կարող է կասեցնել աշխարհը փրկելու այս աշխարհասասան ընթացքը:
Արտաշես Շահբազյան