կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-10 18:16
Իրավական

Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նախաքննությունն ավարտական փուլում է. ԱԱԾ

Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նախաքննությունն ավարտական փուլում է. ԱԱԾ

Քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի սպանությունը նախապատրաստած անձանց մասով գործի նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում: Այս մասին Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանի սպանության նախապատրաստության փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունում 2017թ-ի մայիսի 23-ին ՀՀ ՔՕ 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2017թ-ի հունիսի 14-ից իրականացվում է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում:

ԱԱԾ-ից մեզ հայտնեցին, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձանց, որոնցից 4-ը գտնվում են կալանքի տակ: Նշենք, որ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող անձինք կալանքի տակ են 2017-ի մայիսից, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող սպանության համար 2017թ-ի մայիսի 24-ին Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծվել էին Վազգեն Ղազախեցյանը, Արտակ Այվազանը, Արկադի Քոչինյանը: Իսկ Զոհրաբ Ղումաշյանը մեղադրվում է նախապատրաստվող սպանության օժանդակության մեջ:

«Քրեական գործով նշանակված տարատեսակ փորձաքննությունների եզրակացությունների զգալի մասը ստացվել են, դրանք գնահատվելու են գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ»,-ասված է մեզ ուղարկված պատասխանում:

Նշենք, որ այս գործով տուժող է ճանաչվել Արթուր Ասատրյանը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Դոն Պիպոյի մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է` քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյը` մահացած «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրը: Նույն աղբյուրների համաձայն` նա ևս այս գործի շրջանակներում հարցաքննվել է:

Էջմիածնեցի քրեական հեղինակություն Պիպոն, ով 2006թ-ից բնակվում է Իտալիայում, ներկայումս բիզնես գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում և եվրոպական այլ քաղաքներում: Վերջին մի քանի տարվա ընթացքում Արթուր Ասատրյանը տարբեր հարցազրույցներ է տվել` գովազդելով իր ընտանիքն ու ունեցվածքը: Այդ հարցազրույցներում նա հերքել է իր` քրեական հեղինակություն լինելը, սակայն փաստերն այնուամենայնիվ վկայում են նրա` տարբեր քրեական կլանների հետ կապի մասին: